Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հրահանգել է դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի դեմ: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հայտարարել է, որ որոշում է ընդունել Հարավային Օսիայում «խաղաղության հարկադրելու գործողությունը» դադարեցնելու մասին: Նա նշել է, որ որոշումն ընդունվել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների զեկույցի հիման վրա:
Դմիտրի Մեդվեդեւը ասել է նաեւ, թե, իր ունեցած տեղեկություններով՝ «ագրեսորը պատժվել եւ շատ զգալի կորուստներ է կրել», իսկ նրա զինված ուժերը կազմալուծված են: Մեդվեդեւի խոսքերով՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբերը տվյալ գործողությունում իրենց լավագույնս են դրսեւորել: Նախագահը պաշտպանության նախարարության ղեկավարությանը խնդրել է պատրաստել այն անձանց ցուցակը, ովքեր այդ գործողության արդյունքներով արժանի են պետական պարգեւների ներկայացվելու: Միաժամանակ, Մեդվեդեւը ռուսաստանցի զինծառայողներին հրահանգել է Հարավային Օսիայում բռնության օջախների ի հայտ գալու դեպքում «դիմադրողներին ոչնչացնելու» որոշում ընդունել:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչները, իրենց հերթին, ընդգծել են, թե կրակի դադարեցումը չի նշանակում, որ Հարավային Օսիայում չպետք է անցկացվեն այլ բնույթի ռազմական գործողություններ, օրինակ՝ հետախուզական:
Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե հրադադարի խախտման դեպքում վրացական կողմը համարժեք պատասխան կստանա ռուսական զորքերից:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ԱՊՀ-ում ներկայումս նախագահող երկրի՝ Ղրղըզստանի ղեկավար Կումանբեկ Բակիեւը կարգադրել է ԱԳՆ-ին՝ ռուս-վրացական հակամարտության շուրջ շտապ խորհրդակցություններ անցկացնել կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: ԱՊՀ անդամ երկրների մեծ մասը, սակայն, դեռեւս լռություն է պահպանում, ինչը, Jane՛s հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետ Մեթյու Քլեմենթի համոզմամբ, ամենեւին էլ զարմանալի չէ: «Ռուսաստանը ԱՊՀ երկրների մեծ մասի համար հիմնական ռազմավարական դաշնակիցն է, եւ նրանք շահագրգռված չեն թուլացնել կապերը Մոսկվայի հետ: Դա շատ վնասարար կարող է լինել նրանց համար, այդ իսկ պատճառով նախընտրում են լռություն պահպանել կամ քննադատել Վրաստանի գործողությունները»,- ասել է Քլեմենթը: Միակ բացառությունը առայժմ Ուկրաինան է, որը մեղադրում է պաշտոնական Մոսկվային Վրաստանի ներքին գործերին միջամտելու եւ դեպի ՆԱՏՕ ձգտող երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելու մեջ: «Այն, ինչ այժմ կատարվում է Վրաստանում, քննություն է ողջ միջազգային հանրության համար, որի արդյունքները ցույց կտան, թե որքանով ենք մենք պատրաստ պաշտպանել միջազգային իրավունքը՝ տարածքային ամբողջականությունը հարգելու եւ ուժ չգործադրելու մասին»,- հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւը: