Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 09,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսաներեքերորդ

ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Եվ Վիոլետն ասաց՝ «փաստորեն, ձեր կոֆե էփողը ճիշտ ա ասել. մի տարուց ավել «Կենտրոնում» հաղորդում եմ վարել», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ էդ հաղորդմանդ հյուրն էղել», եւ Վիոլետը հարցրեց՝ «հետո՞. է՞լ ինչ էին խոսում», եւ ես ասացի՝ «հետո իմացան, որ բանաստեղծ ես», եւ Վիոլետը հարցրեց՝ «դո՞ւ ասիր», եւ ես ասացի՝ «հա», եւ Վիոլետը հարցրեց՝ «չզարմացա՞ն», եւ ես ասացի՝ «որ իմացան ժուռնալիստ ես՝ ավելի զարմացան», եւ Վիոլետը հարցրեց՝ «խի՞», եւ ես ասացի՝ «իրանք մտածում են, որ ժուռնալիստն ավելի ուժեղ ա, քան՝ գրողը», եւ Վիոլետն ասաց՝ «շատ էլ ճիշտ են մտածում. ժուռնալիստին հարցազրույց անելու համար փող են տալիս, բայց հարցազրույց տալու համար գրողին ոչ մեկը փող չի տալիս», եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ստացվում ա, որ հարց տալն ավելի կարեւոր ա, քան՝ պատասխանելը», եւ ես ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Հրաչը, որ էդ պահին մտել էր խոհանոց, Վիոլետին ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, էս հարցազրույցի համար ի՛նքը պիտի մեզ փող տա», եւ Վիոլետը հարցրեց՝ «ո՞վ», եւ Հրաչն ասաց՝ «Արմենը», եւ Վիոլետը հարցրեց՝ «խի՞ պիտի փող տա», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «փաստորեն, իրան ձրի ռեկլամ ենք անում», եւ ես ասացի՝ «ես ռեկլամի կարիք չեմ զգում», եւ Հրաչն ասաց՝ «էդ արդեն քո՛ պրոբլեմն ա», եւ երբ Հրաչն էդ ասաց, գազօջախին դրված սուրճը թշշալով թափվեց, եւ Հրաչն ասաց՝ «գրողներից ո՞վ ա խեր տեսել, որ մենք տենանք», եւ Վիոլետը սրճեփն շտապ վերցնելով ասաց՝ «լավ ա՝ լրիվ չթափվեց. էսքանը մեզ հերիք ա», եւ Հրաչն ասաց՝ «էդքանը ձեզ շատ է՛լ ա», եւ ես Հրաչին ասացի՝ «հատուկ կոֆե էփող պիտի պահես», եւ Հրաչը հարցրեց՝ «էդ ո՞վ ա հատուկ կոֆե էփող պահում», եւ Վիոլետն իմ ու իր բաժակները լցնելով ասաց՝ «իրանց «Տոտոյում» պահում են», եւ Հրաչն ասաց՝ «էդ «Տոտոյում» էլ պիտի հարցազրույցն անեիք», եւ Վիոլետը Հրաչին ասաց՝ «Արմենի մոտ զգույշ խոսա», եւ Հրաչը զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ Վիոլետն ասաց՝ «ինչ լսում ա՝ իրա վեպի մեջ գրում ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մի բան էլ ավել», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բա որ մե՞նք իրա մասին մեր թերթում գրենք», եւ ես հարցրի՝ «իմ մասին ի՞նչ պիտի գրեք», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «կգրենք, որ առավոտից իրիկուն էդ բուքմեյքերականներում ես», եւ Վիոլետը ծիծաղեց ու ասաց՝ «ինքն էդ բուքմեյքերականների մասին է՛լ ա շատ մանրամասն գրում», եւ Հրաչը տհաճությամբ ինձ նայեց եւ Վիոլետին ասաց՝ «ամեն շունուգելի իրա էդ գիրքը տվել ա, բայց ինձ չի տվել», եւ ես ասացի՝ «դու շատ զբաղված մարդ ես. կարդալու ժամանակ չունես», եւ Հրաչն ասաց՝ «գործիս անունը կարդալն ա. ձեր էդ հացազրույցներն ու ամեն ինչը համ կարդում եմ, համ էլ խմբագրում եմ», եւ ես հարցրի՝ «հարցազրույցների ի՞նչն ես խմբագրում», եւ Հրաչը զարմացած ասաց՝ «կարող ա՞ թողեմ՝ ձեր ամբաղզամբաղ մտքերը նույնությամբ տպվեն», եւ ես ասացի՝ «թե ասածներս փոխելու ես՝ հարցազրույց չտամ», եւ Վիոլետն ինձ ասաց՝ «ոչ մի բան էլ չի փոխում», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ա ասում՝ խմբագրում եմ», եւ Վիոլետն ասաց՝ «ասում ա, էլի. էսքան վախտ ոչ մեկի մտքերին կպած չկա», եւ Հրաչն ասաց՝ «Արմանի մտքերը որ չկրճատեի՝ խայտառակ կըլնեինք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Արման», եւ Վիոլետն ասաց՝ «Գրիգորյան», եւ ես Հրաչին հարցրի՝ «Արմանի ո՞ր մտքերն ես կրճատել», եւ Վիոլետն ասաց՝ «ոչ մի բան էլ չի կրճատել», եւ Հրաչն ասաց՝ «ո՞նց չեմ կրճատել. իրա էն սատանայական մտքերն իմ թերթում հո չէի՞ տպի», եւ Վիոլետն ինձ ասաց՝ «ծավալը մեծ էր ստացվել, դրա համար էլ մի քանի նախադասություն հանեցինք», եւ Հրաչն ասաց՝ «լափ էլ իրա էդ մտքերը հանել եմ», եւ Վիոլետը Հրաչին ասաց՝ «Արմենին մի վախացրու. հազիվ եմ համոզել, որ հարցազրույց տա», եւ Հրաչն ասաց՝ «ի՛նքը պիտի մեզ համոզի, որ իրանից հարցազրույց վերցնենք», եւ Վիոլետն ասաց՝ «ինքը քանի տարի ա՝ ոչ մեկին հարցազրույց չի տվել», եւ Հրաչն ասաց՝ «կարող ա՞ ծնկաչոք խնդրենք, որ հարցազրույց տա», եւ Վիոլետն ասաց՝ «ոչ խնդրենք, ոչ էլ հուշտ անենք», եւ Հրաչն ասաց՝ «հուշտ չեմ անում. պրոֆիլակտիկայի նպատակով նախազգուշացնում եմ, որ հակաքրիստոնեական ու սատանայական բաներ չասի», եւ Վիոլետն ասաց՝ «որ խնդրենք էլ՝ ինքը հակաքրիստոնեական բաներ չի ասի», եւ Հրաչը հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ Վիոլետն ասաց՝ «Արմենը հավատացյալ ա. ամեն օր մոմ ա վառում», եւ Հրաչն ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հավատացյալ չեմ, բայց մոմ վառում եմ», եւ Հրաչը հարցրեց՝ «ամեն օ՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ամեն օր չի ստացվում», եւ Հրաչը ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ ձեր էդ «Տոտոյում» ես մոմ վառում», եւ ես ասացի՝ «հիմի դո՛ւ ես սատանայական բաներ խոսում», եւ Հրաչը ծիծաղելով շարունակեց՝ «մինչեւ հիմա սխալմամբ կարծել եմ, թե հավատացյալները եկեղեցի են գնում, բայց, պարզվում ա, տոտալիզատոր են գնում», եւ ես ասացի՝ «ո՞վ ա ասել, որ հավատացյալ եմ», եւ Հրաչը ծիծաղելով ասաց՝ «Վիոլետն ա ասում», եւ ես ասացի՝ «ես Վիոլետի ասածների համար պատասխանատու չեմ», եւ Հրաչը հարցրեց՝ «այսինքն, հավատացյալ չե՞ս», եւ ես ասացի՝ «ինձանից ի՞նչ հավատացյալ», եւ Հրաչը ժպտաց ու ասաց՝ «հիմա հասկացա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հասկացար», եւ Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «մոմ ես վառում, որ էդ տոտալիզատորներում շահես», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Հրաչը ծիծաղելով հարցրեց՝ «խի՞ չպիտի ծիծաղեմ», եւ ես ասացի՝ «որովհետեւ ճիշտ ես ասում», եւ Հրաչը ծիծաղելով հարցրեց՝ «ճիշտ գուշակեցի՞», եւ ես ասացի՝ «համարյա», եւ Վիոլետը Հրաչին ասաց՝ «եթե «Տոտոյում» հաջողության հասնելու նպատակով մոմ ա վառում, էդ է՛լ ա հավատալու նշան», եւ Հրաչը լրջացավ ու Վիոլետին ասաց՝ «բայց սուտ խոսելն ու խաբելը հավատալու նշաններ չեն», եւ Վիոլետը հարցրեց՝ «ի՞նչ սուտ», եւ Հրաչը նախ ինձ նայեց, հետո նայեց Վիոլետին ու ասաց՝ «մի քանի անգամ խոստացել ա, որ վերջին էջի համար հումոր կգրի, բայց չի գրել», եւ Վիոլետն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «խի՞ չես գրել», եւ Հրաչն իմ փոխարեն Վիոլետին պատասխանեց ու ասաց՝ «երեւի մեր թերթում աշխատելն իրա պատվից ցածր ա համարում», եւ ես ասացի՝ «շատ եմ ուզում ձեր թերթում աշխատեմ, մանավանդ որ՝ փողի կարիք ունեմ», եւ Հրաչը միանգամայն լուրջ ինձ հարցրեց՝ «ի՞նչ կաշխատեիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հակաքրիստոնեական ու սատանայական մտքերը կրճատող», եւ Հրաչը ծիծաղելով ասաց՝ «ես էդ գործն առանց աշխատավարձի եմ անում», եւ ես հարցրի՝ «աշխատավարձ չես ստանո՞ւմ», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «ստանում եմ, բայց՝ ո՛չ էդ գործի համար», եւ ես ասացի՝ «էդ գործը շատ լավ կանեմ», եւ Հրաչն ասաց՝ «դու հըլը հարցազրույց տուր, տենանք՝ կարա՞ս նորմալ հարցազրույց տաս», եւ ես ասացի՝ «իմ դարդն է՛լ ա էդ. վախենում եմ՝ շատ անհետաքրքիր հարցազրույց ստացվի», եւ Հրաչը հարցրեց՝ «խի՞ ես վախենում. ասելիք չունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ասելիք շատ ունեմ, բայց ասելիքս վեպիս համար եմ պահում», եւ Վիոլետն ասաց՝ «ես համոզված եմ, որ շատ հետաքրքիր հարցազրույց կստացվի», եւ Հրաչն ասաց՝ «դե սկսեք. իզուր ժամանակ եք կորցնում», եւ Վիոլետն ասաց՝ «սկսենք», եւ ես ասացի՝ «ես պատրաստ եմ», եւ Հրաչն ասաց՝ «իմ կաբինետը ձեզ փեշքեշ. ես էս խոհանոցում էլ կաշխատեմ», եւ ես ասացի՝ «ինչպիսի՜ զոհողություն», եւ Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «արվեստը զոհեր է պահանջում»:

Ինչեւէ. Վիոլետն ու ես էդ հարցազրույցը հորովմորով արինք, եւ հիմա արդեն առավոտ է, եւ զոքանչիս տանը նստած՝ փորձում եմ էս վեպս ընդհատված տեղից շարունակել, բայց ահա՝ նախկինում չպատահած ինչ-որ դժվարությունների եմ հանդիպում, ու էս դժվարությունները միանգամայն հոգեբանական բնույթի են, եւ դրանց պատճառները միանգամայն հասկանալի ու ակնհայտ են. արդեն մի ամիս է՝ Կայարանի մեր տան վերանորոգումն սկսել ենք ու արդեն մի ամիս է՝ զոքանչիս, ավելի ճիշտ՝ աներոջս տանն ենք ապրում, եւ չնայած Արամ Խաչատրյանի փողոցի վրա գտնվող էս բնակարանն աներոջս անունով է, բայց առավոտից իրիկուն է՛ն զգացողությունն ունեմ, թե՝ զոքանչիս տանն եմ ապրում, եւ չնայած երկուսն էլ ինձ շատ լավ են վերաբերվում, ստեղծագործելու իմաստով էս նոր միջավայրին դժվարությամբ եմ վարժվում, որովհետեւ ստեղծագործելու իմաստով սա միանգամայն անբնական միջավայր է հատկապես ինձ նման մեկի համար, որովհետեւ տնփեսաների ու զոքանչների թեման ինձ համար նույնպես հավերժական թեմա է, եւ ես միշտ սիրել եմ հանաքներ անել տնփեսա ընկերներիս վերաբերյալ, եւ հիմա եմ միայն հասկանում, որ դրանք չափազանց դառը կատակներ են, որովհետեւ արդեն մի քանի շաբաթ է՝ լիարժեք ու վերջնական տնփեսա եմ, եւ չնայած երեկ Աբոն խոստացավ, որ ամիսուկեսից վերջնականապես կավարտի տանս վերանորոգումը, այդուհանդերձ, ես արդեն լիարժեք ու կատարյալ տնփեսա եմ՝ անկախ էն հանգամանքից, որ ինձ հիմնավորապես ներշնչել եմ՝ էս անգամ հավատալ Աբոյի խոստմանը, եւ եթե Աբոն ու իր բրիգադը նույնիսկ տասնհինգ օրում ավարտեն մեր տան վերանորոգման աշխատանքները, միեւնույն է, ես արդեն լիարժեք ու վերջնական տնփեսա եմ եւ արդեն վերջնականապես եմ հասկացել, որ, ինչքան էլ ժամանակավոր, տնփեսայությունը հավերժական ու մնայուն կատեգորիա է, որովհետեւ, ի վերջո, բոլոր տնփեսաներն էլ ժամանակավորապես են էդ կարգավիճակում գոյատեւում ու տեւում, մինչդեռ էդ վիճակի ու կարգավիճակի նստվածքն ու հետեւանքները հավերժ են, ավելի ճիշտ՝ ցմահ, եւ էդ նստվածքն ու հետեւանքներն, ինչպես պարզվում է, զուտ հոգեբանական բնույթի են, եւ, ինչպես պարզվում է, առանձնապես էական չէ՝ ամիսուկե՞ս ես տնփեսա եղել, թե՞, ասենք, քսան տարի, որովհետեւ ամիսուկեսն ու քսան տարին հավերժության համեմատ նույն բանն են, եւ եթե էս մինուճար կյանքում թեկուզեւ ընդամենն ամիսուկես ես տնփեսա եղել, կնշանակի՝ արդեն տնփեսա եղել ես, ընդ որում՝ միանգամայն լիարժեք ու ավարտուն տնփեսա, քանզի մաշկովդ ու զգայարաններովդ անմնացորդ զգացել ես զոքանչական անհուն ու զգուշավոր գորովանքը, նաեւ զգացել ես, որ կինդ ու երեխեքդ էլ են էստեղ քո հանդեպ առավել զգուշավոր ու նրբանկատ, եւ էս ակնհայտ բաներն զգալով, հասկանալով ու գնահատելով՝ հիմա արդեն ներքուստ ուզում եմ, որ Աբոն հնարավորինս ձգձգի տանս վերանորոգումը, մանավանդ որ՝ արդեն մի քանի օր է՝ զոքանչապատկան էս տարածքում վեպ գրելս էլ է կարծես ստացվում, ու հիմա նաեւ մտածում եմ, որ չնայած տնփեսաների բնակատեղը հիմնականում ու կադաստրով աներների՛ սեփականությունն է, բայց ցանկացած տնփեսայի հենց զոքանչի՛ անունն է կպչում, եւ էդ իմաստով մանավանդ հայերս ենք անուն կպցնող, եւ միայն հայերս ենք աշխարհագրական էդ տեղանունը «զոքանչանոց» եւ ոչ թե, ասենք, «աներանոց» հորջորջում, եւ չնայած աշխարհագրական էդ տեղանքին փեսաներից յուրաքանչյուրը չափազանց մեծ դժվարությամբ է հարմարվում ու ինտեգրվում, բայց հարմարվելուց ու ինտեգրվելուց հետո արդեն իրեն էնքան ազատ ու անկաշկանդ է զգում՝ ինչքան որ ձուկն է ջրում իրեն ազատ ու անկաշկանդ զգում, ու էս ասածս բացառապես վերաբերում է փեսայասեր ու միանգամայն նորմալ զոքանչների առկայության պարագային, եւ քանի որ անձամբ իմ զոքանչն էլ է փեսայասեր ու միանգամայն նորմալ, էս պահի դրությամբ ինձ միանգամայն ազատ ու անկաշկանդ եմ զգում, եւ, ինչպես տեսնում եք, գրելս էլ է կարծես ստացվում, ընդ որում՝ ոչ միայն ստացվում է, այլեւ տնփեսայության մասին էս խորհրդածություններս էլ են վեպիս մեջ միանգամայն սինքրոն սողոսկում ու ներդաշնակորեն տեղավորվում, եւ հիմա էս խորհրդածություններս շարունակելով՝ արդեն նաեւ մտածում ու հասկանում եմ, թե ինչից է, որ տնփեսաներն իրենց ընտանեկան սահմաններում անհամեմատ ռիսկով են, քան՝ սովորական փեսաները. եթե «զոքանչանոց» հորջորջվող էդ հարաբերական տարածքում որեւէ մեկը խաթրիդ դիպչի, փասափուսեդ կհավաքես ու կչքվես իրենց էդ հարաբերական տեսադաշտից, բայց եթե քո սեփական տանն են կինդ ու երեխեքդ քեզ նեղացնում, չես իմանում՝ գլուխդ առնես եւ ուր չքվես, ու էստեղից էլ բխում է հերթական եզրակացությունս. փեսան զոքանչի տերիտորիայում անհամեմատ դուխով ու համարձակ է, քան՝ իր սեփական տարածքում, բայց, կրկնում եմ, էս ասածս աշխատում է բացառապես փեսայասեր ու միանգամայն նորմալ զոքանչի առկայության պարագայում, եւ այլ տարբերակների մեջ հանձն չեմ առնում խորասուզվել, որովհետեւ, էլի եմ ասում, իմ զոքանչն ամենանորմալներից է, բայց, այլ տարբերակների մեջ չխորասուզվելով հանդերձ, չեմ կարող չիմացողի կեցվածք ընդունել եւ ցույց տալ, թե բացարձակապես անտեղյակ եմ այլ տարբերակներից, մանավանդ որ՝ այլ տարբերակներն անհամեմատ շատ ու բազմազան են, եւ չնայած էդ այլ տարբերակներին ընդամենը կողքանց եմ հաղորդակցվել, բայց կողքանց հաղորդակցվելով՝ ահագին խորամուխ եմ եղել ու Տոլստոյի ասածը մի քիչ նենգափոխելով՝ կարող եմ ասել. բոլոր երջանիկ տնփեսաներն իրենց երջանկությամբ նման են իրար, մինչդեռ բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի, եւ էս ասածս, իհարկե, կընդունեն ու կհասկանան հենց էդ յուրովի դժբախտները, որոնցից առաջին մտքիս եկածը Կիրովականցի Ռուբոն է, որը քսան տարի զոքանչին Պրոսպեկտի զոքանչանոցում հանդուրժելով՝ միանգամայն պատվով երկինք ճանապարհեց եւ մի քանի օրվա մեջ զոքանչի՝ Պրոսպեկտի վրայի էդ երեքսենյականոցն իր անունով անելով՝ ընդամենը մի տարում փոշիացրեց եւ հիմա Մասիվում վարձով է ապրում, որովհետեւ Կիրովականցի Ռուբոյի բուքմեյքերական կրքերի ու տեսիլքների համեմատ՝ մեր նմանատիպ կրքերն ու տեսիլքներն ուղղակի զրո են, եւ չնայած Պրոսպեկտի էդ տան շուտափույթ փոշիացումը Կիրովականցի Ռուբոն շարունակաբար զոքանչի հետմահու անեծքների հետ է կապում, բայց ես, կողքից ու օբյեկտիվորեն նայելով, հակված եմ Ռուբոյի էդ շոշափելի կորուստն առաջին հերթին Ռուբոյի խելքին ու բուքմեյքերական զարմանազան տեսլականներին վերագրել, եւ հիմա Ռուբոյի դժբախտությունը հիշելով ու ձեզ հրամցնելով՝ հիշեցի, որ էս վեպիս մեջ իր էս դժբախտությանը մի անգամ ավելի մանրամասն արդեն անդրադարձել եմ, բայց, այդուհանդերձ, էս անդրադարձս էլ ավելորդ չեմ համարում, քանի որ նախորդ անդրադարձս բացառապես բուքմեյքերական կոնտեքստի սահմաններում էր, մինչդեռ էս անդրադարձս բացառապես զոքանչային ու տնփեսայության ոլորտին է վերաբերում, եւ քանի որ ասացի ու դեռեւս պնդում եմ, որ բոլոր դժբախտ տնփեսաները դժբախտ են յուրովի, պարտավոր եմ նաեւ Եղբայր Հայկազի օրինակը հիշելով բերել, որովհետեւ Եղբայր Հայկազը Կիրովականցի Ռուբոյի պես անբախտ տնփեսա լինելով՝ միանգամայն յուրովի էր անբախտ, եւ էս երկուսի անբախտության արմատական տարբերությունը հիմնականում էս երկու անհատականությունների արմատական տարբերության արդյունք էր, որովհետեւ Եղբայր Հայկազը, ի տարբերություն Կիրովականցի Ռուբոյի, հավատացյալ էր եւ, ի տարբերություն Ռուբոյի, միանգամայն անհուն սիրով էր սիրում իր կնոջը, եւ էս երկու անհատականությունների նմանությունն ու ընդհանրությունը տնփեսայությունն էր, ինչպես նաեւ՝ անհուն ատելությունը յուրյանց զոքանչների հանդեպ, եւ եթե Կիրովականցին ափաշկարա ու ի լուր աշխարհի էր զոքանչին ատում, Եղբայր Հայկազն իր ատելությունը շարունակաբար ներս գցելով՝ խորը թաքցրած պահում էր իր ներսի հազարերորդ խորքում, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, Եղբայր Հայկազն անհուն սիրով էր սիրում յուր կնոջը՝ Ռիտային, եւ հանուն իր էդ անհուն սիրո հնարավորինս հանդուրժեց իր զոքանչին զոքանչի՝ Թումանյանի վրա գտնվող բնակարանում, եւ դուք արդեն էս երկուսի եւս մի ընդհանրությունը նկատեցիք՝ երկուսն էլ փոքր կենտրոնում էին իրենց զոքանչներին հանդուրժում, բայց, ի տարբերություն Կիրովականցի Ռուբոյի եւ ի դժբախտություն Եղբայր Հայկազի, Հայկազը մեր քաղաքամոր փոքր կենտրոնում ո՛չ թե ընդամենը քսան տարի յուր զոքանչին հանդուրժեց, այլ՝ ամբողջ քառասուներկու տարի, եւ, ի տարբերություն Կիրովականցի Ռուբոյի ու ի դժբախտություն Եղբայր Հայկազի, էս դեպքում մեռնողը ոչ թե զոքանչն էր, այլ՝ փեսան, այսինքն ինքը՝ Հայկազը, եւ էս հանգամանքն արդեն ճակատագրերի՛ տարբերություն է, եւ չնայած էս երկու ճակատագրերն էլ արտառոց են, այդուհանդերձ, Հայկազի դժբախտությունն ականատեսներին առավել տեսանելի էր, մանավանդ որ՝ յոթանասունչորսամյա Հայկազի մահից հետո կինն ընդամենը տարիուկես ապրեց, մինչդեռ իննսունչորսամյա զոքանչն առ էսօր ապրում է եւ կա ու ծնկներին տալով՝ անիծում է իր բախտը եւ անընդհատ սգում է՝ հիշելով աղջկան, ինչպես նաեւ՝ իր սիրասուն փեսային, որովհետեւ Հայկազը ճշմարիտ հավատացյալ էր, եւ իր հոգում ատելությունը հեշտ էր փոխարկվում սիրո, եւ իրականում երեւի զոքանչին չէր էլ ատում, եւ եթե ատում էլ էր, ոչ թե զոքանչին էր ատում, այլ ընդամենը՝ զոքանչի երկարակեցությունը, որովհետեւ արդեն իր ու Ռիտայի հիվանդությունները որոշակիորեն էին երեւան եկել, եւ մահվանից երկու տարի առաջ Եղբայր Հայկազն արդեն որոշակիորեն զգում ու հասկանում էր, որ իրենք զոքանչից շուտ են գնալու, եւ Կիրովականցի Ռուբոյի ու Եղբայր Հայկազի թեման էսքանով ավարտելով՝ վերստին պիտի վերադառնամ ի՛մ վիճակին ու իրավիճակին, որովհետեւ ինչքան էլ փորձես ուրիշների վիճակների մեջ մտնել, միեւնույն է, դա անհնարին է՝ հատկապես ու առանձնապես տնփեսայության ասպարեզում, եւ ընդհանրապես՝ մարդ արարածին տրված է միայն իր սեփական վիճակը խորապես զգալ, եւ քանի որ իմ զոքանչն ամենանորմալներից է, էս պահին հակված եմ կարծել, որ փեսաների մեծամասնության զոքանչներն է՛լ են միանգամայն նորմալ ու տանելի, եւ մեզանում զոքանչների թեմաներով անեկդոտների առատությունը հիմնականում սովետական շրջանի մեր պարապության եւ ապարանցիների թեմայի անհարկի հետաձգման արդյունք էր, ինչպես նաեւ՝ հայերիս անսպառ երեւակայության արդյունքը, որովհետեւ, եթե զոքանչդ իսկապես անհաջողներից է, երեւակայության միջոցով հնարավոր է նրան առավել սարսափելի եւ սահմռկեցուցիչ պատկերացնել ու պատկերել, բայց եթե նորմալներից է, ավելի նորմալին իսկապես դժվարանում ես պատկերացնել՝ ինչքան էլ երեւակայությունդ անսահման լինի, եւ, ճիշտն ասած, էս երկրորդ դեպքում երեւակայությանդ առանձնապես զոռ էլ չես տալիս, ու երեւի իմաստ էլ չունի՝ մանավանդ իմ պարագայում, քանի որ Աբոն արդեն տղամարդու վերջնական խոսք է տվել, որ ամենաուշը ամիսուկեսից պադկլյուչ կավարտի տանս վերանորոգումը:

Այսուհանդերձ, էսօր ու էս պահին վեպս ահագին դժվարությամբ է առաջ գնում, որովհետեւ էն ամենը, որ մտադիր էի էսօր գրել, էրեկ իրիկուն Վիոլետին ասացի մեր էդ հարցազրույցի շրջանակներում, որովհետեւ շատ էի ուզում իմ էդ հարցազրույցով Հրաչին ու բոլորին զարմացնել, եւ, բացի այդ, հինգ տարի հարցազրույց չէի տվել եւ ուզում էի, որ էս մեկը լավը լինի, եւ չնայած շատ էի ուզում՝ որ լավը լինի, բայց, փաստորեն, սովորական ստացվեց, եւ չնայած էսօրվա ասելիքս ու գրելիքս ծայրեծայր էդ հարցազրույցի մեջ դատարկեցի, միեւնույն է, շատ սովորական ստացվեց, եւ չնայած Վիոլետի ասելով՝ միանգամայն նորմալ եւ նույնիսկ լավ հարցազրույց է ստացվելու, բայց, ամեն դեպքում, հարցազրույցը մնում է հարցազրույց, եւ վեպը՝ վեպ, եւ չնայած Հրաչի ասելով՝ էս հարցազրույցն ավելի շատ մարդ է կարդալու, քան՝ վեպս, հիմա արդեն հասկանում եմ, որ, եթե նույնիսկ Հրաչի ասածը ճիշտ է, միեւնույն է, հարցազրույցը մնում է հարցազրույց, եւ վեպը՝ վեպ, եւ ընթերցողի ու հատկապես հայ ընթերցողի համար վեպն անհամեմատ կարեւոր ու ծանրակշիռ է, քան, ուրեմն, ցանկացած հարցազրույց, ու նաեւ էս հանգամանքը հաշվի առնելով եմ մի գլուխ ասում ու կրկնում, թե՝ էս գրածս ու գրելիքս վեպ է, ու հիմա հիշեցի, որ հենց էս վերջին ասածներս է՛լ եմ Վիոլետին տված հարցազրույցում ասել:

Ու քանի դեռ Վիոլետի հարցազրույցը սղագրման պրոցեսում է, ազատորեն կարող եմ էդ հարցազրույցում ասածներս նաեւ էստեղ ձեզ համար շաղ տալ, եւ եթե նույնիսկ Հրաչը ճիշտ է՝ որ իր թերթն իմ վեպից շատ ընթերցող ունի, ես հույս ունեմ, որ իր ու իմ ընթերցողները միանգամայն տարբեր մարդիկ են. այսինքն, եթե Վիոլետին ասածներս էստեղ ձեզ համար մեկ առ մեկ կրկնեմ, կրկնություն չի լինի թեկուզեւ է՛ն առումով, որ Հրաչի շաբաթաթերթի ու էս վեպիս ընթերցողները միանգամայն տարբեր մարդիկ են, եւ եթե կրկնություն էլ լինի, կրկնությունը վեպիս օգտին է լինելու, քանի որ էս ասելիքս ու էս մտքերս էս պահին արդեն վեպիս մեջ հաջողությամբ սղղացրի, մինչդեռ Վիոլետի հարցազրույցը դեռեւս սղագրման պրոցեսում է, եւ չնայած էդ հարցազրույցը մի քանի օրից կտպվի, իսկ վեպիս էս հատվածը՝ լավագույնը մի տարուց, միեւնույն է, էս կրկնությունները վեպիս օգտին են ո՛չ միայն էն պատճառով, որ Հրաչի շաբաթաթերթի ու էս վեպիս ընթերցողները միանգամայն տարբեր մարդիկ են, այլեւ էն պատճառով, որ էս մտքերս նախ եւ առաջ վեպիս մեջ սողոսկեցին, իսկ թե Վիոլետին ասածներիցս ի՞նչ է մնալու՝ դեռեւս պարզ չէ, որովհետեւ արդեն մտադիր եմ զանգել Վիոլետին ու խնդրել, որ սղագրությունն անպայման նայեմ, եւ, ըստ ամենայնի, Վիոլետին ասածներս ծայրեծայր կփոխեմ ոչ թե էն պատճառով, որ դրանք էստեղ ձեզ համար արդեն ասացի ու մտադիր եմ շարունակել, եւ ոչ էլ էն պատճառով, որ Հրաչի թերթի ու էս վեպիս ընթերցողները կարող է նույնը լինեն, այլ ընդամենը էն պատճառով, որ էս պահին արդեն հստակ հասկանում եմ, որ էն ամենը՝ ինչը հանդուրժելի է վեպի ու մանավանդ իմ էս վեպի տարածքում ու շրջանակներում, հարցազրույցի տարածքում ու մթնոլորտում առնվազն տարօրինակ ու անհասկանալի կլինի, եւ եթե տարիներ առաջ զարմանում էի, որ Հրանտ Մաթեւոսյանն իր յուրաքանչյուր հարցազրույցի վրա օրեր ու շաբաթներ տքնում էր, էս պահից ի վեր այլեւս չեմ զարմանալու, որովհետեւ մանրից սկսում եմ հասկանալ, որ վեպի մեջ ամեն ինչ կարող ես գրել, մենակ թե՝ անհետաքրքիր չլինի, մինչդեռ հարցազրույցը ոչ միայն անհետաքրքիր չպիտի լինի, այլեւ՝ ճշմարտություններ պիտի պարունակի, ընդ որում՝ լիքը եւ բացարձակ ճշմարտություններ, եւ հիմա հիշելով էրեկ իրիկուն Վիոլետին ասածներս՝ արդեն հասկանում եմ, որ էդ հարցազրույցը ծայրեծայր նորից պիտի տրվի, որովհետեւ արդեն տվածս որեւէ ճշմարտություն չի պարունակում, այլ միայն՝ էնպիսի մտքեր ու համեմատություններ, որոնք ընդամենն էս վեպս կարող են լցնել ու համալրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել