Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿԱ ՇԵԿԻ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ» ԿԱՐԻԵՐԱՆ

Օգոստոս 14,2008 00:00

\"\"Երիտասարդ ռեժիսորը գոհ չէ հայաստանյան «կինոօրենքներից»

Մեծանուն գրող Աղասի Այվազյանի թոռնուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենիա Շեկոյան) լուրջ կարիերա է սկսել Գերմանիայում՝ իրականացնելով նաեւ հայ-գերմանական նախագծեր: Այնտեղ նա ուսանում է Քիլ քաղաքի գեղարվեստի բարձրագույն դպրոցում՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի (ՌԿՊԻ) ճանաչված ռեժիսոր Վ. Կոբրինի արվեստանոցն ավարտելուց հետո:

«Առավոտի» հետ զրույցում Ն. Շեկը հայտնեց, որ իր առաջին՝ «Ճանճը» մանկական ֆիլմը նկարահանել է 14 տարեկանում, մոր՝ Կարինե Վերդիյանի սցենարով: Մոսկվայում ուսանելու տարիներին ռեժիսորի նկարած ֆիլմերն արժանացել են պարգեւների, այդ թվում՝ «Ինչի մասին են երգում քարերը» վավերագրական նկարը 2003թ. Ֆ. Դովլաթյանի անվան կինոփառատոնում ստացել է «Հույս» մրցանակը, 2004-ին հայաստանյան «Ես եմ» փառատոնում «Այնտեղ տեսա ես աշխարհը» խաղարկային ֆիլմը, որը Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի դիպլոմային աշխատանքն է, արժանացել է Մեծ մրցանակի, նույն տարում «Պիանինոն»՝ գրված Ա. Այվազյանի սցենարով, Լոս Անջելեսի լավագույն ֆիլմերի փառատոնում շահել է մրցանակ «Լավագույն ֆիլմ եւ սցենար» անվանակարգում: «Այնտեղ տեսա ես աշխարհը» ֆիլմը արվեստագետի կյանքում առաջինն էր, որը մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Հանովերի:

Ն. Շեկից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է նրան հաջողվում Գերմանիայում, դեռեւս ուսանողի կարգավիճակում, կինո «արտադրել», այդ թվում՝ նաեւ հայ-գերմանական: «Գերմանիայում գործող կինոֆոնդերն ունեն ծրագրեր, որոնք աջակցում են ոչ միայն սկսնակ կամ երիտասարդ ռեժիսորներին, այլեւ իրենց երկրում ուսանողներին: Այդ ձեւով նկարահանել եմ «Այստեղ ծնվել եմ ես», «Պատրաստ ենք, սըր», «Մի թող երկինքն ընկնի» ֆիլմերը»,- նշեց ռեժիսորը: Շարունակելով երիտասարդներին աջակցելու թեման՝ Ն. Շեկը տեղեկացրեց, որ ինքը 5 ֆիլմ նկարահանել է «Սորոս» հիմնադրամի աջակցությամբ, որից երկուսը՝ գենդերային թեմայով, դրանցից մեկը «հանգրվանել» է «Գենդերային մոնտաժ» հավաքածուում, որտեղ ԱՊՀ երկրներից կա ընդամենը 7 ֆիլմ: Դիտարկմանը, թե որքանո՞վ է գենդերային թեմատիկան հարիր ավանդապաշտ հայերին, Ն. Շեկը ասաց. «Ինձ թվում է, ոչ թե կին-տղամարդ հավասարության թեման է մեզ այլասերում, այլ մեր կողմից հենց մեր հրաշալի ավանդույթների ոչ ճիշտ ընկալումը: Նաեւ չեմ կարծում, որ մենք նոր խոսք ունենք ասելու էրոտիկ ֆիլմերի ժանրում, պարզ պատճառով. սեքսուալ կուլտուրան գիտություն է ու արվեստ, ինչը մեզանում, ցավոք, դեռ բացակայում է»: Հաջորդ դիտարկմանը, թե կինոռեժիսորը հավանաբար այն եզակիներից է, որը ոչ մի բողոք չունի հայաստանյան TV-ներից, քանի որ վերջիններս պարտաճանաչ ցուցադրում են նրա երկու գործը՝ «Այնտեղ տեսա ես աշխարհը» եւ «Ինչի մասին են երգում քարերը», Ն. Շեկը ասաց. «Լավ կլիներ, որ TV-ներն աշխատեին քաղաքակիրթ երկրների օրինակով, պրոֆեսիոնալ կապ ստեղծվեր դրանց ու կինոռեժիսորների միջեւ: TV-ները օրենքով պարտավոր են վճարել ֆիլմի տիրոջը, ինչը Հայաստանում չի գործում: Նրանք գոնե պիտի թույլտվություն ստանան հեղինակից՝ ֆիլմերը ցուցադրելու համար, որովհետեւ հնարավոր է, օրինակ, ես, իմ այս կամ այն աշխատանքի հետ կապված, արտերկրում արդեն ունեմ պայմանագիր, որով արգելվում է այլ հեռուստաընկերություններին ցուցադրել դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել