Անկիրթ վերաբերմունք Երեւան-Գյումրի երթուղային կայարանում
Երեկ առավոտյան պատրաստվում էի մեկնել Կարս՝ դիտելու Գյումրիի եւ Կարսի միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Անշուշտ, ինձ հետաքրքրում էր ոչ թե հանդիպումը, այլ ֆուտբոլային դիվանագիտությունը, որն ընթանում է երկու հարեւան եւ թշնամի պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է, ստիպված ես նախ մեկնել Վրաստան: Ես ընտրել էի հետեւյալ ուղին. «մարշրուտկայով» Գյումրի, ապա Նինոծմինդայով՝ Ախալցխա, այնտեղից՝ Վալե, որը վրաց-թուրքական սահմանին է: Օգտագործելով ամառային արձակուրդները՝ ինձ հետ պապի տուն՝ Ջավախք էին մեկնում կինս եւ երկու մանկահասակ տղաներս:
Երեւանից Գյումրի մեկնող (ավտոկայանը «Ռոսիա» կինոթատրոնի մոտ է) հերթական «մարշրուտկայում» հարեւանությամբ երկու ազատ տեղ չկար, եւ երբ գլուխ գլխի խմբված վարորդներին հարցրեցի՝ հնարավոր չէ՞ նման պատեհություն ստեղծել, վարորդներից մեկը զզվելի տոնով վրա բերեց՝ «նյարդերդ չունենք»: Ես Երեւանում եւ Հայաստանում շրջում եմ հիմնականում հենց «մարշրուտկաներով» եւ ծանոթ եմ վարորդների ինտելեկտին, հետեւաբար՝ տոն չտվեցի նրա վիրավորանքին, մանավանդ՝ ընտանիքիս հետ էի ու ճանապարհի վրա:
Սպասեցինք հաջորդ «մարշրուտկային», որը մեզ հրաժարվեց վերցնել՝ զայրանալով, թե մենք «վեշերով» ենք (մեզ մոտ կար ընդամենը երկու սարսափելի փոքր ճամպրուկ): Ապա համաձայնվեցին, որ 500-ական դրամ վճարենք ճամպրուկների համար, հետո կրկին մտքափոխ եղան: Վարորդները կրկին զայրացան, որ մենք չենք նստել նախորդ ավտոմեքենան, որը վերեւի մասում իրերի համար համապատասխան տեղ ուներ: Երբ տեղի տվեցին նաեւ իմ նյարդերը ու վարորդներին ասացի, թե բողոքելու եմ քաղաքապետարան (անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ում պետք է բողոքել, քանի որ այս թեմայով առաջին հոդվածն եմ գրում), ուղեւորներից փող հավաքող «դիսպետչերը» արհամարհական տոնով ասաց, որ կարող եմ նաեւ Լոս Անջելես դիմել (ինչպես նկատում եք՝ հայ քաղաքական միտքը հաղթահարում է անուղղելի թվացող ռուսամետությունը):
Մինչ այդ, վարորդները լեզվակռիվ էին սկսել մի սփյուռքահայ ընտանիքի հետ: Պատճառը կրկին տրիվիալ էր. ընտանիքի չորս անդամներին նախապես խոստացել էին հարեւանությամբ չորս տեղ, ապա այդ տեղերը զիջել էին այլ ուղեւորների, իսկ «աղբարներին» վերջն էին ուղարկում: Երբ սփյուռքահայ տիկինը բողոքեց, որ «ահա այս այլանդակությունների համար են տուրիստները թքում ձեր երեսին», բորբոքված վարորդը տեղը դրեց. «Գնա՛, քո տիրոջ մերը ք…»: «Մարշրուտկայի» ուղեւորներից մի երիտասարդ, որը հղի կնոջ հետ էր, ոչ պակաս կոպիտ տոնով վարորդին տեղը դրեց: Սփյուռքահայ զայրացած ընտանիքը ստիպված տաքսի նստեց, որոնք կանգնում են նույն կայարանում եւ մեկ մարդու համար պահանջում են երկուսուկես հազար դրամ:
Ես իմ ընտանիքով հասա «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից, պարզվեց, Գյումրի մեկնող միկրոավտոբուս չկար: Եթե չհաշվեմ մի քանի ժամվա նյարդայնությունը եւ մանկահասակ տղաներիս դժգոհությունը, ես երեկ այնքան էլ շատ բան չեմ կորցրել: Ի վերջո, ընտանիքս կարող եմ մի քանի օրից տանել Ջավախք, իսկ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը հետեւել օգոստոսի 14-ին. այդ օրը Գյումրիում կկայանա Կարս- Գյումրի պատասխան հանդիպումը:
Մեր ժողովրդական իշխանություններին առաջարկում եմ կառավարության առաջիկա նիստերից մեկն անցկացնել հենց Գյումրիում եւ հանրապետության երկրորդ քաղաք մեկնել հենց «Ռոսիա»-ի «մարշրուտկաներով», որից օգտվում են ՀՀ շարքային քաղաքացիները: Դրա համար պետք է վճարել ընդամենը 1200 դրամ: Մեր վարչապետն ու նախարարները անձամբ կարող են համոզվել, թե ինչպիսի անկրթությամբ են վարվում մարդկանց հետ: Մի՛ մտահոգվեք՝ «դիսպետչերն» ու վարորդները այնպիսի ինտելեկտ ունեն, որ ձեզ չեն ճանաչի: Լավագույն դեպքում կճանաչեն վարչապետին, ով առավոտից երեկո հեռուստացույցով խոսում է ստվերի մասին, բայց ուժ չունի այնպես անել, որ Երեւան- Գյումրի երթուղում տոմս վաճառեն: