Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ, «ՋԱՀԵԼԱԿԱՆ» ԱՐԿԱԾՆԵՐ

Օգոստոս 12,2008 00:00

\"\"Ըստ ԿԳՆ-ի՝ դիմորդները «բթացել» են: «Սարգիս Տխրունու» համոզմամբ՝ նախարարությունը իրավացի է:

ՀՀ պետական բուհերի այս տարվա ընդունելության քննություններն էլ ավարտվեցին, ու ինչպես ԿԳ նախարարության կայքէջից տեղեկանում ենք. «Բարձր միավորները նվազել են 50%-ով, 13013 դիմորդից 18-20 է ստացել ընդամենը 404-ը՝ անցյալ տարվա 958-ի փոխարեն: Եթե այս տարի 8-ից ցածր է ստացել եւ քննական մարաթոնից դուրս է մնացել 1833 դիմորդ, ապա 2007-ին՝ 1634 դիմորդ»: Միջին միավորների նվազելու փաստը անընդհատ շեփորվում է ԿԳ նախարարի ու քննության հետ քիչ թե շատ կապ ունեցողների կողմից: Բազմաթիվ առիթներով, նաեւ հուլիսի 28-ին այցելելով Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) հաշվիչ կենտրոն, ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը՝ ՀԸՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ միասին, հայտարարեց, որ այս տարի բոլոր քննություններում առավելապես միջին միավորներ են արձանագրվել, բարձր եւ շատ ցածր միավորների կտրուկ շարժեր չկան, ինչը, ըստ նրանց, խոսում է հանձնաժողովների հավասարակշիռ աշխատանքի եւ գնահատման միասնական մոտեցման պահպանման մասին:

Եթե այդպես է, արդյո՞ք նրանց ասածից ստացվում է, որ նախորդ տարի քննական հանձնաժողովները հավասարակշիռ չեն աշխատել, օբյեկտիվ չեն գնահատել կամ էլ այս տարի միտումնավոր են այնպես քննել, որ միավորները հիմնականում միջին լինեն: Փաստենք, որ Ս. Սեյրանյանը ԿԳ նախարար է նշանակվել 2008-ի հունիսի սկզբին, այնպես որ 1-2 ամսում նա չէր կարող իր կուսակից ընկեր եւ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի համեմատությամբ այնպես փայլուն աշխատել, որ համակարգի կոռուպցիոն դրսեւորումներն ու ցցուն թերությունները նվազեին: Այստեղ տեղին է հիշեցնել, որ «Առավոտին» տված հարցազրույցում («Պաշտոններն անցողիկ են, մասնագիտությունը՝ մնայուն», 4.06.2008) պարոն Սեյրանյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է Լ. Մկրտչյանի վարած քաղաքականությունը, մանավանդ, իր խոսքով. «Լեւոն Մկրտչյանը ստեղծել է աշխատանքային ուժեղ թիմ եւ իր աշխատանքի մեթոդաբանությունը: Ցանկացած մարդ, անկախ նրանից՝ ստորին աստիճանի մասնագե՞տ է, թե՞ ղեկավար, պետք է հաշվի առնի, որ այս նախարարությունում կան ավանդույթներ ու փորձի իր ձեռագիրը հարմարեցնել նախարարության ձեռագրին»:

Դառնալով բարձր միավորների 50%-ով նվազելուն, մնում է տարակուսանք հայտնել, մի՞թե սերունդը մեկ տարում այդքան բթացել է, թե՞ նրանց ուսուցիչների ու կրկնուսույցների մտավոր կարողություններն են փոխվել այս տարի:

Մի նկատառում եւս. ամեն տարի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ընդունելության քննություններին վերաբերող մոնիտորինգ է անցկացնում, այն էլ՝ մի քանի փուլով: Նախորդ տարիներին հնչակ ջահելները նախկին նախարարին «քլնգելու» կուրս էին վերցրել, իսկ այս տարի՝ լրիվ հակառակը: Օրինակ, 5 միավորանոց սանդղակով գնահատել են քննությունների հետ առնչվող օղակներն ու մարմինները, եւ ըստ «Տխրունու» այս տարվա հուլիսի 6-ին հրապարակած հետազոտության, հարցվողների մեծամասնությունը 4 միավոր է գնահատել ԿԳՆ աշխատանքը, ավելին, գտել, որ նախարարությունն ու նրա զանազան օղակներն ամենեւին էլ կոռումպացված չեն: Հարց է առաջանում, այդքան կարճ ժամանակահատվածում «Սարգիս Տխրունին» ե՞րբ հասցրեց մանրակրկիտ ուսումնասիրել այս գերատեսչությունը եւ ովքե՞ր են նրանց վարձած լուրջ եւ արագաշարժ փորձագետները: Եվ երկրորդ հարցը, արդյո՞ք պատճառն այն էր, որ հնչակ ջահելները խնդիր ունեին նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որը վերջիններիս, եթե չեմ սխալվում, պատրաստվում էր դատի տալ, իսկ նախարարի ընկեր եւ այսօրվա նախարար Սպարտակ Սեյրանյանը ժամանակին կանխեց դա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել