Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր, սեր եւ էլի սեր՝ ըստ Վարդան Պետրոսյանի

Օգոստոս 09,2008 00:00

Նա առաջվանն է եւ դեռ ավելին

Վարդան Պետրոսյանի նախորդ ներկայացումների տոմսերն ավելի հեշտությամբ ձեռք բերեցի, քան «Սեր եւ ատելությանը»: Ու մինչ ես կունենայի ներկայացման տոմսերը, այն դիտելու հետաքրքրությունս բազմապատկվում էր, երբ ընկերներս ու ծանոթներս դիտելուց հետո կիսվում էին իրենց տպավորություններով, հատկապես որ՝ այդ տպավորություններն ու կարծիքները խիստ տարբեր էին ու անգամ ծայրահեղ:

Մի մասը գտնում էր, որ Վարդան Պետրոսյանն այլեւս իշխանամետ է, ինչը քաղաքական կողմնորոշում է տալիս ներկայացմանը, թեեւ դա բաց տեքստով չի մատուցվում հանդիսատեսին: Հայկական ֆորումներից մեկում (www.armtown.com կայքում), օրինակ, կարդում ենք. «Եթե միայն Սերժի մասին կատակեր Վարդանը, ուրեմն նա կլիներ նորից հին անփոխարինելի Վարդանը, իսկ եթե համարձակվում ես Լեւոնին էլ երգիծանքի մեջ ներառել, ուրեմն դու այլեւս Վարդանը չես»:

Ֆորումի մեկ այլ անդամ փորձում է արդարացնել այս տեսակետը. «Հայաստանի պես փոքր շուկաներում սպառումը միայն ժողովրդից չի կախված, այլեւ՝ իշխանությունից,- գրում է մասնակիցը:- Իշխանություններն են պահում ու ֆինանսավորում մեր բազմաթիվ երգիչների, գրողների, դերասանների: Դա է պատճառը, որ մեր արվեստագետների մեծ մասն ուղղակի ըմբոստություն ցույց չի տալիս իշխանության դեմ»:

«Առավոտում» (22.07.08) տպագրված «Սեր եւ ատելություն՝ ըստ Վարդան Պետրոսյանի» հոդվածի հեղինակի խոսքով՝ Վարդանը սպառել է իրեն, իսկ «Սեր եւ ատելությունը» թույլ է ու խեղճ: Հեղինակը, անշուշտ, հիմնավորում է իր դատողությունները եւ անդրադառնում նաեւ ներկայացման դրական կողմերին, սակայն հոդվածն ամփոփված է վատատեսական եւ բացասական նոտաներով:

Ներկայացումը դիտելուց հետո եկա սեփական եզրահանգման. բացասական տրամադրվածության պատճառն առաջին հերթին այն է, որ Վարդանը «սերժական» ու «լեւոնական» ճամբարների համակիրներին փորձում է «բարիշացնել»՝ հասկացնելով մարդկանց, որ ընտրություններն աշխարհի վերջը չեն: Նա պատմում է ամուսինների մասին, որոնք բաժանվում են տարբեր քաղաքական հայացքներ ունենալու պատճառով, եւ դիմում հանդիսատեսին՝ «Լավ, էդ էդքան լուրջ ա՞»:

Արդար եւ թափանցիկ ընտրությունների օրինակ բերելու համար հեղինակը ստիպված անդրադառնում է իր նախահորն ու նախամորը, խորանում բառերի ստուգաբանության մեջ եւ մեջբերումներ անում Աստվածաշնչից: Այդ ամենը նա անում է արտակարգ հումորով, գրագետ, համոզիչ ու մատչելի: Բեմի աստիճաններին նստած՝ արվեստագետն իր մտահոգությունն ու սրտի ցավն է կիսում հանդիսատեսի հետ՝ մեր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի համար: Պետությունը համեմատում է ընտանիքի, հասարակության անդամներին՝ տան անդամների հետ ու տրագիկոմիկ երանգներով քաղաքական պրոբլեմների գիծն ու հանգուցալուծումը տանում դեպի… մեզ:

Բեմի հետնամասում բարձրանում է քողը, որի տակից բացվում է մեծ հայելին, ուր մենք տեսնում ենք մեզ՝ մեր իրական դեմքերը, մեր էությունը, մեր սովորույթներն ու բարքերը, բացասական վերաբերմունքն ու դժգոհությունը շրջապատող գրեթե ամեն ինչի հանդեպ, մեր վատատեսությունն ու քննադատական վերաբերմունքը, այսինքն՝ այն ամենը, ինչի վրա քիչ առաջ ծիծաղում էինք:

Սա էր Վարդան Պետրոսյանի հաղորդագրությունը՝ ուղղված լսարանին: Վատը լավով փոխելու, իր ուրույն ձեւով բացասականը դրականի վերածելու անկեղծ հայրենասիրական զգացմունքն է այստեղ ամենակարեւորը: Եվ թող որ հանդիսատեսներից յուրաքանչյուրն իր գործն այնքան նվիրվածությամբ ու սիրով անի, որքան Վարդան Պետրոսյանը: Այնժամ միգուցե նա այլեւս ասելիք չունենա: Իսկ այսօր նա բեմում է, ու մենք ունենք նրա կարիքը: Եվ, այո, եթե հանդիսատեսը 5 րոպե հոտնկայս ծափահարում է դերասանին ու չի թողնում բեմից հեռանալ, ապա դա հաստատ հաջողության գրավական է: Ուրեմն՝ Վարդան Պետրոսյանն առաջվանն է… եւ դեռ ավելին……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել