Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամին երեկ արգելել են մասնակցել վերաքննիչ դատարանի նիստին:
Երեկ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը: Վերջիններս մեղադրվում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ (Քրեական օրենսգրքի 306 հոդված), դատարանը նրանց դատապարտել է 2 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին աշխատակիցները փետրվարին Ազատության հրապարակում իբր բացահայտել են ԱԱԾ գործող աշխատակիցներին: Այս մարդկանց այցելել են ժամանակավոր հանձնաժողովի անդամները: Այդ հանդիպումից հետո հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանն ասել էր. «Տվյալ գործով չկա քաղաքացիական անձի վկայություն, վկայություն տվողները ԱԱԾ աշխատակիցներ եւ քրեական հետախուզության սպաներ են»: Գ. Արսենյանին զարմանալի է թվացել, որ ԱԱԾ երկու աշխատակցի «բացահայտմանը» մասնակցել է 8-10 մարդ, ովքեր ոլորել են նրանց ձեռքերը եւ այլն, սակայն այդ մարդկանցից ոչ մեկն այդպես էլ չհայտնաբերվեց: Նրան զարմացրել է նաեւ սա. «Փետրվարի 27-ին, ժամը 23-ի մոտ, աշխատակիցները 8-10 մ-ի վրա տեսել են ԱԱԾ նախկին աշխատակիցների, որոնք 3-րդ անձի հետ զրույցի ընթացքում գլխի շարժումով մատնացույց են արել իրենց կողմը: Ապացուցողական բազան սրանով ավարտվել է: Զարմանում եմ դատարանի վրա, որովհետեւ մինչ այսօր գիտեի, որ մատնացույց են անում մատով եւ ոչ թե գլխի շարժումով»: Եվս մի դրվագ. «Վկայություն տվողներից մեկն ասել է՝ երեք անձինք իր ուշադրությունը գրավել են շշուկով խոսելու պատճառով, պատկերացրեք, սա վկայություն է, որի հիման վրա մարդկանց դատապարտել են»: Հիշեցնելով, որ փետրվարին ժամը 20-ի սահմաններում արդեն իսկ մութ է, եւ մթության մեջ «շշուկով» խոսելը չէր «երեւա», դեռ մեկ ամիս առաջ տարակուսել էր Գուրգեն Արսենյանը: Հուսալով, որ արդարադատությունը կարող է եւ հաղթանակել, ԱԱԾ նախկին աշխատակիցները դիմել էին վերաքննիչ դատարան: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ փորձել է մասնակցել վերաքննիչի այդ նիստին, մանավանդ, որ այդ մասին խնդրել էին ամբաստանյալները: Արծվիկ Մինասյանը մեզ պատմեց հետեւյալը. «Ես դատական նիստին մասնակցեցի միջնորդությունների փուլում: Մեղադրող-դատախազը միջնորդություն չներկայացրեց նիստը դռնփակ անցկացնելու մասին, եւ երբ անցան բողոքի ներկայացմանը, այդ ժամանակ դատախազը միջնորդեց, որ նիստը լինի դռնփակ, հաշվի առնելով այն, որ առաջին ատյանի դատարանում գործը քննվել է այդպիսի ռեժիմով»: Դրանից հետո պաշտպանական կողմը միջնորդել է, որ նիստին մասնակցի նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Ա. Մինասյանը: Մեղադրող կողմն առարկել է: Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ինքը, որպես պատգամավոր, պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության սահմանած նորմերին համապատասխան իրավունք ունի նման որոշ տեղեկությունների ծանոթանալ: Մեղադրող կողմն առարկել է, թե տվյալ գործը չի մտնում ժամանակավոր հանձնաժողովի կողմից քննվող հարցերի շրջանակի մեջ: Սակայն Ա. Մինասյանն առարկել է. «Ես պարզաբանում ներկայացրի, որ ԱԺ համապատասխան որոշումը վերաբերում է ինչպես մարտի 1-2-ին, այնպես էլ դրանց նախորդող եւ հաջորդող օրերին, եւ հանձնաժողովը ինքն է որոշում, թե որ դեպքերն են հանգեցրել եւ իրենց ազդեցությունն ունեցել մարտի 1-2-ի վրա, եւ ասացի, որ սա հստակ այդ դեպքերից է, հանձնաժողովը արդեն զբաղվում է դրանով»: Այդ ընթացքում դատարանի երեք դատավորներն անընդհատ ինչ-որ քննարկումների մեջ են եղել եւ չեն թաքցրել, որ թույլ չեն տալու պատգամավորին մասնակցել նիստին. «Ես դատարանին վատ դրության մեջ չդնելու համար ասացի, որ եթե ես դատարանին դնում եմ մի վիճակի մեջ, որ իրենք ստիպված են լինելու օրենք խախտել, ես լքում եմ դատարանի դահլիճը՝ արդարադատություն մաղթելով դատավարության մասնակիցներին»:
Գնահատելով վերաքննիչ դատարանի վերաբերմունքն իր եւ հանձնաժողովի նկատմամբ, ԱԺ պատգամավորը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց. «Ես սա համարում եմ վերաբերմունք ԱԺ պատգամավորի հանդեպ, այն հարիր չէ դատախազության աշխատակցին, հարիր չէ պետական-պաշտոնատար անձին, հարիր չէ ՀՀ քաղաքացուն, որովհետեւ մեր հանձնաժողովի խնդիրը կատարվածին օբյեկտիվ գնահատական տալն է, եւ եթե նրանք ցանկանում են, որ լինի այդ օբյեկտիվ գնահատականը, ապա պետք է աջակցեն՝ ոչ թե խոչընդոտեն հանձնաժողովի աշխատանքին: Բացի այդ, որպես իրավաբան ես արդեն մտահոգ եմ, որ կոնկրետ այս գործի քննության հարցում նախաքննական մարմինը եւ դատախազությունը՝ իբրեւ հսկողական իրավասությամբ օժտված մարմին, պատշաճ քննություն չեն իրականացրել ե՛ւ վկաների ցուցմունքների արժանահավատության գնահատման, ե՛ւ նոր վկաներ ներգրավելու, ե՛ւ, այսպես ասած, չեզոք վկաների ինստիտուտը գործադրելու ուղղությամբ»: Ա. Մինասյանը վստահ է, որ նախաքննական մարմինը եւ դատախազությունը բավարար կամք չեն ցուցաբերել այս գործով ճշմարտությունը բացահայտելու համար. «Կարծում եմ, դատախազության նման պահվածքը ոչ միայն կարող է էականորեն խոչընդոտել արդարադատության իրականացմանը, այլեւ բավական վատ ու տխուր նախադեպ ստեղծել մեր իրավակիրառական պրակտիկայում»: Ըստ պատգամավորի, նման իրավիճակում հնարավոր չէ խուսափել քաղաքական գնահատականներից. «Եթե նման պահվածք պետք է լինի նախաքննական մարմնի կամ վերահսկողական իրավասություններով օժտված դատախազության մոտ, ուզեն թե չուզեն՝ տարվելու է քաղաքական հարթություն, իսկ դա որեւէ մեկին, կարծում եմ, ձեռնտու չէ, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են իսկապես բացահայտվի ճշմարտությունը եւ ձգտում են, որ արդարադատությունը իրականանա»:
Չի բացառվում, որ դատական այս նիստի մասին ինֆորմացիա տալու համար ժամանակավոր հանձնաժողով հրավիրվի մեղադրող կողմը: Արծվիկ Մինասյանը հարկ համարեց ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել կատարվածի վրա եւ հույս հայտնեց որ սա կլինի առաջին եւ վերջին նման դեպքը:
Վերջում հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին աշխատակիցները փետրվարյան դեպքերի ընթացքում աշխատել են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: