Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆՈՊԿԱ» ՍԵՂՄԵԼՈՒ ԳՈՐԾ ԿԱ

Օգոստոս 14,2008 00:00

\"\"Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Կառավարությունն ունի հարցեր, որոնք հրատապ քննարկման եւ լուծման կարիք ունեն: Որպես հույժ կարեւոր հարց ներկայացվում էր Սեւանից ջուր բաց թողնելու հարցը, սակայն երբ ծանոթանում ես նստաշրջանի օրակարգին, պարզվում է, որ դա չէ էական հոգսը կառավարության համար: Իրականում կառավարությունը ձգտելու է անցկացնել մի շարք օրենքների փոփոխություններ, որոնցով կիրականացնի արդեն հայտարարված մի շարք քայլեր, ասենք՝ ՀԴՄ-ների տեղադրումը տոնավաճառներում, կամ՝ հարկային որոշ փոփոխություններ, որոնց մասին մարդիկ խոսում են, բայց դեռ պարզ չէր, թե ինչն է փոխվելու եւ ինչպես: Նայելով արտահերթ նիստի օրակարգը, զգացվում է, որ կառավարության տրամադրվածությունը մարտական է՝ կառավարությունն անպայման ուզում է այս օրինագծերը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ միանգամից ընդունել հենց արտահերթի ընթացքում:

Շտապողականությունը երեւում է անգամ անզեն աչքով: Մնում է, որ բադենբադեններում, բուլղարիաներում, պեկիններում, մոսկվաներում եւ գլոբուսի այլ անկյուններում «սեւացող» պատգամավորներին նույն շտապողականությամբ լուր ուղարկեն, թե հարկավոր է թողնել ամեն ինչ եւ վերադառնալ հայրենիք՝ արտահերթ մի քանի կոճակ սեղմելու կարիք կա: Մեր տեղեկություններով, դա հեշտ չի լինելու, քանի որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը մշտապես դասից փախչող աշակերտի պես վատ սովորություն ունի՝ հետաքրքրվելով, թե նիստին գալո՞ւ է իր կողքին կամ գոնե կողքինի կողքին նստողը, վերջինիս «մեսիջ» է ուղարկում՝ «ապեր ջան, իմ կնոպկան էլ սեղմիր»: Այնպես որ, չի բացառվում, որ եկող երեքշաբթի խորհրդարանի դահլիճը կիսադատարկ լինի, բայց բոլոր հարկավոր օրենքները կընդունվեն օրենքով սահմանված ձայների քանակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել