Լրահոս
Օրվա լրահոսը

16.AM-Ը՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 12,2008 00:00

Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ, խաղեր խաղալ ու «քչփորել» երգիչ-երգչուհիների կյանքը:

Այս տարվա մայիսի 1-ից գործում է www.16.am կայքը, որի հիմնադիրն է Միքայել Մարգարյանը: Առաջին ակցիան, որն անցկացրել են կայքի ստեղծողն ու իր բարեկամները, «վերջին զանգի» կապակցությամբ հայտարարված «Լավագույն դպրոց» մրցույթն Էր, որտեղ հաղթող ճանաչվեց թիվ 150 դպրոցը, իսկ վերջինիս համար որպես նվեր իրենք նախաձեռնեցին համերգ՝ հայ աստղերի մասնակցությամբ: «Կայքը ստեղծվել է մինչեւ 16 տարեկանների համար, որովհետեւ այս տարիքի երեխաները հաճախ այցելում են այնպիսի կայքեր, որտեղ չպետք է լինեն»,- նշեց մեր զրուցակիցը: «Ունենք սեփական լրագրողներ, լուսանկարիչ, որոնք մասնակցում են միջոցառումների, նաեւ օրվա նորությունները հայթայթում ենք ինտերնետից՝ օգտվելով տարբեր լրատվամիջոցներից: Տեղադրվում են այնպիսի լուրեր, որոնք կհետաքրքրեն երեխաներին»,- նշեց նա: Հարցին, թե որքանո՞վ են տեղյակ դպրոցականները այս կայքի մասին, Մ. Մարգարյանը պատասխանեց. «Մայիսի մեկին պաստառներ փակցրինք բոլոր դպրոցներում, իսկ որպես գովազդ հանդիսացավ «Քվեարկիր լավագույն դպրոցի համար» ակցիան: Նշեմ, որ այցելեցինք Երեւանի բոլոր դպրոցները, հանդիպեցինք տնօրենների հետ: Մի քանիսը մերժեցին՝ պատճառաբանելով, որ իրենք սեփական կայք ունեն, մի քանիսն էլ ասացին, թե իրենց դպրոցը կարիք չունի լինել լավագույնը, որովհետեւ գիտեն, որ լավ դպրոց են եւ դա իրենց բավարարում է»:

Դառնալով կայքում գործող ֆորումին, Միքայելը նշեց, որ այնտեղ հիմնականում քննարկվում է դպրոցի առօրյան, օրինակ՝ որոշ նամակներ վերաբերում են «վերջին զանգի» թանկ լինելուն: Մ. Մարգարյանի խոսքերով, Հայաստանում դեռեւս 16.am-ի նման կայք չկա. «Եղածներն ընդամենը չաթեր են կամ գրական կայքեր: Շուտով դիմելու ենք ԿԳ եւ մշակույթի նախարարություններ՝ իրենց հետ համագործակցելու, որովհետեւ կան բաներ, որոնք միայն ինքներս չենք կարող անել»:

16.am կայքն ունի «Դպրոց», «Նորություններ», «Շփում», «Օգտակար», «Շոու-բիզնես», «Մրցույթներ» բաժինները: 16.am-ը ոչ միայն ժամանցի համար է, այլեւ աշխարհում կատարվող անցուդարձին ծանոթանալու: Օրինակ, երեկ տեղեկատվություն կար Հարավային Օսեթիայի պատերազմի մասին, կամ ինչպես է Պեկինում 75 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը հաղթել Գանայի ներկայացուցիչ Ահմեդ Սարակույին՝ 14:8 հաշվով:

Ինչպես արդեն նշեցինք, 16.am-ը ունի հյուրամատյան, ֆորում, չաթ, մրցույթներ: Վերջինը՝ «Լավագույն դպրոցականն է»: Ըստ 16.am-ի, առաջիկայում կհայտարարվի նաեւ լավագույն դպրոցական լուսանկարի մրցույթ:

Կայքի «Լուրեր» բաժնում կարելի է տեղեկանալ, թե ինչպես են բրիտանացի հնագետները հայտնաբերել Շեքսպիրի թատրոնի շենքի մնացորդները: Տեղեկություններ կան ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների արդյունքների, ավագ դպրոցի մասին:

«Շոու-բիզնես» բաժնում դպրոցականները կարող են ծանոթանալ երգիչ-երգչուհիների բնավորության գծերի, նախասիրությունների մասին: Ըստ կայքի, օրինակ՝ Արմինկան, որն ավարտել է Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցը, կարգապահ աշակերտուհի է եղել, դասերից փախել է մի քանի անգամ, այն էլ՝ մաթեմատիկայից: Ըստ 16.am-ի հարցաթերթիկի պատասխանների, Արմինկան սիրում է Պարույր Սեւակ եւ Դյումա, ամենաշատը վախենում է Աստծո բարկությունից, չի սիրում մտածել անցյալի մասին, երազում է մայրանալ: Երիտասարդ երգիչ Սերգեյ Գրիգորյանը սովորել է մի քանի դպրոցում, վերջինը 176-ն է եղել: Նրա դպրոցական ամենատպավորիչ հուշն այն է, որ պատռել է համադասարանցու օրագիրը: Սերգեյը սիրում է Դոստոեւսկի եւ Սեւակ, միշտ հետեւում է սրտի ձայնին, հիշում է իր դասղեկ Նառա Խալաթյանին ու նրան բնորոշում որպես լավ մարդ:

Չեխովի անվան թիվ 55 դպրոցն ավարտած «Հայ տղերքի» Հայկոն (Հայկ Մարգարյան) ասում է, որ շուտով դաջվածք կունենա: Նա «սաղ առարկաներն էլ սիրում էր, որտեւ վաբշե դասի չէր նստում», հիշում է, թե ինչպես են տղաներով մի անգամ ցանկացել ուսուցչանոցում մի 24 տարեկան պրակտիկանտի ծեծել: Հայկոն հետաքրքրվում է սպորտով, ավտոմեքենաներով, փողով եւ «ախչկեքով»:

16.am կայքը «DRIVE CLUB»-ի հետ համատեղ կազմակերպում է «16 Drive» խաղը, որի հիմքում դրված է «City drive» խաղը: Գրեթե մեկ տարի խաղը ներկայացվել է նաեւ հեռուստատարբերակով՝ «Երկիր Մեդիայի» եթերում:

Այժմ 16.am կայքը հնարավորություն է ընձեռում ունենալ այդ խաղը՝ հատուկ դպրոցական տարիքի համար վերամշակված տարբերակով:

Կայքի պատասխանատուները խոստանում են, որ այս խաղը հնարավորություն կտա յուրովի կիրառել դպրոցում ուսուցանված առարկաները, ինչպես նաեւ թույլ կտա նորովի ճանաչել քաղաքը: Գլխավոր մրցանակը «Ջրաշխարհի» 2 տոմս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել