Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարիմ իր կոչմանը

Օգոստոս 12,2008 00:00

Քաղաքագիտության դոկտոր, Ռազմական գիտությունների ռուսական ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանը պատմում է

օրերս կյանքից հեռացած Յուրի Բարսեղովի մասին:

– Ի՞նչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի գիտական մշակման մասին, որով զբաղվել է հայտնի իրավագետ Յուրի Բարսեղովը:

– Յուրի Բարսեղովի վախճանը մեծ կորուստ էր գիտության եւ հայության համար: Միջազգային ծովային իրավունքի խնդիրներին նվիրված հայտնի աշխատությունների կողքին նրա գիտական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի տեսական-մեթոդոլոգիական հիմնավորումները: Այս խնդրի մասին Բարսեղովի գիտական վերլուծությունները դրվել են Արցախի ինքնորոշման համար ազգային-ազատագրական շարժման քաղաքական տեսակետի բանաձեւի հիմքում: Ռուսաստանի հայերի միության հովանավորությամբ Մոսկվայում ստեղծելով Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության Հայկական ինստիտուտը՝ նա մեծ ներդրում ունեցավ նաեւ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդիրների գիտական հետազոտությունների համակարգման մեջ:

Ծանր կորստի այս օրերին ես իմ պարտքն եմ համարում ճշմարտությունն ասել Յուրի Գեորգիեւիչի քաղաքական կենսագրության մինչ այժմ անհայտ էջերի մասին: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեի կողմից իրականացվող պատժիչ ռեժիմի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի քաղաքական, ռազմական եւ ինֆորմացիոն շրջափակումը հաղթահարելու համար ստեղծվեց ԼՂ արտաքսված կառավարություն: Հայաստանի կառավարության խնդրանքով Յուրի Գեորգիեւիչ Բարսեղովը 1991 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Մոսկվայում ստանձնեց կառավարության արդարադատության նախարարի պաշտոնը:

– Իսկ ի՞նչ կասեիք պրոֆեսորի մարդկային որակների մասին:

– Իմ պրոֆեսիոնալ համագործակցությունը Յուրի Գեորգիեւիչի հետ ամենածանր՝ 1991 թվականին, թույլ է տալիս հիշել նրան մեծագույն հարգանով: Բարսեղովը արժանապատիվ մարդ էր, նրա գործունեությունը նախարարի պաշտոնում առանձնանում էր բարձր պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով:

Մահից հետո նրա գործունեության անհայտ էջերի բացահայտումը հնարավորություն կտա մասնագետներին ըստ արժանվույն գնահատել Բարսեղովի մեծ ներդրումը Հայաստանի եւ հայության ազգային անվտանգության գործում՝ մեր ազգի համար ամենաճակատագրական ժամանակաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել