Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՖԻԼՄԵՐԻ ԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՏԵԿՏՈՐ

Օգոստոս 13,2008 00:00

Հայ երգիչ-երգչուհիների տեսահոլովակները խոսում են իրենց «տերերի» մտահորիզոնի ու ճաշակի մասին

Հայ երգիչ-երգչուհիների վերջին տեսահոլովակները հիմնականում մարտաֆիլմ են հիշեցնում: Օրինակ, Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ» երգի տեսահոլովակում (ռեժիսոր՝ Սերժ Գաբրիելյան) հարսնացուն՝ նույն ինքը՝ Սիլվան, ինքնաձիգով «ջնջում» է բոլորին, ատրճանակով էլ՝ մի քանիսին, որովհետեւ նրա փեսացուն, որ «Ալֆա» ջոկատից է կամ դրա նման մի բան, աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողանում իր հետ ամուսնանալ: Մոտավորապես նույն թեմայով է նրա «Քոնը չեմ» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Սերժ Գաբրիելյան): Այստեղ էլ ծանր զրահատեխնիկա՝ տանկ կա, Սիլվան էլ վարդագույն հողաթափերով սամուրայի կերպարով է:

Գոռվարդանյանական մարտաֆիլմի է նման Սոֆի Մխեյանի «Որտեղ գտնեմ» երգի տեսահոլովակը (ռեժիսորներ՝ Արման & Վահագն): Երգչուհին ոչ միայն արեւելյան մարտարվեստի հնարքներ է բանեցնում, այլեւ տապալում է իրենից ուժեղ ու մարզված տղամարդկանց, մուտք գործելով այն սենյակը, որտեղ մեկ ուրիշ տղամարդ սպասում է իր օգնությանը՝ հյուծված, ծեծված, ծարավ: Ու հայտնվում է Սոֆին՝ Ժաննա դ՝Արկի կերպարով, սվինի հարվածից դեմքին վերք: Տեսահոլովակի վերջում իր առաքելությունն ավարտելուց հետո՝ նա հեռանում է մեքենայով… Այս երգչուհին այնքան ինքնասիրահարված է, որ իր բոլոր երգերի եւ տեսահոլովակների մեջ հնչեցնում է իր անունը՝ «Սո՜-ֆիիիիիի՜»: Նույն միտումը կա նաեւ «Հ.Ա.Յ.Ք.»-ի Սյուզիի պարագայում: Օրինակ, նրա «Սխալ մոտեցում» երգի տեսահոլովակի (ռեժիսոր՝ Գոգա Խաչատրյան) հերոսը ոչ միայն գոռում է՝ Սյուզիիիիիի՜, այլեւ այդ անունը գրված է պատերին… Դառնալով այս երգչուհուն, փաստենք, որ նրա բոլոր տեսահոլովակներում պարտադիր արտասահմանյան մեքենաներ են, անթրաշ կամ դիմակով տղաներ, շղթաներ, գիշատիչներ: Վերջին տեսահոլովակում Սյուզին նկարվել է շղթայված կոկորդիլոսի հետ: Տեսահոլովակն էլ ավարտվում է հետեւյալ պատկերով. Սյուզին իր նման աղջիկների հետ մեքենայի բեռնախցիկից հանում է իր հանդեպ սխալ մոտեցում ցուցաբերած եւ դրա համար պատժված-կապկպված տղային ու «նետում» նրա ընկերների առաջ:

Շպռօտի մոտ տիեզերական թեմատիկան ու կիսամերկ մարմիններն են գերիշխում՝ «Սերը ու քո փայլը» (ռեժիսոր՝ Սարգիս Սարգսյան), «4 տարբերակ» խմբի մոտ («Հիմա կամ երբեք») դարձյալ մեքենաներ են, ոստիկանական մեքենայի ազդանշան, փախուստ, զարդեր:

Վերջին շրջանում մոդայիկ են նաեւ դուետները, բայց, չգիտես ինչու, տղամարդիկ հիմնականում երգում են տղամարդկանց, կանայք՝ կանանց հետ, ինչպես, օրինակ՝ Արմինկան եւ Ջուսին, Անդրեն եւ Էրիկը, Հայկոն եւ Արամեն, Լիանան եւ Սոնա Շահգելդյանը, Սոֆի Մխեյանն ու Սիրուշոն… Ինչ վերաբերում է Նունե Եսայանի եւ Արամեի «Երկուսով» երգի տեսահոլովակին (ռեժիսոր՝ Սյոմա Կոդաբաշյան), ըստ մեր տեղեկությունների, այդ երգը մեծահարուստներից մեկի պատվերն է իր որդու հարսանիքի առիթով, եւ պրեմիերան կայացել է այդ հարսանիքի օրը, որից հետո շռայլորեն վարձատրված երգիչները նկարահանել են նաեւ տեսահոլովակ: Մեր երգիչ-երգչուհիների մեծամասնության ինտելեկտի ու ճաշակի մասին խոսելն ավելորդ է: Այցելելով www.16.am կայք, կարող եք ինքներդ համոզվել, թե ինչպիսի կոպիտ ուղղագրական սխալներով են նրանք գրում կամ ինչ նախասիրություններ ունեն: Օրինակ, Անի Քրիստին կարտոֆիլը գրում է «կորտոֆիլ», Ազնավուրի անունը «Անձնավուր», դաստիարակությունը՝ «դաստեարակություն», բարությունը՝ «բարիություն» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել