Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԵԿԻՆ ԷՐ ՎՍՏԱՀԵԼ

Օգոստոս 09,2008 00:00

\"\"Սակայն շատերն են հավակնում համարվել նրա կենսագիրը

Նշանավոր մարդիկ ունեցել են կենսագիրներ, ինչպես Շվեյցերը՝ Բախի, Էքերմանը՝ Գյոթեի, Մորուան՝ Բալզակի համար եւ այլն: Այսօր հայաստանյան իրականության մեջ եւս կենսագիր դառնալու հետաքրքիր «մրցավազք» է սկսվել, որի կենտրոնում մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանն է: «Կենսագիրացուները» երեքն են՝ Սերգեյ Առաքելյան, Ռոբերտ Դավթյան եւ Արմինե Մելիք-Իսրայելյան: «Առավոտը» հակված չէ մրցույթ հայտարարել կենսագիրների միջեւ եւ ոչ էլ ցանկություն ունի տնտեսական մրցակցության հանձնաժողովի իրավասություններն իր վրա վերցնել: Նրանցից ամեն մեկը «առաջնության դափնին» կրելու իրավունք ունի, որովհետեւ յուրաքանչյուրը պնդում է, որ առաջինը ինքն է համակողմանի ներկայացրել երգչուհուն եւ առաջինը ստեղծել գասպարյանագիտություն: Տեղեկացնենք, որ Գոհար Գասպարյանի մասին առաջին գիրքը հրատարակվել է 1956թ.՝ երաժշտագետ Ալեքսանդր Թադեւոսյանի կողմից, եւ միայն տարիների լռությունից հետո երգչուհու կյանքին ու ստեղծագործական ճանապարհին են անդրադարձել Գ. Գասպարյանի ուսանողուհի, պետկոնսերվատորիայի դոցենտ Օլգա Զաքարյանը (2005թ.), կոնցերտմայստեր Համասփյուռ Մանուկյանը (2006 թ.), Սերգեյ Առաքելյանը (2007 թ.) եւ Ռոբերտ Դավթյանը (2008թ.):

«Առավոտը» հանդիպեց միայն արվեստաբան, «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալակիր, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր Սերգեյ Առաքելյանի հետ, քանի որ մեզ հաջողվեց գտնել 1994-ին Թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանին ուղղված Գոհար Գասպարյանի խնդրանքը՝ իր մասին նախաձեռնած գրքի հրատարակությունը վստահել իր կենսագրին՝ Սերգեյ Առաքելյանին, եւ 2004թ. հոկտեմբերի 15-ին մշակույթի նախարարին գրած երգչուհու հետեւյալ գրությունը. «Ինձ հայտնեցին, որ մշակույթի նախարարությունը ձեռնարկում է հոբելյանական երեկո՝ իմ ծննդյան 80-ամյակի առիթով: Շնորհակալ եմ ուշադրության համար, սակայն հայտնի պատճառով (նկատի ուներ ամուսնու՝ Տիգրան Լեւոնյանի վաղաժամ մահը- Ս. Դ.) գտնում եմ, որ առայժմ տեղին չէ նման հանդիսության մտահղացումը: Ավելի նպատակահարմար է կենտրոնացնել այդ երեկոյին հատկացված գումարը եւ հրատարակել իմ արտիստական գործունեությանը նվիրված ալբոմ-ժողովածու… Խնդրում եմ այդ աշխատանքը վստահել արվեստագետ Սերգեյ Առաքելյանին»:

Մեզ հետ հանդիպման սկզբում պարոն Առաքելյանը հիշեց. «Առաջին անգամ հանդիպեցի երեւանյան հողին ընդամենը երեք ամիս առաջ ոտք դրած 24-ամյա գեղեցկուհի Գոհարին, որն իր ամուսնու՝ Լոնդոնի համալսարանի շրջանավարտ Հայկ Գասպարյանի հետ խարխուլ մի բնակարան էին վարձել Այգեստան թաղամասի անշուք անկյուններից մեկում: Իսկ կոնկրետ՝ 1948թ. դեկտեմբերի 18-ին ինձ բախտ վիճակվեց այն տարիների արվեստի վարչության ռեպերտկոմ, գրող-երգիծաբան Խոճիկի հետ հյուրընկալվել Գասպարյան ընտանիքին: Տարիներ են անցել ինձ համար հիշարժան այդ օրից, եղել են անթիվ ու հետաքրքիր գրեթե ամենօրյա հանդիպումներ Գոհարի հետ, եղել են բազմաթիվ ներկայացումներ, համերգներ, ճամփորդություններ, խնջույքներ, ինչու չէ՝ նաեւ տխուր առիթներով փոխայցելություններ… 40 տարի առաջ Գոհարը դարձել է իմ դստեր կնքամայրը: Ունեցել ենք համատեղ գործունեություն եւ մտերմիկ այլ պահեր, սակայն ինձ համար ամենանվիրականը մնում է իմ առաջին հանդիպումը աշխարհահռչակ արվեստագետի հետ, որովհետեւ այն դարձավ մեր մտերմության ու բարեկամության նախերգանքը, իսկ մեկ տարի անց այդ փաստը պիտի վավերացներ ինքը՝ ամենայն հայոց երգչուհին, հայոց բեմում մարմնավորած իր առաջին դերերգի՝ Լակմեի լուսանկարի վրա ինքնագիրը թողնելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել