Հայաստան բերվող բեռների ճակատագիրն անհայտ է
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Գորի քաղաքին մերձակա արեւելք-արեւմուտք գլխավոր ավտոմայրուղու գրավմամբ իր երկիրը կիսվել է: Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սահակաշվիլին հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը հասել են կենտրոնական մայրուղուն եւ կտրել հաղորդակցությունը Վրաստանի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Չնայած Վրաստանի տարածք մտնելու ծրագրերի բացակայության մասին ռուսական կողմի հավաստիացումներին, հաղորդվում է Գորի, Սենակի, Զուգդիդի եւ Կուրգա բնակավայրերի գրավման մասին: Սահակաշվիլիի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստան է ուղարկել 20 հազար զինծառայող եւ 500 տանկ:
Աբխազիայի չճանաչված հանրապետության ուժերը, իրենց հերթին, երեկ առավոտյան նոր հարձակում են սկսել՝ վրացական զորքերին Կոդորի կիրճից դուրս մղելու նպատակով: Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են այդ շրջանի ուժգին հրետակոծման եւ աբխազական ռազմական օդանավերի կողմից ռմբակոծման մասին: Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մերժել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի նախագիծը ռուս-վրացական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ: Չուրկինը լրագրողներին հայտարարել էր, թե նախագիծը մշակվել է առանց ռուսական կողմի հետ խորհրդակցելու, եւ դրանից դուրս են մնացել մի շարք սկզբունքային հարցեր: «Չկա Հարավային Օսիայում կատարվածի սկզբունքային որակում, չկա անդրադարձ վրացական կողմի ագրեսիային, չկա անդրադարձ մեր տեսած վայրագություններին: Դուք (թղթակիցը) նշում եք ռուսական ուժերի դուրսբերումը որպես բարի կամքի արտահայտություն: Դա որեւէ կապ չունի բարի կամքի հետ, դա կապ ունի Հարավային Օսիայի բնակիչների կյանքը փրկելու հետ»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:
Երեք կետից բաղկացած ծրագիրը, որն առաջարկում է Ֆրանսիան, կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել, հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ մինչեւ վրացական զորքերի մուտքը Հարավային Օսիա:
Եվրամիությունում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ մեկնել է Մոսկվա, ուր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ ռուս-վրացական հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով: Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կհաջորդի մամուլի ասուլիս, ապա Սարկոզին կմեկնի Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ:
Երեկ ռուս-վրացական հակամարտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը՝ «հրամայական» համարելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության հարգումը եւ կոչ անելով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները տարածաշրջանում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է ստեղծել «Կովկասյան միություն»՝ Վրաստանում իրավիճակի կարգավորման նպատակով: Թուրքական կառավարության ղեկավարն օգոստոսի 11-ին ասել է, որ մտադիր է այս նախաձեռնությունը քննարկել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Օգոստոսի 11-ին Թուրքիայի վարչապետին զանգահարել էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հեռախոսային բանակցություններ է վարել Ռուսաստանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի հետ: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ օգոստոսի 10-ին Թուրքիայի վարչապետը զանգահարել էր Միխաիլ Սահակաշվիլուն եւ Վլադիմիր Պուտինին, սակայն Ռուսաստանի վարչապետը զանգին չէր պատասխանել: Էրդողանը հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ մտադիր է կապ հաստատել ռուս պաշտոնակցի հետ:
Ըստ «Մեդիամաքսի», օգոստոսի 9-ին արված Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը հարուցել էր պաշտոնական Թբիլիսիի դժգոհությունը, քանի որ փաստաթղթում խոսվում էր «Հարավային Օսիայի ու Վրաստանի միջեւ հակամարտության» դադարեցման անհրաժեշտության մասին: Թբիլիսիում դա գնահատվել էր որպես Հարավային Օսիայի անուղղակի ճանաչում, եւ օգոստոսի 11-ին Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հայտարարեց «հարավօսիացիների եւ վրացիների միջեւ» հակամարտության մասին:
Վրաստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով, փաստորեն, չի գործում Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ճանապարհը: Վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստները լաստանավեր չեն ընդունում: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Փոթին լաստանավեր չի ընդունում օգոստոսի 11-ի ռմբակոծությունից հետո: «Ազատություն» ռ/կ-ի աղբյուրի վկայությամբ՝ նավահանգիստը հոսանքազրկված է: Վրացական կողմը հաղորդում է, որ Հայաստան ուղեւորվող բեռները նորմալ վիճակում են, եւ դրանց մեծ մասը չի վնասվել ռմբակոծությունների արդյունքում: Սակայն թե երբ հնարավոր կլինի նավահանգստից դրանք տեղափոխել՝ դժվար է ասել: Բացի այդ, բեռնատար մեքենաները Վրաստանի տարածքով չեն կարող հասնել Հայաստան՝ դեպի Հայաստան ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար:
ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեկ լրագրողներին հայտնել էր, որ արտգործնախարարությունը հետեւում է այս իրավիճակին, եւ հարցը վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության կենտրոնում է:
Վրաստանի տարածքով մեկ այլ ճանապարհ՝ Վերին Լարս անցակետով, նույնպես փակ է: Ռուսաստան հասնելու հնարավորություն կա նաեւ Իրանի ճանապարհով՝ Կասպից ծովով մինչեւ ռուսաստանյան Աստրախան քաղաքը, սակայն այս ճանապարհը ավելի երկար ու թանկ է, բացի այդ, Իրանի տարածքով արգելված է մի շարք ապրանքատեսակների տեղափոխումը, օրինակ՝ ոգելից խմիչքների, ծխախոտի եւ այլն: