Լրահոս
Օրվա լրահոսը

Շները մարդ են գզում

Օգոստոս 13,2008 00:00

\"\"Կատաղություն հիվանդությամբ վարակված շները գրոհել են Շիրակի մարզը

Օրեր առաջ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի 70-ամյա բնակիչ Ռոբերտ Արշակյանը շան կծոցներից մահացել է: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ Ռ. Արշակյանին դաշտում աշխատելու ժամանակ կծած շունը կատաղած է եղել:

Վերջերս կատաղությամբ վարակված թափառող շները Շիրակի մարզում այնքան են շատացել, որ բնակիչներն ու մարզային իշխանությունները լուրջ անհանգստացած են:

Գյումրիի Անի թաղամասում գտնվող հղկող հաստոցների գործարանի տարածքում շները ոհմակներով են շրջում եւ «մարդ են ուտում»: Բնակիչների ներկայացմամբ, ամենասարսափելին այն է, որ շները վաղ առավոտյան «պաշարում» են Անի թաղամասի թիվ 11 դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ թաղամասի երեխաները պատրաստվում են դասի գնալ: Ծնողների խոսքերով, եթե անգամ շներն իրենց երեխաներին «մեծահոգաբար» չգզեն ու կատաղություն կոչվող վարակից մի կերպ պրծնեն, ապա «օրերից մի օր նրանք վախից հաստատ շաքարախտ ձեռք կբերեն»: Մեզ հետ զրույցում Անի թաղամասի բնակիչները դժգոհեցին. «Մեռանք քաղաքապետարանից մարդ հրավիրելով, գալիս մի հատ կրակում ու տարիներով անհետանում են: Պարզ չէ՞, որ կրակոցից մեկը սատկում է, մյուսները՝ մի քանի րոպեով փախչում ու նորից հայտնվում են»: Հղկող հաստոցների գործարանի տարածքում ապրող բնակիչների հաշվարկներով նույն շունը մեկ շաբաթում 7 մարդ է կծել: Ամենաթարմ դեպքը արձանագրվել էր 3 օր առաջ, սակայն այս մարդուն Ավստրիական հիվանդանոցում հրաժարվել են հակակատաղության վակցինա ներարկել, քանի որ «զոհը» նաեւ այլ հիվանդություն է ունեցել, բացի այդ, վիրահատված է եղել:

Այս առնչությամբ Շիրակի մարզի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը նույնպես խիստ անհանգստացած է: Օրերս տեսչության պետ Կարինե Թաիրյանը պաշտոնական նամակ է հղել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ հայցելով նրա օգնությունը: Մարզպետին տեղեկացնելով, որ մարզում սրվել է կատաղություն հիվանդությունը՝ բժիշկը խնդրել է տարբեր կառույցների՝ Որսորդների միությանը, անասնաբուժական ծառայությանը, բուժհիմնարկներին ու համայնքապետարաններին հատուկ հանձնարարականներ տալ, ուժեղացնել հսկողությունը թափառող շների նկատմամբ, ստեղծել ոչնչացնող բրիգադներ, ընտանի շներին ամեն տարի հաշվառել, ապահովել մարզը հակակատաղության պատվաստանյութով: Երկու օր առաջ էլ համաճարակաբանները դիմեցին մարզի ազգաբնակչությանը՝ նախազգուշացնելով. «Եթե ձեզ թափառող շուն է կծել եւ հնարավոր չէ գտնել այդ շանը՝ հսկողություն սահմանելու համար, ապա տուժած մարդկանց պետք է անպայման պատվաստել հակակատաղություն վակցինայով: Եթե հիվանդը չստանա անհրաժեշտ պատվաստումները, ելքը բացարձակ մահացու է: Չմտածեք՝ շուն էր կծեց-պրծավ ու ոչ մի բան չի լինի: Եթե անգամ շունը տնային է ու սատկել է, ապա նման դեպքերում պատվաստումը սկսում ենք համապատասխան ցուցումով»: Օրերս Շիրակի մարզպետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Սոնա Ոսկանյանը տեղեկացրեց, որ կատաղությունը տարածվել է նաեւ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Օրերս այստեղ շները սատկել էին միմյանց կծելուց, ինչն էլ հարկադրել էր հակահամաճարակային տեսչությանը հետազոտության ենթարկել սատկած շանը: Պարզվել էր, որ կենդանին տառապել է կատաղությամբ: Ըստ վերոնշյալ կառույցի, Շիրակի մարզում արձանագրվել է շան կծոցների 163 դեպք: Նույն կառույցի տվյալներով, տարվա սկզբից միայն Գյումրիում ոչնչացվել է 616 թափառող շուն: Նկատենք, որ չնայած համայնքի բյուջեն հաստատելիս միշտ զգալի գումար է տրամադրվում թափառող շների ոչնչացման համար, սակայն իրականում բնակիչների բողոքները չեն դադարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել