Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ

Օգոստոս 14,2008 00:00

Այս օրերին հայաստանյան մի շարք տուրիստական գործակալությունների տնօրեններ իրենց հաճախորդներից «փախած են» ման գալիս եւ այցելուների հարցերին պատասխանելու համար իրենց ենթականերին են դեմ տալիս:

Վրաց-օսական հակամարտության պատճառով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնել պատրաստվող բազմաթիվ մարդիկ տոմսերն ու ուղեգրերը վերադարձնում են տուրիստական գործակալություններին՝ պահանջելով իրենց վճարած գումարները: Իսկ այն հազարավոր տուրիստները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ էին մեկնել Քոբուլեթի, Բաթումի, Ուռեկի կամ վրացական այլ քաղաքներ եւ դեռ հանգստանալու ժամանակ ունեին, փոշմանած հետ են գալիս ու կրկին տուրգործակալություններից պահանջում փոխհատուցել իրենց ծախսերը: Եվ քանի որ տուրօպերատորները վերադարձնում են միայն չմեկնած քաղաքացիների գումարները, ուստի հանգիստը կիսատ-պռատ վայելած տուրիստների հարցը մնում է «օդի մեջ»: Նրանց որեւէ տուրիստական գործակալություն չի պատրաստվում անգամ մի լումա վերադարձնել՝ պատճառաբանելով, որ իրենք ուղեգրի համար վճարած գումարներն արդեն փոխանցել են Վրաստանի հանգստյան տներին: Իրենց «գլխից ցրելու» համար գործակալությունների աշխատակիցները հաճախորդներին հորդորում են գումարները վրացիներից պահանջել:

Երեկ «Առավոտը» մի շարք տուրգործակալություններից հետաքրքրվեց, թե պատերազմի պատճառով որքա՞ն վնասներ են կրել եւ փոխհատուցելո՞ւ են, արդյոք, վնասներ կրած տուրիստներին:

Դեպի Վրաստան հանգիստ կազմակերպող «Ռոմեա» տուրգործակալության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք վերադարձնում են դեռ չմեկնած ուղեւորների վճարած ամբողջ գումարը, որն արդեն փոխանցել էին վրացական հանգստյան տներին՝ հույս ունենալով, որ իրենց հետ համագործակցության պայմանագիր կնքած վրացական ընկերություններն այդ գումարներն իրենց կվերադարձնեն:

Սակայն որոշ տուրգործակալություններից հայտնեցին, որ արդեն իսկ մեր տուրգործակալությունները հսկայական վնասներ են կրել, քանի որ մի շարք վրացական ընկերություններ չեն ցանկանում վերադարձնել հայկական տուրիստական գործակալությունների փոխանցած գումարները: Տուրգործակալություններից մեկի աշխատակցի խոսքերով, երբ մերոնք իրենց գումարները հետ են պահանջում, վրացիները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե «Հայաստանը ոչինչ չի արել այդ պատերազմը կանխելու համար»:

Մեզ հետ զրույցում գրեթե բոլոր տուրիստական գործակալություններից էլ հաստատեցին, որ իրենք վրաց-օսական պատերազմի պատճառով մեծ թվով հաճախորդներ են կորցրել եւ հիմա այլեւս Վրաստան ուղեւորափոխադրումներ չեն կատարում:

«Ֆըրսթ թրեվել» ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս օրերին իրենք Վրաստան ուղեւորներ չեն ուղարկում, քանի որ ճանապարհները վտանգավոր են: Այս ընկերության գրեթե բոլոր հաճախորդները հետ էին տվել իրենց տոմսերը: Ասացին նաեւ, որ իրենց վնասները չեն հաշվարկել, բայց որ կան վնասներ՝ դա արդեն փաստ է:

«Ալո» գործակալության մենեջեր Նարինե Ալեքսանյանն ասաց, որ իրենք այնքան էլ շատ տուրիստներ չեն տանում Վրաստան. «Մենք տոմսերի վերադարձեր չենք ունեցել, քանի որ մեր միջոցով այնտեղ գնացածներն արդեն վերադարձել են եւ այդ օրերին մենք մեկնող խմբեր չենք ունեցել»:

Թե, ըստ օրենքի, վնասներ կրած տուրիստներին ով պետք է վերադարձնի գումարները, «Առավոտի» հետ զրույցում իրավաբան Ա. Կ.-ն պարզաբանեց. «Եթե ուղեւորները դեռ չեն մեկնել եւ հանգստյան տունը պայմանագրով հաստատված ոչ մի գործարք չի իրականացրել, ապա մեր տուրիստական գործակալությունը պարտավոր է վերադարձնել ուղեւորի վճարած գումարները: Քանի որ քաղաքացիները պայմանագիր կնքել են հայաստանյան տուրգործակալությունների հետ, վերջիններս էլ պետք է վճարված գումարները հետ տան: Իսկ տուրգործակալություններն իրենց հարցերը պետք է լուծեն Վրաստանի հանգստյան տների հետ: Իսկ այն քաղաքացիները, որոնք արդեն մեկնել են եւ թեկուզ մի երկու օր եղել են հանգստյան տներում, նրանց գումարները ենթակա չեն վերադարձման, քանի որ տուրիստական գործակալությունները չէին կարող նախատեսել, որ Վրաստանը մեկ գիշերում կարող է պատերազմ սկսել: Այսինքն՝ ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվել: Սա, իհարկե, այն դեպքում, եթե այդ ուղեւորները չունեն համապատասխան պայմանագիր՝ ֆորս-մաժորային իրավիճակների վերաբերյալ»: Իրավաբանի խոսքերով՝ վրացական ընկերությունների հետ հարցերը կարելի է տարբեր կերպ լուծել, ասենք՝ դիմել դատարան կամ ներքին կարգով ինչ-որ համաձայնության գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել