ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի եւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի պարզաբանումները:
Երեկ ԿԳՆ-ում կայացավ նախարար Սպարտակ Սեյրանյանի եւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ավանդական ղեկավար Ռուբեն Թոփչյանի համատեղ ասուլիսը: Նրանք ներկայացրին բուհական քննությունների վերջնական արդյունքները: Մինչ դրանց անդրադառնալը՝ նախարարը հայտնեց, որ օգոստոսի 11-ի երեկոյան ժամը 19-ին ադրբեջանական հակերի կողմից փորձ է արվել կոտրել ԿԳՆ-ի www.edu.am կայքն ու որոշ ժամանակ դրանից օգտվել չի հաջողվել: Այդ ընթացքում նախարարության կայքի փոխարեն ադրբեջանական կայք է բացվել, այժմ խնդիրը լուծված է, եւ www.edu.am-ը նորմալ գործում է: Նախարարի փոխանցմամբ, այս տարի ունեցել ենք 13007 դիմորդ, որոնք դիմել էին 2008 անվճար, 3329 վճարովի եւ 3083 առանց տարկետման իրավունքի (ԱՏ) տեղերի համար: Ընդունվել է 10001 հոգի, որից 2242-ը՝ անվճար, 3358-ը՝ վճարովի եւ 4401 հոգին ԱՏ տեղերում: Ս. Սեյրանյանը նշեց, որ այս տարի կան նաեւ թափուր տեղեր. 2-ը՝ պետպատվերի սահմաններում, 34-ը՝ վճարովի, իսկ 300-ը՝ ԱՏ:
Նախարարը հայտնեց, որ հաջորդ տարվանից միասնական քննական համակարգով քննություն են հանձնելու նաեւ բոլոր բազային վարժարանների դիմորդները. «Այն դիմորդները, ովքեր ցանկանում էին վարժարաններ դիմել՝ եկող տարի հարցազրույցով բուհ ընդունվելու համար, թող նկատի ունենան, որ ընդունելության քննություններին մասնակցելու են միասնական համակարգով»:
Ռ. Թոփչյանը, ներկայացնելով ընդհանուր քննությունների արդյունքներն՝ ըստ անցողիկ միավորների, նշեց. «Այս տարի արձանագրվել է բարձր բալերի քանակի անկում: Նախորդ տարվա համեմատ 20 միավորների թիվը բավականին քիչ է: Հիմնական մրցույթը տեղի է ունեցել միջին բալերի շրջանում, բայց դա չի նշանակում, որ այս տարվա դիմորդները վատ են պատրաստված եղել, պարզապես՝ մեր մասնագետներն են ավելի լավ թեստեր պատրաստել: Այս տարի բողոքարկումներն ու դրա արդյունքում բարձրացված գնահատականները եւս համեմատաբար քիչ էին: Կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության մրցույթը թեժ էր, աշխարհագրության բլոկում մենք ավելացրել ենք ԱՏ-ի տեղեր, որ ավելի շատ դիմորդ ընդունվի: Ինչպես եւ սպասվում էր՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անցողիկ միավորը գրեթե նույնն էր, ինչ նախորդ տարի, ընդամենը մեկ բալով էր բարձրացել: Հասարակագիտական ֆակուլտետներում մրցույթը ցածր էր, որովհետեւ դիմորդների քանակն էլ շատ չէր: Անցյալ տարի ճարտարագիտական համալսարանի դիմորդների քանակը քիչ էր, կային թափուր տեղեր, իսկ այս տարի ավելացրինք ԱՏ-ով տեղեր, որի շնորհիվ շուրջ 300 տեղ զբաղեցվեց: Մանկավարժական համալսարանում պատկերը գրեթե նույնն է, ավելացրել ենք ԱՏ-ով տեղեր, բայց հիմնական սկզբունքը եղել է այն, որ շատ ցածր բալեր հավաքած դիմորդը, օրինակ՝ 3 հատ 8 միավորով, չընդունվի, որովհետեւ դա ճիշտ չէ: Բժշկական համալսարանում եւս ԱՏ-ով տեղերն ավելացված են: Ինչ վերաբերում է Ագրարային համալսարանին, այստեղ անասնաբուծության, էկոլոգիայի եւ այլ բաժիններում կան բազմաթիվ թափուր տեղեր, այսինքն՝ մեր երիտասարդներն իրենց ապագան չեն տեսնում գյուղում»:
Ս. Սեյրանյանն, արձագանքելով «Առավոտի» օգոստոսի 12-ի համարում տպագրված «Քննական խաղեր, «ջահելական» արկածներ» հոդվածում արտահայտված տարակուսանքին, նշեց. «Միասնական քննությունների փուլում կանխատեսում էինք, որ շատ մասնագիտությունների գծով անցողիկ միավորները իջնելու են: Նկատի չունեինք ու ԿԳՆ-ն չի հայտնել, որ այս տարվա դիմորդներն ավելի վատ են պատրաստված կամ ընդունող հանձնաժողովներն ավելի խիստ են քննել, թեստերն ավելի բարդ են եղել… պարզապես տեղի է ունեցել հետեւյալ գործընթացը, որը, իմ խորին համոզմամբ, դրական է. ընդունելության քննությունների միջոցով մենք ոչ միայն ստուգում ենք, թե տվյալ պահին երեխան ինչ պատրաստվածություն ունի, այլեւ փորձում ենք ստուգել նրա ընդհանուր գիտելիքները, հետեւաբար՝ ընդունելության քննությունը ոչ միայն գիտելիքի, այլեւ մրցակցության ստուգում է»: