Ութ տարի՝ առանց մեդալի
Անկախ Հայաստանի պատմության առաջին ու առայժմ միակ օլիմպիական ոսկե մեդալը 1996 թվականին Ատլանտայում կայացած խաղերում նվաճել է հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանը: Դրանից հետո նա հանդես է եկել Բուլղարիայի դրոշի ներքո ու Սիդնեյում (2000 թվականին) դարձել կրկնակի օլիմպիական չեմպիոն:
Իսկ Հայաստանի մարզիկներից օլիմպիական վերջին մեդալը՝ բրոնզե, բաժին է հասել ծանրորդ Արսեն Մելիքյանին: Դրանից հետո հայ մարզիկները ձեռնունայն տուն վերադարձան Աթենքում կայացած օլիմպիական խաղերից:
Հաշվարկն սկսեց Ռոման Ամոյանը
Օգոստոսի 12-ը Հայաստանի մարզական կենսագրության գրքում գրանցվեց որպես օլիմպիական նոր նվաճումների հիմնադրման օր: Երեկ մեր մարզիկները Պեկինում նվաճեցին միանգամից երկու բրոնզե մեդալ: Հաշվարկն սկսեց հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի 2006 թվականի չեմպիոն, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Հայ մարզիկը վիճակահանությամբ մեկնարկային տուրում ազատ էր: Դա մի կողմից լավ էր, քանի որ այդ դեպքում նա ավելորդ էներգիա չէր ծախսելու, իսկ մյուս կողմից ուներ իր բացասական կողմը, որովհետեւ արդեն 1/8 եզրափակիչում Ռոմանը պայքարի մեջ էր ներգրավվելու օլիմպիական մրցագորգի «համն արդեն տեսած» մրցակցի հետ: Սակայն երիտասարդ, բայց արդեն միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ ունեցող հայ մարզիկը նախ առավելության հասավ ուզբեկստանցի Ասսետ Իմանբաեւի նկատմամբ, այնուհետեւ պարտության մատնեց Լաշա Գոգիտաձեին (Վրաստան) ու մտավ կիսաեզրափակիչ: Ափսոս, որ հայ մարզիկը չկարողացավ հաղթահարել նաեւ այդ արգելքը: Նա այս փուլում տանուլ տվեց ադրբեջանցի Ռովշան Բայրամովին՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Նույն օրը մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Կարեն Մնացականյանը, նախնական փուլից հետո վերածվեց հանդիսականի, իսկ 20 մասնակիցների ցուցակում զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում Բուլղարիայի դրոշի պատիվը պաշտպանող օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը բավարարվեց միայն 7-րդ տեղով:
Երկու հաջող մոտեցումով՝ «բրոնզ»
Հայ մարզասերները, թերեւս, ամենից շատ հույսեր կապում են ծանրորդների հետ: Այդ հույսերը երեկ արդարացրեց 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որն այս մարզաձեւի մեր վեց ներկայացուցիչներից երեկ առաջինը մտավ մրցահարթակ:
Ճիշտ է, գյումրեցի մարզիկը չկարողացավ կրկնել իր համար սովորական արդյունքները, բայց անգամ այդ պարագայում դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Տիգրանը երկու մրցաձեւերում՝ պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական հաջող մոտեցում՝ առաջինում բարձրացնելով 153 կգ, երկրորդում՝ վերջին մոտեցումով սանձելով 185 կիլոգրամը: Երկամարտում ցույց տալով 338 կգ՝ նույնքան, որքան ֆրանսիացի Դաբայան, միայն անձնական քաշի պատճառով վերջինին զիջեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանը:
Հետո տեղեկացանք, որ ՎԱԴԱ-ն մեկնարկին նախորդած չորս օրերին Տիգրանին չորս անգամ դոպինգ ստուգման է ենթարկել՝ օրական նրանից վերցնելով 100-ական գրամ արյուն, ինչը միանշանակ թե հոգեբանորեն, թե ֆիզիոլոգիապես բացասական է անդրադարձել մարզիկի վրա:
Դիպուկությունն այս անգամ այն չէր
Հրաձիգ Նորայր Բախտամյանը Պեկինում հանդես եկավ իր հնարավորություններից անհամեմատ ցածր: Երեկ նա իր նախասիրած օդամուղ ատրճանակով 50 մետր մրցաձեւում նույնպես առանձնապես աչքի չընկավ դիպուկությամբ եւ, նախնական շրջանում խոցելով ընդամենը 555 միավոր, չմտավ եզրափակիչ, հետեւաբար՝ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Մինչդեռ, Նորայրն Աթենքում ոչ միայն հանդես էր գալիս եզրափակիչում, այլեւ մինչեւ 8-րդ կրակոցը միանձնյա գլխավորում էր պայքարը: Եվ միայն մեկ անհաջող կրակոցի պատճառով ստիպված եղավ բավարարվել 4-րդ տեղով:
Նալբանդյանն առաջ է գնում
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող հանդես գալ օլիմպիական կորտերում: Երեկ նա երկրորդ շրջանում կրկին առանց մեծ ջանքեր գործադրելու 6:2, 6:1 հաշվով առավելության հասավ չիլիացի ճանաչված թենիսիստ Նիկոլաս Մասսուի նկատմամբ: Երրորդ փուլում Նալբանդյանի մրցակիցը լինելու է ֆրանսիացի Գաել Մոնֆլիսը:
Այսօր ավելի հետաքրքիր կլինի
Այսօր օլիմպիական մրցասպարեզ մտնող հայաստանցի մարզիկներից ավելի հետաքրքրական են հունահռոմեական ըմբիշներ Արման Ադիկյանի՝ 66 կգ քաշային կարգ, Արսեն Ջուլֆալակյանի՝ 74 կգ, ծանրորդներ Գեւորգ Դավթյանի եւ Արա Խաչատրյանի (երկուսն էլ 77 կգ), ինչպես նաեւ բռնցքամարտիկ Հրաչյա Ջավադյանի մրցելույթները: