Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ողջունում է Կոնգրեսը

Օգոստոս 12,2008 00:00

Եվ պատրաստվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածել է երկու հայտարարություն: Մեկով ողջունում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, մյուսով ավետում է ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին:

Հայ ազգային կոնգրեսը ողջունելով՝ «Ժառանգությունը» հայտարարում է. «Արժանվույնս գնահատելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման անցած ուղին եւ դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման, համակարգափոխության այլընտրանք առաջարկելու եւ այդ ուղղությամբ հասարակությանն առաջնորդելու գործում, «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է այդ շարժման հանրակարգային հանգրվանը հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հռչակումը»: «Ժառանգությունը» «կարեւորում է հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ընդդիմադիր ուժերի գործողությունների համակարգվածությունը, փոխլրացումը եւ դրանց վերաբերյալ փոխադարձ տեղեկացվածությունը, հայտարարում է ՀԱԿ-ի հռչակած նպատակների ձեռքբերման գործում իր գործընկերային մասնակցության պատրաստակամությունը՝ «Ժառանգություն» կուսակցության որդեգրած սկզբունքների եւ նպատակների շրջանակներում, իր պատրաստակամությունն է հայտնում՝ ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից առաջ եւ կամ հետո քննարկել նրա հետ մասնակցության, համագործակցության եւ կամ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման հռչակագիրը շուրջ մեկուկես տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ստորագրել էին Համաժողովրդական շարժման՝ օգոստոսի 1-ի հանրահավաքում:

ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունն ավետելով՝ «Ժառանգություն»  կուսակցությունը հայտարարում է, որ կարեւորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրում քաղաքական-քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային կյանքի բարելավման ու աշխուժացման գործում, շահագրգիռ լինելով հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կայացման հարցում եւ ցանկանալով իր ակտիվ դերակատարումը բերել դրան: Նաեւ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ որպես իշխանության անմիջական կրողներ, ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ ամեն կերպ նպաստել դրանց արդար, թափանցիկ եւ առանց կեղծիքների անցկացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել