Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը «հասավ» Ֆրանսիական դեսպանատուն

Օգոստոս 13,2008 00:00

\"\"Իսկ ԱԱԾ նախկին աշխատակիցների դատավճիռը Վերաքննիչը չփոխեց

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Վերաքննիչ դատարանը թույլ չէր տվել մասնակցել ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի գործի վերաքննությանը: Մեզ հետ զրույցում պարոն Մինասյանը հույս էր հայտնել, որ գոնե այդ գործով արդարադատությունը կհաղթանակի, սակայն արդարադատությունը գոնե այս գործով չհաղթանակեց, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ, այսինքն՝ ԱԱԾ նախկին աշխատակիցներ, մարտյան դեպքերի ժամանակ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկի աշխատակիցների մասով վճիռը՝ երկու տարի ազատազրկում, մնաց նույնը:

Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը հերթական նիստի փոխարեն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա այս ուրբաթ: Ի դեպ, մեր թերթի երեկվա հրապարակման առիթով հանձնաժողովի նախագահը զրույց է ունեցել գլխավոր դատախազի հետ եւ մեզ հայտնեց, որ, իր կարծիքով, ճիշտ կլինի, որ այսուհետեւ հանձնաժողովի անդամների մասնակցությունը այս կամ այն դատական նիստերին տեղի ունենա համապատասխան գրությամբ, որպեսզի որեւէ մեկը այսուհետեւ չփորձի բացատրել, որ տվյալ անձը ոչ թե հանձնաժողովի անդամ է, այլ՝ միայն պատգամավոր: Փաստորեն, նման «բացատրություն» եղել է:

Հանձնաժողովի անդամները առաջիկա նիստերում ձեռնամուխ են լինելու մարտի 1-ի ժամը 11-ից հետո Ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձությունների քննությանը: Մինչ այդ՝ հանձնաժողովը պատրաստվում է հանդիպման հրավիրել կրիմինալիստի, որը հանձնաժողովին պետք է ներկայացնի զենքերի, պայթուցիկ նյութերի, նռնակների եւ այլնի փորձագիտական ուսումնասիրության հետ կապված որոշ հարցերի պատասխանները:

Մեր հարցին՝ հանձնաժողովը մտադի՞ր է դարձյալ հրավիրել հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանին, Սամվել Նիկոյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ նրան կկանչեն «արդեն Թատերական հրապարակից դուրս ոստիկանական գործողությունների վերաբերյալ հարցեր տալու, կհրավիրենք, երբ կգա ժամանակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել