Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն

Օգոստոս 12,2008 00:00

\"\"Եթե Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստների փակումը երկար տեւի՝ չի բացառվում, որ հայերը վերապրեն 90-ականների շրջափակման տարիները:

Արդեն երկու օր է, վրաց-օսական հակամարտության հետեւանքով, փակվել են Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների հիմնական ճանապարհները՝ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստները: Այդ պատճառով ապրանքների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող հազարավոր ընկերություններ կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: Բեռներով բարձված վագոնների ու բեռնատարների մի մասը մնացել է նավահանգիստներում, մի մասն էլ՝ ճանապարհի կեսից հետ է ուղարկվել այն երկիր, որտեղից բարձվել են ապրանքները: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հավաստմամբ, ներկայումս տասնյակ բեռնատարներ ապրանքներով բարձված կանգնած են Բագրատաշենի մաքսակետում եւ սահմանն անցնելու թույլտվություն չեն ստանում:

Նշենք, որ Հայաստանից ապրանքների արտահանումն ու ներմուծումը իրականացվում է հիմնականում ցամաքային ճանապարհով՝ Վրաստանից, իսկ այդ ճանապարհի փակումը, տնտեսագետների հավաստմամբ, կարող է մեր երկրի համար նույնիսկ աղետալի հետեւանքներ ունենալ:

Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանի համոզմամբ, եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք հիշել 90-ականների դաժան տարիները. «Միանշանակ ապրանքների դեֆիցիտ կառաջանա, որն էլ իր հերթին կբերի գնաճի: Մեզ մնում է միայն Իրան- Հայաստան ճանապարհը, որը Հայաստանը փրկեց նաեւ շրջափակման տարիներին»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Փոթիի նավահանգստի փակումը Հայաստանի համար դեռեւս ամենաաղետալին չէ: Այս իրավիճակում դա չարիքներից փոքրագույնն է: Հ. Բագրատյանի խոսքերով. «Այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Պարզ է, որ ճանապարհի փակումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա: Սակայն հարցն այստեղ միայն Փոթին չէ: Հարցն այն է, որ այս ցավալի եւ ողբերգական դեպքերի հետ կապված, ինչքան ես եմ հասկանում, այս անգամ արդեն տասնյակ տարիներով կփակվի Վերին Լարսը, որն ավելի էական է: Հայաստանը պետք է կարողանա այս խնդրին ալտերնատիվ լուծում տալ»: Ըստ Հ. Բագրատյանի, անշուշտ, արդեն կավելանա Իրանով տեղափոխվող բեռների ծավալը, սակայն եթե «մի բան էլ պատահի Իրանի հետ, արդեն հայտնի չէ, թե ինչ կարող է լինել»: Նշենք, սակայն, որ արտահանող եւ ներկրող գործարարների հավաստմամբ, Իրանը միայն ծայրահեղ դեպքում կարող է այլընտրանքային տարբերակ լինել, քանի որ այս ճանապարհը շատ ավելի ծախսատար է եւ, բնականաբար, զգալի կթանկանա ներկրվող ապրանքների ինքնարժեքը, ինչը կհանգեցնի գնաճի: Անելանելի վիճակում են հայտնվել եւ ֆինանսական մեծ կորուստներ են կրում նաեւ բեռնափոխադրող ընկերությունները:

Բեռնափոխադրող «Քառտիր» ընկերության փոխտնօրեն Խոսրով Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բեռնատարները մնացել են Բագրատաշենի մաքսակետում եւ դրանց բացթողման համար ձեւակերպումներ չեն արվում. «Հիմա ընդհանրապես բեռնափոխադրում չկա, ե՛ւ նավերն են կանգնած, ե՛ւ բեռնատարները: Մեր ընկերությունն արդեն ֆինանսական մեծ կորուստներ է կրում»:

«Մել Տրանս» ընկերության տնօրեն Սամվել Մելիքյանը ներկայացրեց. «Ուկրաինայից եւ Ռուսաստանից մեր բեռներով բարձված երկաթուղային լաստանավերն արդեն 3 օր ճանապարհ են ընկել, բայց տեղ չեն հասնում: Մեզ ասում են, որ ռուսները չեն թողնում, որ լաստանավերը մոտենան վրացական սահմանին: Իսկ Բուլղարիայից բեռներով բարձված մեկ այլ լաստանավի Փոթիում չեն ընդունել եւ այն ստիպված ճանապարհի կեսից հետ է գնացել Բուլղարիա: Պետք է փորձենք Իրանով բեռները տեղափոխել, բայց այդպես էլ մեր գործն է դժվարանում, քանի որ փաստաթղթերի ձեւակերպման եւ բեռների անվանափոխության հետ կապված՝ տասնյակ հարցեր են առաջանում»: Նկատենք, որ գործարարների հավաստմամբ՝ լաստանավերի վրա լինում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են վտանգավոր լինել, ասենք՝ ինքնաբռնկվել, իսկ որոշ ապրանքներ սահմանված պայմաններում չպահվելու դեպքում կարող են փչանալ ու վաճառքի համար պիտանի չլինել:

Փոթի-Կավկազ լաստանավի, ինչպես նաեւ Բաթումիի նավահանգստի փակման մասին տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Առավոտին» որեւէ կոնկրետ տեղեկություն չտրամադրեցին, միայն ասացին, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը գործում է սովորական ռեժիմով: Ուղեւորատար գնացքները մեկնում եւ ժամանում են չվացուցակի համաձայն:

Նշենք նաեւ, որ երեկ «ՀայՌուսգազարդը» հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները կրճատվել են 30%-ով: Չի բացառվում, որ գազի ծավալների կրճատումը եւս պայմանավորված լինի ստեղծված իրավիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել