Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ Գյումրիի կենտրոնական շուկայում

Օգոստոս 14,2008 00:00

Առեւտրականները բողոքի ալիք են բարձրացրել՝ իրենց «վզին փաթաթվող» նոր ծախսերի պատճառով

Երեկ վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական շուկայի առեւտրականները շրջափակել էին փողոցը՝ թույլ չտալով նույնիսկ քաղաքային տրանսպորտի ելումուտը: Սովորականի պես աշխատանքի ներկայանալիս նրանց զայրացրել էր այն, որ շուկայի սեփականատերը՝ «Պինգվին» ՍՊԸ-ի ղեկավարությունը, փակել է պարիսպը՝ արգելելով առեւտուրը: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ առեւտրականների, իրենք օրվա տեղի վարձը պարտաճանաչ վճարել են: Շուկայի սեփականատերը մանր ու միջին բիզնեսով զբաղվողներից պահանջել է անհապաղ գնալ պետռեգիստր ու գրանցվել որպես անհատ ձեռներեց: Առեւտրականների ներկայացմամբ, «տեղի վարձն» այնքան բարձր է, որ այլ հարկեր վճարելու ուժ չունեն:

Նրանք թերթի միջոցով դիմեցին վարչապետին. «Մենք բոլորս բանկերից վարկ ենք վերցնում ու առեւտուր անում, գիտեք, որ քաղաքի սաղ գործարանները թալանել ու կերել են, այնպես որ, հարգելի վարչապետ, ձեզանից պակաս մարդ չենք, բայց Գյումրիում աշխատատեղ չլինելու պատճառով ենք շուկայում կանգնում: Օրենքից էլ, հարկերից էլ չենք խուսափում, պարզապես մեր բողոքն այն է, որ սեփականատիրոջը էնքան մեծ գումար ենք վճարում, որ այլեւս փող տալու հնար չունենք: Պատկերացրեք, մեր շուկայում մի ձեռներեցը մինչեւ 110 հազար դրամ ու դեռ ավելի տեղի փող է տալիս: Այստեղ մի գծամետրը 55 հազար դրամ է, չհաշված՝ պահակի, էլեկտրաէներգիայի, շատ ներողություն՝ նաեւ տուալետ մտնելու ծախսերը: Լույսի փողը հեչի պես 1500 դրամ է գրում, պահակի ծախսը՝ 8 հազար, տուալետը՝ 50 դրամ, կարող է օրը տասը անգամ էլ օգտվես: Էլ չենք ասում, որ մեր սեփականատերը՝ չգիտես որտեղից հայթայթած քրջերը բերում ու մեզ հարկադրում է վաճառել, եթե չվաճառվի էլ, միեւնույն է՝ փողը մեզանից գանձում է: Էս բոլոր ծախսերը սեփականատերը գցել է մեզ վրա եւ եթե հիմա պարտադրում եք օրենքով աշխատել, հարկեր վճարել, ուրեմն սեփականատիրոջը հարկադրեք տեղի վճարը իջեցնի: Եթե գործն անում եք՝ ուրեմն լավ ուսումնասիրեք ու նոր արեք: Իսկ եթե էս ձեւով շարունակեք, վստահեցնում ենք, որ ձեր հաջորդ գալուց Գյումրին անմարդաբնակ կլինի»: Նրանք մատնացույց էին անում Գյումրիի մեկ այլ շուկա, որտեղ սեփականատերը, նրանց խոսքերով՝ մարալիկցի Շոթան, ընդառաջելով առեւտրականներին, տեղի վճարն իջեցրել է:

Այս առնչությամբ մենք պարզաբանումներ ստացանք նաեւ «Պինգվին» ՍՊԸ-ի տնօրինությունից: Ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Խոջոյանի խոսքերով, իրենց շուկայում, Հայաստանում գործող մյուս շուկաների համեմատ, տեղի վճարն ամենացածրն է, պայմանները՝ հարմարավետ. «Ժողովուրդ է, բորբոքված է, սուտ է ասում, մեզ մոտ պահակային ծառայությունն իրենց համար անվճար է, իրենց ապրանքն ապահով վիճակում է, ուժային աշխատանքից ազատել ենք իրենց՝ ապրանքը թողնում ու ապահով տուն են գնում: Իսկ էսօր ես շուկան չեմ փակել, շուկան բոլորի համար բաց է, թող ներկայացնեն անհատ ձեռներեցի գրանցման վկայագիրը եւ կանգնեն: Մենք շուկան մեր ուժերով կառուցել ենք ժողովրդի համար, իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Եթե չունեն այդ փաստաթուղթը, պարզ է, որ նույնիսկ չեն կարող մոտենալ տոնավաճառին, անկախ նրանից, թե այն ում է պատկանում. պիտի իրենց գործունեությունը օրինականացնեն, նոր միայն նրանց հետ պայմանագիր կկնքենք: Այլապես՝ մենք ենք պատմությունների մեջ ընկնելու, հարկայինը մեզ է վարչական տուգանքների ենթարկելու, որոնք բավականին մեծ չափերի են հասնում: Կարծում եմ, կառավարությունն իրենց համար մեծ գումարներ չի նախատեսել»:

Նշենք, որ կառավարությունը աղետի գոտու համար որպես հաստատագրված վճարի ամսական չափ (անկախ աշխատելու օրերից)՝ 1 քմ-ի համար նախատեսել է 330 դրամ եւ ամսական 5000 դրամ՝ սոցիալական վճար: Ի դեպ, բողոքի ակցիային միջամտեցին Գյումրիի ոստիկանները, որոնք շուկայի ժողովրդին «լուսավորելու» համար հրավիրեցին Գյումրիի հարկային պետական տեսչության պետի տեղակալին՝ Աշոտ Ավագյանին: Վերջինս առեւտրականներին կառավարության նոր որոշումը մանրամասն բացատրելուց ու նրանց հարցերին պատասխանելուց հետո, այնուամենայնիվ, չկարողացավ թաքցնել իր զարմանքը՝ լսելով շուկայի տեղի համար գանձվող գումարի չափերը:

Նշենք, որ օրերս Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով հարկային բարեփոխումներին, ասաց. «Չափազանց կարեւոր է, որպեսզի տոնավաճառների ղեկավարներն ու աշխատողները նույնպես համաձայնեն, որ աշխատեն օրինական դաշտում: Նրանց պահանջը, որ այսօր մեզ ներկայացնեն՝ մենք կստեղծենք հավասար պայմաններ բոլորի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել