Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

Օգոստոս 14,2008 00:00

Որտե՞ղ են ավերված Ցխինվալի հայերը

\"\"Եթե կանգնես Ախալքալաք-Նինոծմինդա ճամփեզրին՝ կտեսնես հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ, որոնք ՀՀ են հասցնում Սեւ ծովի աջարական ափերին հանգստացող հազարավոր հայ զբոսաշրջիկների: Նրանք փախչում են ռուսական ռումբերից, որոնք օգոստոսի 8-ից, ի պատասխան վրացական իշխանությունների՝ Հարավային Օսիայի նկատմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի, թափվում են Վրաստանի քաղաքների վրա:

Բավրա մաքսատանը, որը Վրաստանը Հայաստանին կապող երեք ցամաքային անցակետերից է, աննախադեպ հերթեր են: Այստեղով են Հայաստան անցել նաեւ Ջավախքի մեր հայրենակից երիտասարդները՝ խուսափելու Վրաստանում հայտարարված զորահավաքից: Ջավախքի հայերը պնդում են, որ սա իրենց պատերազմը չէ, ինչպես իրենցը չէին համարում 1991-1992 թթ. վրաց-հարավօսական առաջին եւ 1992-1993 թթ. վրաց-աբխազական պատերազմները, որոնց հետեւանքով Թբիլիսին կորցրեց վերահսկողությունը ՌԴ անվերապահ աջակցությունը վայելող Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ, եւ այսօր փորձում է ռազմական ճանապարհով հետ ստանալ ցավալի կորուստները: Ջավախքի մեր հայրենակիցների մեծ մասն այս պատերազմի համար, որի հետեւանքով շուրջ 2000 մարդ է սպանվել, գերազանցապես՝ հարավօսեր, մեղադրում է Միխեիլ Սահակաշվիլուն, ով այս հունվարին կայացած նախագահական ընտրություններում հայաբնակ շրջաններում ստացել էր քվեների ավելի քան երեք քառորդը:

Սահակաշվիլու ցանկությունը՝ ռազմական ճանապարհով լուծել Հարավային Օսիայի խնդիրը, դարձավ վրաց-հարավօսական նոր պատերազմի առիթ, իսկ մի քանի ժամ անց պատերազմը վերածվեց ռուսական ագրեսիայի: Ռուսական զորքերը ոչ միայն վրացիներին դուրս քշեցին մինչեւ օգոստոսի 8-ի ռազմական դիրքեր, այլ մտան նաեւ Գորի, Զուգդիդի, ռումբեր նետեցին ՀՀ սահմանից 15 մղոն հեռու գտնվող Մառնեուլ եւ այլ քաղաքների վրա, որոնց շրջակայքում կան վրացական ռազմական օբյեկտներ:

Համաշխարհային գերտերությունները եւ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են դուրս գալ ճգնաժամից: Օգոստոսի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ռազմական գործողությունները դադարեցնելու վեց կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել, ըստ որի՝ կողմերը չպետք է դիմեն ուժի գործադրման, դադարեցնեն բոլոր մարտական գործողությունները, թույլ տան ազատ միջանցք մարդասիրական օգնության համար, ՌԴ եւ Վրաստանի զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչեւ օգոստոսի 8-ը: Վեցերորդ կետով պետք է գտնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ապագա քաղաքական կարգավիճակը: Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները մնալու են Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Ֆրանսիայի նախագահը Մոսկվայից ժամանել է Թբիլիսի: Սահակաշվիլին եւս համաձայնություն է տվել Ֆրանսիայի միջնորդությամբ ներկայացված ծրագրին:

Հայերը՝ ավերված Ցխինվալում

Ես բազմաթիվ անգամ եղել եմ Հարավային Օսիայում, վերջին անգամ՝ 2005-ին: Դրանից հետո խուսափում եմ այցելել այս չճանաչված հանրապետություն, քանի որ վրացական իշխանությունները ձերբակալում եւ քրեական պատասխանատվության են ենթարկում բոլոր օտարազգի քաղաքացիներին, ովքեր մտնելով Վրաստանի տարածք՝ իրենց անձնագրերում կրում են Հարավային Օսիա եւ Աբխազիա մուտքի-ելքի կնիք: Վրացական զինված ուժերը գրեթե ամբողջությամբ ավերել են Ցխինվալը, որտեղ կենտրոնացած էր Հարավային Օսիայի հայությունը: Այս պահի դրությամբ նրանց մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: ՀՀ լրատվամիջոցները եւս որեւէ տեղեկություն չեն հաղորդում, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում տեղյակ չեն, որ այդտեղ հայեր կան:

Ցխինվալում, որը հենց վրաց-հարավօսական սահմանին է եւ ռմբահարվում էր Վրաստանի տարածքից, եղել է վրաց թագավորների ամառանոցը: 1801 թ., երբ Վրաստանը կորցրեց անկախությունը եւ միացվեց ցարական Ռուսաստանին, վրաց Հերակլ Երկրորդ թագավորի կինը՝ Դերիջանը, Ցխինվալը վաճառեց հարուստ հայերին: Ցխինվալում հայերը հաստատվել են ավելի վաղ՝ 16-17-րդ դարերում, իսկ 1725-ին կառուցել են հայկական եկեղեցի, որը ժամանակին յուրացրել են վրացիները, ապա՝ օսերը: Ցխինվալի հայերը, որոնց բազմիցս հանդիպել եմ, հայերեն բացարձակապես չգիտեն: Թեեւ Հարավային Օսիան շատ մոտ է Հայաստանին (մեր երկրի հյուսիսից մինչեւ Ցխինվալ մոտ 100 մղոն է), այստեղ չկա հայկական դպրոց՝ վերջինը փակվել է մինչեւ 1950-ական թթ.: Տեղի հայերը հիմնականում ռուսախոս են: Ես 1999 եւ 2000 թթ. հանդիպել եմ երկու հայերի՝ Վախթանգ Սնխչյանին եւ Գասպար Սոմխիեւին, որոնք շատ վատ, բայց խոսում էին հայերեն, եւ նրանք են ինձ տեղեկություններ տվել Ցխինվալի հայության մասին: Քաղաքում այսօր էլ մնացել է մի փողոց, որը կրում է Արմյանսկայա անունը: 1989 թ. տվյալներով, նախքան վրաց-օսական հակամարտությունը, Ցխինվալում հայերի թիվը եղել է 984: Թե պատերազմից հետո քանի հայ է մնացել Հարավային Օսիայում՝ դժվար է ասել: Առաջիկայում կփորձենք ինչ-որ կերպ հեռախոսային կապ հաստատել Ցխինվալի հայերի հետ եւ ստանալ տեղեկություններ:

Վրաց-օսական հակամարտության անցյալից

Վրաց-օսական հակամարտության պատմությունը ողբերգական է եղել երկու քրիստոնյա ուղղափառ ժողովուրդների համար: Օսերը, որոնք իրանական ծագում ունեն եւ խոսում են պարսկերենին մոտ բարբառով, մեծ մասամբ քրիստոնյա են, իսկ լեռներում բնակվող օսերի մեջ կան մահմեդականներ: Խորհրդային տարիներին ինչպես Լեռնային Ղարաբաղը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այնպես էլ Հարավային Օսիան՝ Վրաստանի կազմում: Հյուսիսային Օսիան, որը սահմանակից է Հարավային Օսիային, ՌԴ կազմում ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ: Օսերը պնդում են, որ դեռ 1920-ական թթ., երբ պայքարում էին իրենց եղբայրներին՝ հյուսիսային օսերին միանալու համար, ենթարկվել են կոտորածների վրացիների կողմից: Այս պնդումները հերքում են վրացական աղբյուրները: Երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, ինչպես ԼՂ-ում եւ Աբխազիայում, այնպես էլ Հարավային Օսիայում սկսվեց հակամարտություն, որը վերածվեց պատերազմի: Սակայն վրաց-հարավօսական պատերազմը անհամեմատ փոքր էր իր ծավալներով: 1992 թ. վրաց-ռուս-օսական համաձայնագրով հաստատվեց հրադադար՝ ստատուս քվո: Շուրջ 3900 քառ. կմ տարածքով Հարավային Օսիայի մոտ 60%-ը մնաց օսերի վերահսկողության տակ, 40%-ը՝ վրացիների: Խաղաղության պահպանման համար սահմանվեց մի գոտի, որտեղ տեղակայվեցին վրաց-օս-ռուսական համատեղ խաղաղապահ ուժեր: 1992 թ. ի վեր վրաց-հարավօսական հակամարտությունն այնքան «սառեց», որ վերականգնվեցին կապերը շարքային օսերի եւ վրացիների միջեւ, մինչեւ 2005 թ., երբ հերթական անգամ սրվեց հակամարտությունը, Թբիլիսիից ավտոբուսներ էին աշխատում դեպի Ցխինվալ, օսերն ու վրացիները այցելում էին միմյանց, առեւտուր անում շուկայում:

Հարավային Օսիայով էր անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող երեք ցամաքային ճանապարհներից մեկը՝ Երեւան-Թբիլիսի-Էրգնեթի-Ցխինվալ-Ռոքի թունել-Վլադիկավկազ: Այս ճանապարհը փակվեց վրացական կողմից 2005-ին, երբ ռուսները փակեցին ռուս-վրացական սահմանային Վերին Լարս-Կազբեգի ճանապարհը, որով հենց հիմնական կապն էր ապահովվում նաեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Ռուս-վրացական ցամաքային երրորդ ուղին, որով անցնում է նաեւ աբխազական երկաթգիծը, փակ է 1992 թ. օգոստոսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել