ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը՝ արդի հայ կինոյի մասին
Արդեն տեւական ժամանակ ազգային կինո կամ կինեմատոգրաֆ հասկացությունները մեզ համար դարձել են վերացական մի բան, որովհետեւ դրանք դուրս են մղվել հայկական արվեստի զարգացման հիմնական ուղուց՝ կորցնելով կապը թե՛ անցյալի ժառանգության եւ թե՛ համաշխարհային կինոպրոցեսների հետ: Անշուշտ, Հայաստանում նկարահանվում են ֆիլմեր, սակայն դրանք թե՛ քանակապես, թե՛ որակապես չեն կարող բավարարել «ազգային կինեմատոգրաֆ» դառնալու պահանջներին: Որոշ կինոգործիչներ հանդես են գալիս ստեղծագործական ծրագրերով եւ հաշվետվություններով, որոշ ֆիլմեր երբեմն մասնակցում են ինչ-ինչ փառատոնների, սակայն ինչպես փաստում են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներն ու արվեստասերները, այդ ամենը բնավ չի նշանակում, որ մենք ունենք կինեմատոգրաֆ՝ համապատասխան մթնոլորտով ու համընդհանուր հետաքրքրությամբ: Այնպես, ինչպես խոսում են երաժշտական, թատերական ընթացքի մասին, նույնը չենք կարող ասել ազգային կինեմատոգրաֆի այսօրվա մասին պարզ պատճառով. տարեկան նկարահանվող 2-3 ֆիլմը դեռ կինո ու կինեմատոգրաֆ չէ: Ինչպես դեռ վերջերս հայտարարում էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը՝ բուն պրոցեսը հանգել է անորոշության:
Ցավոք, «Առավոտի» հետ զրուցած կինոգործիչներից շատերն ինչ-ինչ պատճառներով խուսափում են իրենց անունները հրապարակել: Նրանց ասելիքը տարիներ շարունակ մեկն է՝ կինեմատոգրաֆիայի զարգացման ծրագրի բացակայությունը, Ազգային կինոկենտրոնի տարերային գործունեությունը: Կինոն՝ որպես ազգային մշակույթի ծրագրի բաղկացուցիչ մաս դիտարկելու գաղափարի հանդեպ ոչ շահագրգիռ վերաբերմունքն է, հավանաբար, ծնում այս անորոշ, երբեմն անհասկանալի վիճակը: Հատկապես կինոյի միջոցով հնարավոր պիտի լիներ ապահովել այն գործընթացը, որը կոչվում է արվեստի եւ մշակույթի ինտեգրում: Սա հայտնի ճշմարտություն է, բայց արդյո՞ք վերջինիս նկատմամբ ունենք համապատասխան եւ համապետական շահագրգռություն: Եթե իսկապես առաջնային համարեինք, ապա այսօր երեւանյան սակավաթիվ կինոթատրոնների ազդագրերին հայկական կինոների անուններ կերեւային: Էլ չենք խոսում միջազգային կինոշուկաներում հայկական ֆիլմերի լայն ցանցի մասին, որտեղ Հայաստանը կունենար եւ իր տաղավարը, եւ իր ասելիքը ու չէր բավարարվի 1-2 ֆիլմով «աղքատ ազգականի» կարգավիճակով ներկայանալով:
Մինչ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքը լսելը՝ «Առավոտը» վստահ էր, որ վերը շարադրվածի առիթով նա կփորձի «համոզել», որ հայ կինոյի ու կինեմատոգրաֆիայի վիճակը այսօր արդեն գոհացուցիչ է, ինչը եւ կատարվեց: «Եթե դուք նման կարծիք հայտնեիք 4-5 տարի առաջ, ես կհամաձայնեի ձեզ հետ, բայց այսօր մեր կինոյի վիճակն այլ է: Միայն «Հայք» ստուդիան տարեկան նկարահանում է 15-16 ֆիլմ, որից 3-4-ը՝ խաղարկային, ինչպես եւ խորհրդային շրջանում էր: Մշտապես ստեղծագործական պրոցեսում են կինոռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը, Սուրեն Բաբայանը, Վիգեն Չալդրանյանը, էլ չեմ խոսում կարճամետրաժ ֆիլմ արտադրողների մասին: Ստանում ենք աջակցություն պետությունից եւ այդ գործն իրենց ուսերին են վերցրել պրոդյուսերները, օրինակ՝ Գոռ Վարդանյանն ու իմ երկու տղաներն իրենց միջոցներով են աշխատում եւ այլն: Ընդամենը երկու տարի հետո կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը կունենա պրոդյուսերների իր առաջին շրջանավարտները եւ համոզված եղեք, որ նրանք կարճ ժամանակում իրենց ներդրումը կունենան հայ կինոարտադրությունում: Նշեմ, որ մեր կինոթատրոններում հայկական ֆիլմերը ցուցադրվում են մեկ-երկու օր, իսկ ամերիկյանը՝ տասը օր: Եվրոպայում էլ է այդպես, օրինակ, Իտալիայում եւ Ֆրանսիայում իրենց ֆիլմերը ցուցադրվում են 2-3 օր, իսկ ամերիկյանը՝ շաբաթներով: Ոչինչ անել չենք կարող, այսօր հոլիվուդյան կինոն գրավել է աշխարհը»,- ասաց Ռ. Գեւորգյանցը: