Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 09,2008 00:00

Առաջին արդյունքները

\"\"Երեկ ամբողջ աշխարհը հեռուստաէկրանների առջեւ հետեւում էր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սակայն օլիմպիական մրցապայքարը մեկնարկել էր ավելի շուտ: Խոսքը ֆուտբոլի մասին է: «Regnum» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ազգային օլիմպիական հավաքականները խմբային մրցաշարում անցկացրել են մեկնարկային հանդիպումները, որոնցում գրանցվել են այսպիսի արդյունքներ:

«A» խումբ. Ավստրալիա-Սերբիա՝ 1:1, Կոտ-Դ՛Իվուար-Արգենտինա՝ 1:2:

«B» խումբ. Ճապոնիա-ԱՄՆ՝ 0:1, Հոլանդիա-Նիգերիա՝ 0:0:

«C» խումբ. Չինաստան-Նոր Զելանդիա՝ 1:1, Բրազիլիա-Բելգիա՝ 1:0:

«D» խումբ. Հոնդուրաս-Իտալիա՝ 0:3, Կորեա-Կամերուն՝ 1:1:

Հիշեցնենք, որ 2004-ին Աթենքում կայացած նախորդ օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արգենտինան:

Պեկինում մեկ երկիր պակասել է

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ 205 ազգային օլիմպիական կոմիտեներից ներկայացված է 204-ը:

Խաղերին չի մասնակցում Բրունեյ-Դարուսսալամը: Դա հայտնի է դարձել երեկ՝ այն բանից հետո, երբ ՄՕԿ-ը որոշել է օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակից հանել այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Պատճառն այն է, որ Բրունեյի ԱՕԿ-ը չի հասցրել ժամանակին իր երկրի մարզիկներին գրանցել մասնակից երկրների ցուցակում:

ՄՕԿ-ի մամուլի խոսնակ Էմմանուել Մորրոն այդ առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում տեղի ունեցածի համար ափսոսանք է հայտնել՝ մեղքի ամբողջ պատասխանատվությունը վերագրելով Բրունեյի ԱՕԿ-ին: Մորրոն լրատվամիջոցներին ասել է. «ՄՕԿ-ը մինչեւ սահմանված ժամկետի վերջին րոպեն (ուրբաթ օրվա կեսօր) սպասել է նրանց հայտին եւ աշխատել ամեն բան անել Բրունեյի մարզիկներին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ընձեռելու համար: Սակայն ամեն բան իզուր է եղել Բրունեյի ԱՕԿ-ի անգործունեության պատճառով»:

Բրունեյի մարզիկները, սկսած 1996 թվականից, մասնակցել են ամառային երեք օլիմպիական խաղերի:

Հետապնդումը շարունակվում է

Սոչիում ընթացող «FIDE Grand Prix» մրցաշարի յոթերորդ տուրում երեկ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ 4,0 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներ Ալեքսանդր Գրիշչուկին ու Թեյմուր Ռաջաբովին: Հայ շախմատիստը նրանցից ետ է մնում ընդամենը կես միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել