Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի համոզմամբ, սա այն է, ինչ չհաջողվեց անել Ռուսաստանին՝ Վրաստանի
դեմ սանձազերծած պատերազմում:
Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու իր երկրի որոշման մասին: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նաեւ փոխանցեց. «Մենք հայտարարեցինք, որ Վրաստանին անհնար է հաղթել թնդանոթներով, ռմբակոծություններով եւ այլեւայլ ռազմական միջոցներով, նաեւ արձանագրեցինք, որ պատերազմական մի քանի օրերի ընթացքում մենք կարողացանք դիմակայել հզոր Ռուսաստանին»:
Վ. Բայբուրդյանը վկայեց, որ չնայած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երեկ արած հայտարարությանը, թե ինքը հրաման է տվել ՌԴ գլխավոր շտաբի պետին եւ պաշտպանության նախարարին՝ դադարեցնել ռազմական օպերացիան, այդուհանդերձ, երեկ, ժամը 12-ի սահմաններում, ռմբակոծության է ենթարկվել Գորի քաղաքն ու երկրորդ անգամ նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: «Ցավոք, ապացուցվեց, որ Ռուսաստանի նախագահի հրամանը ոչինչ է բանակայինների համար: Գորիի ռմբակոծության արդյունքում կան սպանվածներ, այդ թվում՝ երեխաներ, բժիշկներ, եւ այդ ամենը այն հրամանից հետո, որը ի լուր աշխարհի հրապարակեց Մեդվեդեւը»,- փաստեց Վ. Բայբուրդյանը: Նրա մատուցմամբ, Վրաստանի մյուս բնակավայրերում, մայրաքաղաքում ամեն ինչ հանգիստ է. «Ամենագլխավորն այն է, որ մեր ժողովուրդը խուճապի չի ենթարկվել, ապրում է իր կյանքի բնականոն հունով, չի «գրոհում» խանութները, թեեւ ռուսները ռմբակոծում են ոչ միայն հակամարտության գոտին, այլեւ ռմբակոծում եւ մտնում են Գորի, Սենակի, Աջարիա: Այս ամենի նպատակը մեկն էր՝ ժողովրդին խուճապի մատնել, անել այնպես, որ ժողովուրդը դուրս գա իր իշխանության դեմ: Ռուսները կարծում էին, որ ժողովուրդը դրանից հետո կմեղադրի Սահակաշվիլիին: Բայց իրականում տեղի ունեցավ հակառակը: Այն բանից հետո, երբ հրապարակվեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի զրույցը Քոնդոլիզա Ռայսի հետ, որտեղ Լավրովն ասում էր, թե՝ թող Սահակաշվիլին գնա, եւ մենք մեր գործողությունները կդադարեցնենք, տեղի ունեցավ հակառակ ռեակցիան: Ժողովուրդը համախմբվեց իր նախագահի շուրջ: Վրաստանում բոլորը, այդ թվում՝ հայերս, այսօր մի բռունցք ենք դարձել: Այսօրվա հանրահավաքն էլ ցույց տվեց, որ անհնար է Վրաստանի դեմ այդպիսի միջոցներով պայքարել»:
Վրաստանի նախագահի խորհրդականի ասելով, պատերազմական գործողությունների արդյունքում երեկվա դրությամբ կան զոհեր ե՛ւ բանակայինների, ե՛ւ քաղաքացիական բնակչության շրջանում, ընդհանուր առմամբ, այդ թվում՝ Հարավային Օսիայում, դրանց թիվը հասնում է մոտավորապես 130-140-ի, «այլ ոչ թե այն թիվը, որը հրապարակում է Ռուսաստանը»: «Ես կարծում էի՝ Ռուսաստանը շատ հզոր պետություն է: Գուցե: Բայց ուժեղ եւ հզոր պետությունը չպետք է վախկոտի նման ասի, թե ամեն ինչում մեղավոր է վրացական կողմը, որ ինքը չի ռմբակոծում վրացական քաղաքները: Այն, որ ռուսները բացի Հարավային Օսիայից, Ցխինվալի ռեգիոնից՝ զորքերը մտցրեցին նաեւ Զուգդիդի, Սենակի, Փոթի, ապացուցում է, որ Ռուսաստանը ոչ թե խաղաղարար ուժ է տարածաշրջանում, այլ հակամարտության կողմերից մեկն է: Եվ գլխավորը՝ նրանք դրանով ապացուցեցին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ իմպերիալիստական: Ռուսաստանում, ցավոք, կան հավակնոտ ուժեր, որոնք փորձում են իրենց խնդիրները ուժային մեթոդներով լուծել: Իհարկե, Ռուսաստանը չհասավ իր նպատակներին: Նա, երեւի, միշտ էլ կտուժի, քանի որ խելոք քաղաքականություն չի վարում: Այն, որ այսօր Ռուսաստանը փաստորեն կորցնում է Կովկասը, միմիայն նրա քաղաքական ղեկավարության վերջին 15 տարվա ընթացքում գործած քաղաքական սխալների արդյունքն է: Ռուսաստանում կարծում են, որ իրենք Կովկասի տերն ու տիրականն են, եւ այդ հավակնությունների պատճառով է, որ նրանք այսպիսի սխալներ են թույլ տալիս»:
Վ. Բայբուրդյանը հերքեր տեղեկություններն այն մասին, թե պատերազմը սկսել է Վրաստանը. «Այս պատերազմը սկսեց Կոկոյտին: Վրաստանը չէ՛ առաջինը ներխուժել Հարավային Օսեթիա»: Բայբուրդյանի մատուցմամբ՝ առաջինը Հարավային Օսիայի վրացական գյուղերի վրա կրակ բացել են «Կոկոյտիի սեպարատիստները», որոնք դադարեցնելու նպատակով վրացական կողմը պատասխան կրակ է բացել: Լարվածությունը չսրելու նպատակով Սահակաշվիլին միակողմանիորեն 5 ժամանոց հրադադար է հայտարարել՝ Կոկոյտիին առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Բայց հրադադարի հայտարարումից ուղիղ 40 րոպե անց այնպիսի ուժեղ կրակոցներ եղան եւ այնպիսի հարձակումներ եղան վրացական գյուղերի վրա, որ վրացական կողմը չէր կարող ձեռքերը ծալած կանգնել եւ չպատասխանել»,- ներկայացրեց Սահակաշվիլիի խորհրդականը՝ պնդելով, թե սադրանքը եղել է հարավօսերի կողմից: Ավելին, նրա պնդմամբ, պատերազմը սանձազերծել են ե՛ւ Կոկոյտին, ե՛ւ Ռուսաստանը՝ դեռ շատ ավելի վաղ. «Կոկոյտին դեռ մինչեւ այդ կրակոցները սկսեց ժողովրդին Ցխինվալից դուրս բերել: Ինչպե՞ս կարելի էր կուտակել գրեթե 300 տանկ եւ գրեթե 30 հազարից ավելի զորք հավաքել 5 օրում: Ուրեմն՝ իրենք պատրաստվել էին դրան»:
Եվ վերջինը: ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ջավախքում մեր հայրենակիցները մտահոգված են, որ Վրաստանում հայտարարված զորահավաքի շրջանակներում իրենց կարող են զորակոչել վրացական բանակ՝ պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Վ. Բայբուրդյանը կտրականապես հերքեց այդ փաստը եւ միաժամանակ պնդեց, որ «վրացական բանակի շարքերում, որոնք պատերազմում էին Ցխինվալում, կային ե՛ւ հայեր, ե՛ւ ռուսներ, ե՛ւ ուկրաինացիներ, ե՛ւ ադրբեջանցիներ: Նման խնդիր չկա: Ես էլ հայտարարում եմ, որ Ջավախքում հարյուրավոր մարդիկ ուզում էին գնալ իրենց երկիրը պաշտպանելու: Սկսած 10-րդ դարից կամ դեռ ավելի վաղուց Վրաստանում բնակվող հայերը վրացիների հետ միասին եղել են վրացական բանակի առաջին շարքերում եւ պաշտպանել են իրենց երկիրը: Սա մեր պետությունն է, մեր երկիրը: Նման սադրանքների մի հավատացեք, խնդրում եմ»: