Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությանը մասնակցում են ոչ թե «դաբրոյով», այլ՝ ծրագրով

Օգոստոս 13,2008 00:00

\"\"Վստահ է Արաբկիր համայնքի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Շահինյանը

– Դուք հայտարարում եք, որ Արաբկի րում կայանալիք թաղապետի ընտրություններում պայքարելու եք մինչեւ վերջ, բայց ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել գործող բոլոր թաղապետերին, բացի Ձեզնից:

– Ես արդեն Երեւանի թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողով եմ ներկայացրել առաջադրման իմ փաստաթղթերը եւ, այո, պայքարելու եմ մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանը, ապա անցած շաբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կուսակցությունը հավանություն է տվել առաջադրման իմ որոշմանը, սակայն կոնկրետ Արաբկիրում այս կամ այն թեկնածուին պաշտոնապես սատարելու որոշում չի ընդունվել:

– ՏԻՄ նախորդ ընտրություններում ՀՀԿ տարածքային կառույցներն էին որոշում թաղապետերի թեկնածությունը, որը հաստատում էր կուսակցության խորհուրդը: Ինչո՞ւ է հիմա դրանով զբաղվում գործադիր մարմինը:

– Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի այդ հարցով դիմել կուսակցության գործադիր մարմնին: Իրականում, սակայն, դա զուտ ընթացակարգային փոփոխություն է, քանի որ, ի վերջո, կուսակցության կառավարման վերին մակարդակում է կայացվում ընտրություններին մասնակցության հարցը, եւ նախկինում քիչ չեն եղել նաեւ դեպքերը, երբ տարածքային կառույցի կողմից որոշված թեկնածուն հավանության չի արժանացել խորհրդի կողմից:

– Այնուամենայնիվ, ի՞նչ «մեղք» է գործել Հովհաննես Շահինյանը, որ կուսակցությունը դավաճանեց նրան եւ «դաբրո» չտվեց:

– Ընդհանրապես, նման հարաբերությունները կարգավորվում են կուսակցության կանոնադրությամբ, որում ոչ թե պատվիրաններ են գրված, այլ ծրագրային դրույթներ: Չեմ կարծում, թե ճիշտ է հարցադրումն այդպես ձեւակերպել, սակայն, եթե, այնուամենայնիվ, ուղղակի պատասխանեմ ձեր հարցին, ապա կուսակցությունն ինձ չի դավաճանել, եւ ես շարունակում եմ մնալ ՀՀԿ խորհրդի անդամ եւ, որպես ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, ներկայացնում եմ կուսակցությունը Երեւանի ամենամեծ համայնքներից մեկում՝ Արաբկիրում: Իսկ ընդհանրապես, ընտրություններին մասնակցում են ոչ թե, ինչպես դուք ասացիք, «դաբրոյով», այլ՝ ծրագրերով: Այնպես, ինչպես համայնքի խնդիրները լուծվում են ոչ թե «դաբրոների», այլ կոնկրետ աշխատանքի միջոցով: Եվ եթե խոսենք այդ ձեւակերպումներով, ապա միակ «դաբրո» տվողը ընտրողներն են, տվյալ դեպքում՝ համայնքի բնակիչները, ովքեր նախորդ ընտրություններում ինձ ավելի քան 18 հազար վստահության քվե են տվել: Հենց նրանց առաջ էլ ես հաշվետու եմ իմ կատարած աշխատանքի համար եւ նրանցից էլ հայցելու եմ վստահություն նաեւ այս ընտրություններում: Իսկ իրենց քաղաքական ակտիվությամբ միշտ աչքի ընկած Արաբկիր համայնքի բնակիչները ներկայացնում են քաղաքական գրեթե ողջ ներկապնակը. իմ ընտրողների շրջանում կան ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի», ՀՀՇ-ի, «Ժառանգության», «Օրինաց երկրի» եւ այլ կուսակցությունների անդամներ:

– Իսկապե՞ս կարծում եք, որ Հայաստանում «դաբրոներով» չեն ընտրվում այս կամ այն պաշտոնում, այդ դեպքում ընտրակեղծիքների մասին ի՞նչ եք ասելու:

– Հավատացնում եմ, որ այսօր կուսակցական պատկանելությունը կամ կուսակցության աջակցությունը չէ ընտրություններում որոշիչ գործոնը: Իսկ այն, որ որոշ շրջանակներ դեռեւս շարունակում են այդպես մտածել, թերեւս պայմանավորված է նախկինում ընտրությունների վերաբերյալ մեր ունեցած կարծրատիպերով, երբ իսկապես շատ թեկնածուներ ընտրվում էին միայն կուսակցական աջակցության շնորհիվ: Սակայն այսօր անցել են այդ ժամանակները: Համենայնդեպս, ես բազմիցս հայտարարել եմ, որ անելու եմ հնարավորը՝ ՏԻՄ ընտրությունները գոնե Արաբկիրում քաղաքականացումից զերծ պահելու համար: Առավել եւս, որ ես 2005 թվականին թաղապետի պաշտոնում առաջադրվել եւ ընտրվել եմ՝ լինելով անկուսակցական գործիչ: Հանրապետական կուսակցությանն անդամակցել եմ 2006 թվականին: Սակայն, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, ես համայնքի ղեկավար եմ, ով անդամակցում է կուսակցությանը, եւ ոչ կուսակցական գործիչ, որը նաեւ զբաղվում է համայնքի կառավարմամբ: Համայնքի ղեկավարը քաղաքական պաշտոն չէ, եւ այստեղ չի գործում «քաղաքական նպատակահարմարության» ինստիտուտը: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա դա եւս անթույլատրելի է, եւ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածու՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, պարտավոր է անել հնարավորը՝ դրանք կանխելու համար: Ի դեպ, ողջունում եմ Արաբկիրում Զոյա Թադեւոսյանի թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու վերաբերյալ: Ինքս անելու եմ առավելագույնը՝ ընտրություններն ազատ անցկացնելու համար, եւ ընտրակեղծիքների դեմ պայքարելու հարցում պատրաստ եմ համագործակցել նաեւ «Ժառանգության» հետ:

– Զոյա Թադեւոսյանը նաեւ մամուլում կոնկրետ հայտարարեց, որ թեկնածուներից Ալբերտ Երիցյանը սկսել է մեծ չափերի ընտրակաշառք բաժանել: Մտադի՞ր եք որեւէ վերաբերմունք դրսեւորել:

– Ես ազնիվ պայքարի կողմնակից եմ եւ չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունները: Սակայն վստահ եմ, Արաբկիրի բնակիչները վաղուց արդեն իմունիտետ են ձեռք բերել ամեն տեսակի ընտրակաշառքների նկատմամբ եւ իրենց ընտրությունը ամենեւին էլ չեն պայմանավորելու դրանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել