Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ

Օգոստոս 14,2008 00:00

Ամառվա ազդեցության տակ

«Մենք շատ լուրջ ենք ընդունել կոալիցիոն համաձայնագիրը, եւ եթե տեսնենք, որ այն չի կատարվում, չի իրագործվում, բնականաբար, մեր ինքնուրույն ճանապարհը կընտրենք»,- նախորդ շաբաթ այսպիսի հայտարարություն է արել ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ընդունելով, որ կան այսօրվա իշխանություններից դժգոհողներ, պարոն Հովհաննիսյանը յուրովի է «տեսակավորել» այդ դժգոհությունը: Դժգոհողների մեծ մասը, ըստ դաշնակցական պատգամավորի՝ օբյեկտիվ դժգոհողներ են. «Բայց մինչեւ հիմա այդ մարդկանց դժգոհությունը կարողանում է օգտագործել իր շահերի համար մի այլ դժգոհ տարր՝ սուբյեկտիվ դժգոհները. սա ՀՀՇ-ն, իր առաջնորդը եւ իրենց արբանյակներն են: Սրանց դժգոհությունը օբյեկտիվ բնույթի չէ, որովհետեւ երկրի կյանքի հետ չի կապված, կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք իշխանությունը կորցրել են եւ շանս են որոնում այդ իշխանությունը վերադարձնելու: Սրանց դժգոհությունը կարելի է բավարարել միայն մի ձեւով՝ նրանց իշխանություն տալով, որը անթույլատրելի եւ կործանարար եմ համարում Հայաստանի համար»: Իսկ թե ինչո՞վ է օգտակար եւ թույլատրելի կոալիցիոն չորս ուժերին իշխանություն տալը, պարոն Հովհաննիսյանը, իհարկե, չի բացատրել:

Նույն իշխանության ներսում այսօր այնքան խութեր եւ այնքան դժգոհողներ կան, որ եթե այն վերածենք թվերի, շատ ավելին կլինի, քան իշխանությունից դուրս գտնվողների թիվը:

Հասկանալի է, որ ամառ է, եւ մարդիկ ուղղակի քաղաքական խոսակցությունների հավես չունեն, սակայն նաեւ հասկանալի է, որ ինչ-որ էական բան է փոխվել իշխանության ներսում, կուսակցականությունը կամ քաղաքական մտածողությունը իրենց տեղը զիջել են անհասկանալի եւ առայժմ անանուն ինչ-որ վիճակի: Իշխող կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր սովորաբար շատախոս են եւ անգամ անառիթ իրենց գեոքաղաքական տեսակետները փորձում են փաթաթել մարդկանց վզին, այսօր, ժողովրդի խոսքով ասած՝ տազ են արել եւ չեն ուզում մարդամեջ դուրս գալ: Ինչ-որ բան ակնհայտորեն կատարվում է ներիշխանական կառույցներում, պատգամավորների, քաղաքական գործիչների հետ: Մեր բոլոր ջանքերը, բոլոր փորձերը՝ ներքաղաքական, ներկուսակցական, ներկոալիցիոն խնդիրների շուրջ զրուցել իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, արդեն տեւական ժամանակ անցնում են անպտուղ: Մարդիկ անկեղծորեն ասում են՝ ինչո՞ւ ես ուզում անցավ գլուխս դնել ցավի տակ, թող հանգիստ ապրեմ, բա ինձ պե՞տք է, որ խառնվեմ իրենց գործերի մեջ, դրանք ես չեմ սկսել, դրանց հետ ինքս կապ չունեմ եւ դրանցից ինքս շատ ավելի դժգոհ եմ, քան դուք կամ շարքային որեւէ քաղաքացի:

Այս «սպառիչ» պատասխանները մեզ հետ զրույցներում հնչեցնում են բոլոր կամ գրեթե բոլոր ձեզ հայտնի իշխանական գործիչները: Երբ պարզապես ստիպված ես լինում համառել ու հարցնել՝ լավ, եթե այդքան դժգոհ եք, եթե ձեր կուսակցական լիդերի այս կամ այն քայլը կամ բոլոր քայլերը միասին վերցրած ձեր կուսակցական սրտով չեն, ինչո՞ւ չեք ընդվզում, ինչո՞ւ կուսակցական խորհրդի նիստերում հարց չեք բարձրացնում, ինչո՞ւ, կոմունիստների լեզվով ասած՝ ի ցույց չեք դնում մարդկանց, ում ծավալած գործունեությունից այդքան դժգոհ եք: Պատասխանը լինում է նույնը՝ դե լավ, էլի՜, դու մեզնից լավ գիտես՝ ինչը չենք անում եւ ինչու չենք անում, էլ իզուր ի՞նչ ես ուզում, որ ասենք: Այ, սա է այսօրվա կոալիցիան, եւ սրանք են այն գործիչները, ում «վստահված» է երկրի կառավարումը, ովքեր պատեհ եւ անպատեհ հիշեցնում են, որ իրենք են իշխանությունը եւ որ իշխանությունն իրենցն է: Հիշեցնում են, թե ընտրողների քանի ձայն եւ քվե են ստացել եւ «մոռանում» են հիշել, թե ինչպես են ստացել: Էս են, ուրիշ ի՞նչ ակնկալես մարդկանցից, ովքեր անզոր են եւ սարսափելի անտարբեր: Իրենք կարող են իրենց տներում, զոքանչների կամ սեփական կանանց մոտ խոսել, բողոքել, իրերը իրենց անունով կոչել, բայց հաջորդ օրն իսկ նույն այդ գործիչները «շեֆի» հետ կարող են «անբռնազբոս» զրույց ունենալ Պեկինում մեր բրոնզե մեդալների, Սեւանի ջրի եւ այս կարգի այլ բաների մասին: Կարեւորը՝ իրենց բիզնեսը չտուժի, իրենց «էշին չո ասող չլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել