Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ՝ ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

Օգոստոս 13,2008 00:00

\"\"ԱԱ աշխատակիցը խոչընդոտներ է ստեղծել Թուրքիայից վերադարձող լրագրողների առաջ

Գյումրեցի լրագրողները երկու օրով Կարս էին մեկնել թուրք գործընկերների հետ ֆուտբոլ խաղալու համար: Անարգել Թուրքիա մուտք գործելուց հետո՝ հայրենիք վերադառնալիս նրանք հայտնվեցին մի պատմության մեջ:

Ինչպես երեկ «Առավոտին» մանրամասնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ Վրաստանում ու Հայաստանում տեղակայված անցակետերը անցնելուց, մաքսայինում մեքենաները գրանցել տալուց հետո պատրաստվում էին մտնել Բավրա, երբ Խաչիկ Մեքինյան անուն-ազգանունով մեկը, տեսնելով ու ճանաչելով իրեն՝ գիշերվա ժամը 3-ին տեղից վեր է թռել ու կանգնեցրել ինչպես իր, այնպես էլ ժուռնալիստների միկրոավտոբուսը: Այդ Մելիքյանը, առանց ներկայանալու, Լեւոն Բարսեղյանից համառորեն պահանջել է Թուրքիա գնացող -եկողների ցուցակը: «Տարին վեց-յոթ անգամ Բագրատաշենով եմ անցնում ու կյանքում ինձնից ուղեւորի ցուցակ չեն ուզել, որովհետեւ էդ ամբողջը ցուցակագրվում է սահմանապահների մոտ: Երբ ես էդ ընկերոջը ասացի՝ էս ի՞նչ բան է, ո՞նց թե ցուցակ պետք է ունենանք, ինձ պատասխանեց, որ կարգն է այդպիսին: Ես խնդրեցի ցույց տալ օրենքի այն կետը, որով պարտադրվում է ցուցակ ներկայացնել: Բարձրացանք երկրորդ հարկ ու կես ժամ շարունակ նա չկարողացավ գտնել օրենքի այդ կետը, սկսեց ուրիշ բաներ բացատրել, օրինակ՝ ասել, որ դա ներքին կարգ է: Ես պատասխանեցի, որ ներքին կարգը դա ձեզ է վերաբերում, գնացեք եւ ցուցակ գտեք: Պատկերացրեք՝ Ազգային անվտանգության աշխատակիցն ինձ բացատրում է, որ այդ ցուցակը իրեն շատ պետք է: Ես խորհուրդ տվեցի ընդամենը հիսուն մետր քայլել եւ սահմանապահ անցակետից խնդրել էդ ցուցակը: Ազգային անվտանգության ընկերը հոխորտաց, թե «ե՞ս պիտի գնամ սահմանապահներից ցուցակ խնդրեմ, կարող է քսանյոթ հոգով գնում եք, քսանութով հետ գալիս, չիմանա՞նք, հարցեր են, չէ՞, պարզենք պիտի»: Ես ասացի՝ ընկեր ջան, քո աշխատանքն ինձ վրա մի բարդի, եթե ցուցակ էիք պահանջում՝ երկու օր առաջ՝ մեր գնալուց ցուցակ պահանջեիք: Էդ պահանջը բառացիորեն հիմարություն է, տարել ենք քսանյոթ հոգի, մարդիկ, որոնք ուզում էին Կարսը տեսնել, ենթադրենք՝ երեքը մնացել են Բաթումում, յոթ հոգին էլ Խաշուրիում, երկու հոգի էլ գնացել են ֆրոնտ: Հետ են գալիս տասը հոգի, ես ինչո՞ւ պետք է հաշվետվություն տամ, կամ հակառակը՝ ֆրոնտից են մեզ միացել: Ազգային անվտանգություն իրականացնելու ձեւը քառասուն հոգու ներկայությամբ որեւէ գործի կազմակերպչից ցուցակ պահանջելն ու ուսումնասիրելը չէ: Ես կարող էի լռել, բայց էդ տեսակ պաշտոնյաները չպիտի աշխատեն, հերիք չէ՝ ես իրենց հարկեր եմ վճարում, հիմա էլ իրենց գործը պիտի անեմ՝ ցուցակ կազմեմ: Շա՞տ էիր հետաքրքրված ազգային անվտանգությամբ, գայիր ասեիր՝ փոքրուց ֆուտբոլ խաղալ շատ եմ սիրել, ցուցակագրվեիր՝ քեզ էլ հետներս տանեինք Կարս, ու ոչ ոք չէր իմանա, որ դու շատ ուժեղ հետախույզ ես՝ «Ագենտ 008», մոտավորապես: Փոխանակ մտածեք էս մարդկանց արագ տուն ճանապարհեք, պատմություն եք սարքում, մանավանդ որ՝ խցանումներ էին գոյացել Բավրայի կողմում, մարդիկ երեք-չորս ժամ մեքենաների մեջ նստած սպասում էին»,- ասում է Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, իրենք վաղուց գիտեին, թե ԱԱԾ-ն բուն պարտականությունները կատարելու փոխարեն ինչով է զբաղված: Լեւոն Բարսեղյանի բնութագրելով՝ անվտանգության մարմնի պարտականությունների մեջ է մտնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գովազդատուներին փախցնելը, «ԳԱԼԱ»-ի ու մյուս հեռուստաընկերությունների «խազեիններին» ճնշելը, անվտանգության կառույցի պատերին Ձերժինսկու նկարները պահելը: «Ասպարեզ» ակումբի նախագահն ԱԱԾ այս ներկայացուցչի «փայլուն» աշխատանքի մասին պատրաստվում է տեղեկացնել ՀՀ վարչապետին ու Ազգային անվտանգության ծառայության պետին:

Ի դեպ, Կարս-Գյումրի ֆուտբոլային խաղը չի կայացել ադրբեջանցիների բարձրացրած հիստերիայի պատճառով: Ֆուտբոլը խիստ քաղաքականացվել է, Կարսում Ադրբեջանի հյուպատոսը ուշի-ուշով հետեւել է հայ-թուրքական շփումների զարգացումներին՝ խափանելով այն: Սա առիթ է տալիս «Ասպարեզ» ակումբի նախագահին հետեւյալ եզրահանգման գալու. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ պարտություններ է կրում եւ շարունակում է կրել, քանի որ Ադրբեջանի փոքրիկ հյուպատոսարանը կարողանում է քթից բերել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել