Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Օգոստոս 12,2008 00:00

\"\"Մինչեւ կիրակի ուշ գիշեր օլիմպիական մրցապայքարի մեջ ներգրավված հայաստանցի հինգ մարզիկներից հաջող մեկնարկել է ընդամենը մեկը:

Անդրանիկ Հակոբյանը՝ 1/16 եզրափակիչում

Չինաստանի մայրաքաղաքում մեկնարկած ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանից առաջինը մրցասպարեզ մտավ մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:

Մեկնարկային գոտեմարտում Անդրանիկի մրցակիցը Գանայի ներկայացուցիչ Ահմեդ Սակարուն էր, որի նկատմամբ մեր մարզիկն առավելություն ունեցավ չորս ռաունդներից երեքում եւ միավորների 14:8 ընդհանուր հարաբերակցությամբ հաղթանակ տանելով՝ մտավ 1/16 եզրափակիչ: Հաջորդ շրջանում Անդրանիկը օգոստոսի 16-ին հանդիպելու է բռնցքամարտի ուժեղ դպրոց ունեցող ուզբեկստանցի Էլշոդ Ռասուլովի հետ:

Ցավոք, հաջորդ իսկ օրը մարզաձեւի չորս հոգուց բաղկացած մեր պատվիրակությունը տվեց առաջին կորուստը: Մինչեւ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Էդուարդ Համբարձումյանը, որը համեմատաբար վերջերս է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ստացել (դրանից առաջ նա Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձել է այդ տարիքային խմբի աշխարհի չեմպիոն), ի վիճակի չեղավ հաղթահարել մեկնարկային արգելքը: Նա տանուլ տվեց Դոմինիկյան Հանրապետությունից Ֆելիքս Դիասին եւ վերածվեց հանդիսականի:

Մեր մյուս երկու բռնցքամարտիկներից 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը մեկնարկային մենամարտում հանդիպելու է կամերունցի Թոմաս Էսոմբայի, իսկ երկու օր անց Հրաչյա Ջավադյանը (60 կգ քաշային կարգ)՝ նիգերիացի Օլավալ Ռաշիդ Լավալի հետ:

Մեկ աստիճան չբավականացրեց

Բազմափորձ հրաձիգ Նորայր Բախտամյանը օդամուղ ատրճանակով 10 մետր մրցաձեւում նախնական փուլում հանդես եկավ սպասվածից թույլ: Նրան ընդամենը մեկ քայլ չբավականացրեց եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք նվաճած ութ լավագույնների ցուցակ մտնելու համար:

Այսօր Նորայրը սպասելիքներն արդարացնել փորձելու է ատրճանակով 50 մետր մրցաձեւում:

Պարտություններ նախնական փուլում

Օլիմպիական մրցապայքարի ընթացքն անկանխատեսելի է: Առավել եւս՝ ձյուդոյում: Ու ոչ ոք չի կարող գուշակել, թե որ մարզիկը տվյալ պահին իրեն ինչպես կդրսեւորի: Ավաղ, այդ կարգախոսը բացասական դրսեւորումով անդրադարձավ մեր ձյուդոյիստների վրա, որոնք վիճակահանությամբ առաջին փուլում ազատ էին, այսինքն՝ պայքարն սկսում էին երկրորդ շրջանից:

Մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ կուբացի մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ մարտը զիջեց ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Կիմ Յոնգ Ժիին եւ վերածվեց հանդիսականի:

Ավելի վատ հանդես եկավ մարզաձեւի մեր առաջատար համարվող Արմեն Նազարյանը (մինչեւ 66 կգ քաշային կարգ): Հանգստանալով մեկնարկային փուլում՝ նա հենց մեկնարկում պարտվեց եգիպտացի Ահին Էլ Հադիին ու փաստորեն պայքարը դադարեցրեց դեռեւս այն չսկսած:

Նալբանդյանը հաջող մեկնարկեց

Օլիմպիական խաղերում ծագումով հայ մարզիկներ են հանդես գալիս այլ երկրների դրոշների ներքո: Նրանցից ամենահայտնին արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն է, որն առաջին փուլում 6:2, 6:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ կորտի տերերից Շաոհուան Չենգի նկատմամբ եւ երկրորդ շրջանում հանդիպելու է չիլիացի Նիկոլաս Մասուի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել