Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԻ ԴԵՖԻՑԻՏՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Է

Օգոստոս 13,2008 00:00

\"\"Բենզինի բիզնեսով զբաղվողները, օգտվելով վրաց-օսական պատերազմից, բենզինն արհեստականորեն թանկացնում են:

Վրաց-օսական հակամարտության հետեւանքով արդեն քանի օր է՝ փակ են Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների հիմնական ճանապարհները՝ Փոթի եւ Բաթումի նավահանգիստները, ինչի հետեւանքով մեր երկիր եկող բեռների մեծ մասը մնացել է ճանապարհին: Հայաստանյան մի շարք տնտեսագետների կանխատեսումներով, եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի՝ մեր հանրապետությունում ներկրվող ապրանքների դեֆիցիտ կառաջանա եւ կտրուկ գնաճ կլինի: Ընդամենը մի քանի օր է, ինչ հայկական բեռները «լռված» են ճանապարհին, սակայն արդեն որոշ ապրանքներ ե՛ւ թանկացել են, ե՛ւ սահմանափակ քանակությամբ են վաճառվում: Արդեն երեկ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում վարորդներին բենզինը վաճառվում էր խիստ սահմանափակ քանակությամբ: «Առավոտին» ահազանգած վարորդների հավաստմամբ, օրինակ՝ «Միկա» բենզալցակայաններում բենզինը վաճառվել է միայն այն վարորդներին, որոնք աշխատում են այս կամ այն գերատեսչությունում եւ կտրոն ունեն: Վարորդները պատմեցին, որ բենզալցակայանների աշխատակիցներն իրենց 10-20 լիտրից ավելի բենզին չէին վաճառում՝ պատճառաբանելով, թե Վրաստանի ճանապարհները փակ են՝ խնայողություն են անում: «Ֆլեշ» բենզալցակայաններն էլ, քաղաքացիների ներկայացմամբ, ճիշտ է՝ բենզինը վաճառել են անսահմանափակ քանակությամբ, սակայն այս դեպքում մեծ հերթեր են գոյացել: Երեկվա դրությամբ մի շարք բենզալցակայաններում բենզինն անգամ լիտրը 10 դրամով ավելի են վաճառել. օրինակ, պրեմիում տեսակի (440 դրամ) բենզինի լիտրը տնտեսվարողները դարձրել էին 450 դրամ:

Չնայած բենզին վաճառողների պատճառաբանություններին, երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ այսօր մեր երկիրը վառելիքի հետ կապված որեւէ խնդիր չունի: Նախարարը վստահեցրել է, որ Բաթումում եւ Փոթի նավահանգստում կատարվող բեռնափոխադրումն ու երկաթգծով Վրաստանից Հայաստան բեռների ներմուծումը կատարվում է անխաթար. «Երկաթգիծը ոչ մի վայրկյան չի կանգնել: Շրջանառվող լուրերը, իբր այն չի աշխատում, իրականությանը չեն համապատասխանում»:

Ըստ Գուրգեն Սարգսյանի, բենզին ներկրողները վաճառքը սահմանափակելու համար ոչ մի հիմք չունեն, քանի որ Վրաստանի տարածքում Հայաստանի համար նախատեսված վառելիքով բեռնված եւ չներկրված ոչ մի վագոն չկա: Երեկ ավելի ուշ նախարարությունից պարզաբանեցին, որ 18 վագոն արդեն ճանապարհին է, 2-ը բեռնաթափվել է, 4-ն էլ շուտով կբեռնաթափվի:

Նախարարի խոսքերով. «Բոլոր այդ գործողություններն անհիմն են, արհեստական ու առաջացել են խուճապի հետեւանքով: Նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմանների համար Հայաստանը վառելիքի ու սննդամթերքի բավարար պաշարներ ունի»:

Փաստորեն, այսօր այն, ինչ կատարվում է հայաստանյան բենզինի շուկայում՝ պայմանավորված է այդ շուկայի բիզնեսմենների ախորժակով ու ցանկություններով: Դատելով Գ. Սարգսյանի խոսքերից, բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները, օգտվելով վրաց-օսական հակամարտությունից, գերշահույթներ ստանալու նպատակով ներքին պայմանավորվածություն են ձեռք բերել ու բենզինի արհեստական դեֆիցիտ ստեղծել:

Այս առնչությամբ մեր հարցին «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը վստահեցրեց, որ իրենց բենզալցակայաններում վառելիքը չի թանկացել. «Եթե Վրաստանում ամեն ինչ կայունանա՝ անգամ բենզինի գինը կիջնի: Հայերը սիրում են «զապաս» անել, երեւի այդ պատճառով էլ հերթեր են եղել: Հիմա ամեն մի վարորդ 40-50 լիտր բենզին ունի պահած: Այսօր ամենամեծ ներկրողը մենք ենք ու դեռ բավականին պահեստավորված բենզին կա, բացի այդ, երեկ գիշեր 10 վագոն բենզին է մտել Հայաստան, այնպես որ՝ ամեն ինչ նորմալ է: Պարզապես բենզինը տեղափոխելը շատ բարդ է, այն էլ պատերազմական իրավիճակում, տեղով «բոմբ» է, մի հատ գնդակ կամ ռումբ ընկնի, պատկերացնում ե՞ք ինչ կլինի, դրանից են վրացիները վախենում ու մի քիչ դանդաղում է ներկրումը»:

«Ինտերփեթրոլ» ընկերության մենեջեր Լեւոն Հովսեփյանը վստահեցրեց, որ իրենց բենզալցակայաններում էլ թանկացում չի եղել. «Եթե սահմանները բացվեն՝ ամեն ինչ կկարգավորվի»:

Բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերության առաջատար մասնագետ Ալբերտ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ իրենց պահեստները այս պահի դրությամբ դատարկ են, իսկ նոր խմբաքանակը ճանապարհին է. «Եթե պահանջարկի եւ առաջարկի միջեւ խզում է լինում, ապա գների փոփոխություն է կատարվում, մինչեւ բեռը չգա- հասնի Հայաստան՝ չենք կարող ասել, թե որքանով ենք վաճառելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել