Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումբեր՝ Թբիլիսիի մերձակայքում

Օգոստոս 12,2008 00:00

Երեկ առավոտյան ռուսաստանյան օդուժը ռմբակոծել է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կոջորիի ռազմական բազան եւ ռադարային կայանը: Վրաստանի ՆԳՆ խոսնակ Շոթա Ուտիաշվիլին «Ֆրանսպրեսին» հայտնել է, թե «պայթյունը, որ լսվել է նույնիսկ Թբիլիսիի կենտրոնում, հնչել է տեղական ժամանակով 4.40-ի սահմաններում»: Ավելի ուշ Ուտիաշվիլին նշել է, թե գիշերվա ընթացքում ռուսաստանյան օդուժը ռմբակոծության է ենթարկել նաեւ Գորին: Նախօրեին Վրաստանը խնդրել է Միացյալ Նահանգներին՝ հանդես գալ որպես միջնորդ՝ Հարավային Օսիայի շուրջ ռազմական հակամարտության կարգավորման հարցում:

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան կիրակի օրը «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, որ իր երկրի կառավարությունը դիմել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ խնդրելով փոխանցել Թբիլիսիի առաջարկը Մոսկվային: Ռուսաստանն ավելի վաղ մերժել էր հրադադարի կամ դիվանագիտական համաձայնության կոչերը, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ասել էր, որ ռուսական ուժերը «մտադիր են մնալ Հարավային Օսիայում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել պատերազմական գործողությունները Վրաստանում եւ բանակցությունների ճանապարհով կարգավորել հակամարտությունը: Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համատեղ պատվիրակությունն արդեն մեկնել է Վրաստան՝ փորձելու միջնորդել հրադադարի հաստատումը:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ռուսաստանի ռազմական գործողությունները Հարավային Օսիայում «չպետք է անպատասխան մնան»: Չեյնիի գրասենյակի փոխանցմամբ, փոխնախագահը Միացյալ Նահանգների համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդավարական իշխանություններին եւ շեշտել, թե Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակումը կարող է «լուրջ հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերությունների համար»:

«Ազատություն» ռ/կ-ն հաղորդում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների նախագահներ Սերգեյ Բաղապշը եւ Էդուարդ Կոկոյտին պատրաստվում են դիմել միջազգային հանրությանը՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Հարավային Օսիայի տեղեկատվության եւ մամուլի պետական կոմիտեի հաղորդագրությունը, հայտնում է, թե դա տեղի է ունենալու «շատ շուտով»: Ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները այդ մասին պայմանավորվել են այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ, օգոստոսի 11-ի ժամը 10-ի դրությամբ արտգործնախարարության ստորաբաժանումների աջակցությամբ կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մոտ 7500 քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել