Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն կադրերը չեն անտեսվի

Օգոստոս 14,2008 00:00

Աշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական

կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու հայեցակարգն այլեւս շրջանառության մեջ է:

«Առավոտը» տեղեկացրել է, թե ինչպես մի խումբ մտավորականներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ, դեռ անցյալ տարի աշնանը հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ ՀՀ առաջին դեմքերին առաջարկելով դրսի հեղինակավոր բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստումը դիտել որպես մեր պետության կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ եւ իրականացնել դրանից բխող համապատասխան քայլեր: Վերջինիս մեջ մտնում էր արտերկրում սովորողներին վերաբերող իրավական դաշտի կարգավորումը, նրանց համար մրցութային կրթաթոշակների, իսկ շրջանավարտների համար՝ գրանտների սահմանումը եւ այլն: Այս նախաձեռնության հեղինակները փորձում էին ապացուցել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է իր գիտական ներուժով եւ պատրաստ է տեր կանգնել իր այն կադրերին, որոնք սեփական գիտելիքների շնորհիվ հայտնվել են արտերկրի բարձրակարգ բուհերում:

Տեւական աշխատանքն ու ջանքերը վերջապես արդյունք տվեցին: Աշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու հայեցակարգն այլեւս պաշտոնապես դրված է շրջանառության մեջ եւ հետաքրքրվողները կարող են ծանոթանալ՝ այցելելով ԿԳ նախարարության կայքէջ՝ edu.am: Նպատակն է քաջալերել եւ օժանդակել աշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական կենտրոններում հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդների ուսանելը, աջակցել նրանց հետկրթական կարիերայի զարգացմանը: Առաջիկայում կստեղծվի աշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական կենտրոններում սովորող կամ շրջանավարտ հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդների, նաեւ հայաստանյան բուհերի լավագույն ուսանողների ցանց՝ AR-net, որը ժամանակակից աշխարհի մշտապես նորացող գիտելիքի եւ նորարարության ալիքը կկապի Հայաստանի հետ: Հայեցի մտածողության ամրապնդման նպատակով ցանցում ներգրավված անձանց համար եւ նրանց մասնակցությամբ նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի առկա եւ հեռավար էլեկտրոնային դասընթացներ, ներցանցային, արտացանցային առերես եւ էլեկտրոնային քննարկումներ:

Ըստ հայեցակարգի, օժանդակություն տրվելու է ինչպես միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով, պետական գերատեսչությունների, պետական ու ոչ պետական այլ կազմակերպությունների եւ հիմնադրամների կողմից բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բուհերի ու գիտակրթական կենտրոնների հետ կնքված պայմանագրերի հիման վրա սովորելու գործուղված, այնպես էլ սեփական ուժերով բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բարձրագույն գիտաուսումնական հաստատություններ ընդունվածներին: Ծրագրի շրջանակներում ոչ պետական կազմակերպություններն ու առանձին անհատները կարող են սահմանել սեփական կրթաթոշակներ՝ կոնկրետ բնագավառների գծով: Եվ, որ անչափ կարեւոր է՝ հայեցակարգի շահառուների եւ ՀՀ իրավահարաբերությունները կարգավորվում են «Կրթության մաuին», «Զինապարտության մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասին» ու այլ օրենքներով: Աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին եւ սփյուռքահայերին պետական օժանդակության ծրագիրն իրականացվում է համապատասխան լիազոր հիմնադրամի միջոցով: Վերջինիս ֆինանսական միջոցները ձեւավորվելու են պետական բյուջեի ամենամյա հատկացումներից, ոչ պետական կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից: Կրթաթոշակային մրցույթի հիմքում դրվելու է դիմորդի՝ ուսման մեջ բարձր առաջադիմությունից բացի, ուսումնառության բուհի (կամ կոնկրետ մասնագիտության, դասընթացի, գիտական դպրոցի) միջազգային վարկանիշը: Կրթաթոշակային մրցույթն անց է կացվելու տարբեր բնագավառներ ներկայացնող, գիտության մեջ ակտիվ գործող (բնագիտության ոլորտում՝ հղումների բարձր ցուցանիշով, high citation index) մասնագետներից կազմված հանձնաժողովների կողմից, որտեղ ներգրավված են լինելու արտասահմանյան ճանաչված, հեղինակավոր մասնագետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել