Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Աստված չէի, այդ մարդու համար գոնե կիսաաստված էի»

Օգոստոս 14,2008 00:00

Երեկ, պատասխանելով մեր հարցին՝ իր կողմից նոր ստեղծվելիք լիբերալ կուսակցության մեջ չկա՞ն մարդիկ, որ դարձյալ իրենից կվերցնեն կուսակցությունը, ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Լիբերալ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խոստովանեց, որ այս հարցում որեւէ մեկը երաշխիք չունի. «Կփորձենք ավելի զգույշ եւ ուշադիր լինել»: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախկին նախագահից կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանը «վերցրեց» կուսակցության անունը, կնիքը, եւ Հովհաննես Սերգեեւիչը ստիպված էր ստեղծել նոր կուսակցություն, որը կանդամակցի Հայ ազգային կոնգրեսին՝ որպես «լիիրավ անդամ»:

«Հայացք» ակումբում երեկ հյուրընկալված Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է հուժկու եւ ազդեցիկ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ օրը կհայտարարի քայլերի հաջորդականությունը: Ընդդիմության յուրաքանչյուր հանրահավաքից առաջ հնչում են որակումներ՝ հուժկու, վերջնական, շրջադարձային… Նման որակումներ հնչեցին նաեւ օգոստոսի 1-ից առաջ, եղավ հանրահավաքը, իրոք՝ մարդաշատ, իրոք՝ ազդեցիկ, սակայն մարդկանց դարձյալ տուն ուղարկեցին եւ հրահանգեցին մեկ այլ «հուժկու»-ի հավաքվել՝ սեպտեմբերի 5-ին: Ակամա զուգահեռներ ես անցկացնում 2003-2004-ի հետ եւ մտածում, որ քիչ բան է փոխվել. այն ժամանակ էլ էին հանրահավաքները բազմամարդ, եւ մարդկանց էլի տուն էին ուղարկում՝ նորից գալու կոչով: Ոմանք, ի դեպ՝ այսօրվա ընդդիմության մի մասը, անգամ հեգնում էին, թե «ազգընտիրը»՝ Ստեփան Դեմիրճյանը, հյուրեր ուներ եւ այդ պատճառով մարդկանց վերջնական գրոհի չհանեց: Այսօր գրեթե նույն գործիչներն են հրապարակում եւ դարձյալ հայտարարում են՝ իրենք գիտեն ինչ անել, ումով անել եւ երբ անել: «Առավոտն» այս դիտարկումներից հետո Հ. Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ այս հայտարարություններից հետո ի՞նչ եք անելու կոնկրետ, գրոհելո՞ւ եք «Բաստիլը», մանավանդ, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ նոր ընտրություններ չի ուզում՝ հոգնած է: Ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Համաձայն չեմ, էդպես չի, եթե կարծում եք, թե պիտի առաջին իսկ հանրահավաքով գնայինք Բաղրամյան փողոցը փակեինք, ասեինք՝ Սերժիկ, հեռացիր (հիշեցրինք, որ դա էլ է ասվել, բայց հնչել է «Ռոբերտ, հեռացիր» կոչը- Մ. Ե.), արել ենք, բայց չի ստացվել, չէ՞, հիմա պիտի այնպես արվի, որ գնալու, անելու դեպքում էդ խնդիրը լուծում ստանա: Դրա համար պիտի ներքին եւ արտաքին ճնշումների մակարդակը հասցնել նրան, որ իշխանությունները «լյուֆտի» տեղ չունենան՝ ոչ ներքեւ, ոչ վերեւ, այդ դեպքում հանրահավաքները կհասնեն նպատակին: Հիմա անում ենք դա, եւ, կարծում եմ, հասել ենք նրան, որ իշխանություններն այլ քայլեր անելու հնարավորություն չունեն, սահմանափակված են, չեն կարող ասել, որ հոգնել են, ընտրություն չեն անում: Եթե մարդը շատ հոգնած է՝ կարող է գնալ սանատորիա՝ հանգստանալու: Սա մեծ քաղաքականություն է, ցավոք, սովորել ենք, որ պարբերաբար ընդդիմությունը դուրս է եկել փողոց, միտինգներ արել, իշխանություններն արհամարհել են, հիմա այդ վիճակը չի, նրանց տեղաշարժը՝ վերեւ-ներքեւ, շատ սահմանափակված է»:

Հ. Գ. Շաբաթ օրը, 14.00-ին, Մելիք-Ադամյան 1 հասցեում տեղի կունենա եւս մեկ կուսակցության ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել