Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ «ԱՇԽԱՏՈՒԺԸ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Օգոստոս 13,2008 00:00

Հայաստանցիներն աշխատանք են գտնում Թուրքիայում

Ստամբուլի Հայոց պատրիարքարանի շրջակայքի նեղլիկ փողոցներով քայլելիս կարելի է լսել արեւելահայերեն խոսողների: Ինտերնետային հեռախոսակապի կետերում նույնիսկ հայերեն տառերով գրություններ կան՝ «մեկ րոպեի արժեքը…» Երեւան, Վանաձոր խոսելու համար: Պատրիարքարանի շրջակայքում մոտ 3-5 հազար հայաստանցի է ապրում: Այս թիվը նշեցին համայնքի խնդիրներով հետաքրքրված մի քանի պոլսահայեր (անունները չենք հրապարակում՝ նրանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով): Ստամբուլում հայաստանցիները հազվադեպ են եկեղեցի գնում: Պատճառն, ամենայն հավանականությամբ, վախն է: Եկեղեցիների մուտքերի մոտ դրված են տեսախցիկներ, եւ յուրաքանչյուր այցելու հայտնվում է անվտանգության աշխատակիցների տեսադաշտում: Պատրիարքարանի շենքն ուժեղացված հսկողության տակ է, հենց դիմացը անվտանգության աշխատակիցների տնակն է, տարբեր հատվածներում տեղադրված են տեսախցիկներ:

Հայաստանցիները Թուրքիա սկսեցին գնալ 1992-ից: Նրանք իրենց հետ տանում էին զանազան էլեկտրական իրեր, հուշանվերներ, հախճապակե ջահեր, կոնյակ, ինչպես նաեւ՝ սննդամթերք: Սկզբնական շրջանում, ինչպես պատմում էին պոլսահայերը, օժանդակելու համար գնում էին այդ ապրանքները: «Բայց հետո հասկացրինք, որ դրանք մեզ պետք չեն, այլեւս չենք կարող գնել»,- ասաց Հարությունը: «Ակոսի» լրագրողներից մեկը հիշեց, թե ինչպես երկու կին մի քանի հսկա ճամպրուկներով հայերեն գրքեր էին բերել Ստամբուլ՝ մտածելով, որ այստեղ հայերեն գիրք չկա: Տեսնելով, որ հայկական ապրանքը չի իրացվում, հայաստանցիները սկսեցին Թուրքիայից ապրանք բերել: Նրանք այստեղ մնալու մասին դեռ չէին մտածում: Վախ կար մեջները:

«Հայաստանցիներին սկզբից շատ ուրիշ էինք ընդունում: Բերում էինք մեր տուն, գործ էինք գտնում նրանց համար: Մենք բաժակաճառ չունենք: Նրանք մեր տանը այնպիսի բաժակաճառեր էին ասում Նոր տարուն, որ հուզվում էինք: Ասում էին՝ ժամ առաջ հասնենք տուն, մեր երկիրը: Ես մտածում էի՝ ասոնք կաշխատեն, փող կհավաքեն, ետ կգնան: Բայց լրիվ հակառակը եղավ՝ ամուսնացան, կացություն ձեռք բերեցին, քրդերի, թուրքերի հետ ամուսնացան: Հետո բաներ իմացանք, որ շատ զարմացրեց մեզ: Մենք աշխատանք էինք գտնում, իսկ դրա համար մեկը մյուսից կոմիսիոն էր վերցնում: Պասպորտները կվերցնեն մեկը մյուսեն, որպեսզի եթե դրամը չտա՝ պասպորտը չպիտի տա: Մենք երկու տարի ետքը իմացանք այս բանը»,- հիշում է պոլսահայ Գ.-ն:

Այնուհետեւ հայերը սկսեցին այստեղ մնալու տարբերակներ գտնել: Թուրքիայի սահմանին ստանում էին 30-օրյա մուտքի թույլտվություն: Մի մասը ժամկետն ավարտվելուց հետո ետ էր գալիս Վրաստան, սահմանն անցնում, այնուհետեւ նորից վերադառնում՝ ստանալով 30-օրյա մուտքի նոր թույլտվություն: Կանանց որոշ մասն իսկապես ամուսնացավ տեղացիների հետ, չնչին տոկոս են կազմում նրանց մեջ պոլսահայերի հետ ամուսնացածները, մնացածները թուրքերի եւ քրդերի հետ ամուսնացան ու դարձան այդ երկրի քաղաքացիներ: Արվել են նաեւ գործարքներ, ասենք՝ կանայք «բաժանվել» են իրենց ամուսիններից, ամուսնացել թուրքերի եւ քրդերի հետ, մեկ-երկու տարի հետո բաժանվել են եւ նորից ամուսնացել իրենց ամուսինների հետ: Մեզ չհաջողվեց պարզել, թե որքան փող են ծախսում նման գործարք կատարելու համար: Ստամբուլում հանդիպեցինք երեւանցի մի կնոջ, որը հենց այս ճանապարհով է քաղաքացիություն ստացել, եւ այսօր նրա ամուսինը եւ երկու երեխաները Թուրքիայի քաղաքացիներ են: Քանի որ ոչ մի հետազոտություն, ուսումնասիրություն չի կատարվել, իրավամբ դժվար է ասել, թե որքան հայաստանցիներ են ընդունել Թուրքիայի քաղաքացիություն: Հայաստանցիների հիմնական մասն ապրում է Թուրքիայի երկու քաղաքներում՝ Ստամբուլում եւ Տրապիզոնում: Ինչպիսի՞ աշխատանք են կատարում հայաստանցիները Ստամբուլում: Մի նախադասությամբ կարելի է ասել՝ ցանկացած աշխատանք: Բայց փորձենք դասդասել: Հիմնական աշխատուժը կանայք են:

1. Խնամակալ կանայք: Նրանք խնամում են ծերերի եւ երեխաների՝ ամսական 600-700 դոլար աշխատավարձով: Սա համարվում է լավ գործ հայաստանցիների համար, քանի որ այս դեպքում փաստաթուղթ անհրաժեշտ չէ եւ բռնվելու ռիսկ չկա: Նրանք ապրում եւ սնվում են այդ ընտանիքներում: Այսինքն՝ տուն վարձելու, սննդի վրա փող ծախսելու անհրաժեշտություն չկա: Եթե տերերն առատաձեռն են, ապա աշխատավարձը բարձրանում է մինչեւ 1000 դոլար:

2. Մեծ խումբ են կազմում տներում մաքրություն անող կանայք: Սա էլ է համարվում լավ գործ: Ամսական վարձատրությունը՝ 300-500 դոլար կամ ավելին՝ կախված տանտիրոջից: Կանանց մի մասը նման աշխատանք կատարում է երկու տարբեր տներում: Պոլսահայերն ավելի քիչ են վճարում, քան թուրքերը: Եվ լեզուն սովորելուց հետո հայ կանայք աշխատանք են փնտրում թուրքերի մոտ:

3. Առեւտրի եւ սպասարկման ոլորտում ընդգրկված կանայք: Նրանք աշխատում են վաճառատներում, մեծածախ առեւտրի կետերում, հյուրանոցներում եւ ռեստորաններում:

4. Կա կանանց մի խումբ, որն ընդգրկված է սեքս-բիզնեսում: Նրանք հիմնականում Տրապիզոնում են եւ ծովափնյա հանգստյան վայրերում: Նրանց թվի մասին էլ ոչ մի տեղեկություն չկա: Բայց Հայաստանում թրաֆիքինգի դեմ եղած դատական գործերում հաճախ կարելի է հանդիպել զոհերի, որոնք սեփական ցանկությամբ կամ խաբեության արդյունքում հայտնվել էին այդ ցանցի մեջ: Կան հայտնի կավատներ, որոնք տարիներ շարունակ հետախուզման մեջ են Հայաստանի իրավապահների կողմից եւ Ինտերպոլով: Նրանք մշտապես բնակվում են Թուրքիայում: Նրանցից մեկը՝ իջեւանցի Գոհարը, ամուսնանալով թուրքի հետ՝ փոխել է ազգանունը եւ դարձել հայաստանցի կանանց աշխատեցնող հիմնական անձը Տրապիզոնում: Բայց սա առանձին նյութ է, եւ «Հետքն» անպայման կանդրադառնա դրան: Թուրքիայում հայ կինը, դառնալով հիմնական աշխատուժ, ընտանիքի ամբողջ բեռն իր վրա էր վերցնում, եւ դրանից հետո շատերը սկսեցին ամուսնալուծվել: Պոլսահայ Կ.-ն այսպես է բացատրում ամուսնալուծությունների այդքան մեծ թիվը. «Հոս եկողը բաժնվեցավ: Ամուսինը տանը կնստեր, կինը կաշխատեր: Կինն էլ ազատություն գտավ: Իրավունք ունի, ինքը կաշխատի: Իսկ ամուսինները ոչինչ չէին ուզում անել»:

Աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է տղամարդկանց համար: Նրանք օրինական չեն կարող աշխատել որեւէ ձեռնարկությունում: Հիմնականում աշխատում են ֆաբրիկաներում կամ շինարարության վրա, կան որոշ թվով ոսկերիչներ: Ֆաբրիկաներում նրանք կոշկակարներ են, դերձակներ, բեռնակիրներ: Շինարարությունում հիմնականում բանվորություն են անում: Նրանց բռնվելը կարող է մեծ գլխացավանք դառնալ նաեւ գործատուների համար: Այդ իսկ պատճառով տեղի հայերը զգուշանում են հայաստանցի գործավորներ պահելուց: Ապօրինի աշխատողի համար նախատեսված տուգանքը մոտ 1500 դոլար է: Բռնելու դեպքում ոստիկանությունը միգրանտի աշխատած փողը ձեռքից վերցնում է եւ արտաքսում: Հայտնի չէ՝ Թուրքիայի բանտերում հայաստանցիներ կա՞ն, թե՞ ոչ: Մի պոլսահայ այսպես ասաց. «Չկան, քանի որ նրանցով զբաղվող չկա: Այսինքն՝ տեղեկություններ չկան»:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել