Ազատության հրապարակ էին գնացել առա՞նց զենքի
Հովիկ Թամամյանի երեկվա «զեկույցը»՝ մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստում, ամբողջովին կրկնում էր այդ գիշերվա դեպքերից հետո «պատասխանատու» հեռուստաընկերությունների կողմից ամեն ժամ ցուցադրվող ռեպորտաժները:
Հովիկ Թամամյանն ասաց, որ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «միջոցառման» հանձնարարականն «իջեցրել» է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ ինքն օպերացիայի պատասխանատուն էր, եւ այն տապալվել է, քանի որ ոստիկանության համակարգում դավաճաններ կան: Փաստորեն, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ մարտի 1-2-ի դեպքերի երեք կոնկրետ մեղավոր հայտնի է՝ Հովիկ Թամամյան, Ալեքսանդր Աֆյան, Հայկ Հարությունյան: Ազատության հրապարակում օպերացիա իրականացրած օպերատիվ խմբի ղեկավարի ներկայացմամբ, «օպերացիայում» ընդգրկված է եղել 133 աշխատակից: Ըստ Հովիկ Թամամյանի՝ իրենք տվյալներ են ստացել եւ, նկատի ունենալով, որ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները հնարավոր է միայն տեղանքի հետազոտում-օպերատիվ հետախուզական միջոցառմամբ ճշտել, որոշվել է «մարտի 1-ին, առավոտյան ժամը 7-ին, Ազատության հրապարակում անցկացնել տեղանքի հետազոտում: Սակայն մինչեւ հրապարակ հասնելը՝ ամբոխը (հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը խնդրեց հրապարակում հավաքվածներին ցուցարարներ անվանել եւ ոչ՝ ամբոխ- Մ. Ե.) արդեն պատրաստ, զինված փայտե մահակներով, երկաթյա ձողերով, շատ ագրեսիվ տրամադրված, մասսայի առաջնությամբ հարձակում են գործել ոստիկանների, այդ թվում մեզ վրա՝ օպերատիվ խմբի, որը պետք է իրականացներ հետազոտում-միջոցառում: Ինչի հետեւանքով իրավապահներից շատերը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ստեղծված այս ծանր, անկառավարելի իրավիճակում իրավապահ մարմինները կարողացան միայն ռեզերվում գտնվող ուժերի օգնությամբ խուսափել առավել ծանր հետեւանքներից, եւ վերջիններիս (ընդդիմությանը- Մ. Ե.) կարողացանք դուրս մղել Ազատության հրապարակից»: Ավելի ուշ Հ. Թամամյանը հայտարարեց, որ այլ պետությունից որեւէ ուժ չի մասնակցել այս օպերացիային. «Բացի ՀՀ ոստիկանությունից, այլ կառույցներ այլ պետություններից ինձ չեն աջակցել, ինձ հետ միջոցառմանը չեն մասնակցել, որովհետեւ մենք, հանձինս՝ ես, եւ կարող էի միջոցառումը իրականացնել, եւ ես շատ լավ հասկանում եմ, թե դա ինչ կնշանակեր»:
Թամամյանի «բացահայտումը»
Հովհաննես Մարգարյանի հարցին՝ թերթերից մեկում տպված նկարում օպերատիվ հետախուզության ծառայող ներկայացած անձն առանց տարբերանշանի է, սա արդյոք օրենքի խախտում չէ՞, Հովիկ Թամամյանը պատասխանեց, որ օպերատիվ աշխատողն «իր հետեւից ունենալով համազգեստ կրած թվաքանակով աշխատակիցներ՝ կարող է կեսին նաեւ քաղաքացիական տանել, այսինքն՝ միջոցառում իրականացնելու արդյունքում ոչ օրենքի, ոչ տառի խախտում չկա»:
Ցուցարարները զգուշացվե՞լ են
Սամվել Նիկոյանը հետաքրքրվեց, թե ոստիկանները նախօրոք տեղեկացրե՞լ են հրապարակում հավաքվածներին, որ տեղազննություն են իրականացնելու: Գնդապետն իր հետ էր բերել մի տեքստ, որն, իբր, ընթերցվել է Ազատության հրապարակում՝ հարձակումը կատարելուց առաջ. «Իմանալով, որ մենք գալիս ենք ցուցարարների մոտ, նախապես մեզ մոտ կազմվել է տեքստ՝ ինչպես դիմենք ցուցարարներին, որպեսզի օպերատիվ աշխատողների հետախուզում-հետազոտում աշխատանքը չխոչընդոտեն: Ինչպես պիտի դիմեինք, ինչ մեքենայով, կա հատուկ ոստիկանական մեքենա, որի վրա կա բարձրախոս, համապատասխան աշխատողին արդեն հանձնարարված էր, որ մոտենալուն պես հայտարարի»: Ըստ հետախուզության պետի, իրենց հայտարարությունները «ոչ մեկը չի էլ լսել, լսելու տեղ էլ չի դրել, եւ արդյունքում ստացանք այն ամեն ինչը, ինչ զեկուցեցի»: Ասաց, որ տեքստը հնչեցվել է անգամ «գործողությունների ժամանակ»: Ս. Նիկոյանը հետաքրքրվեց՝ կա՞ նկարահանում-ապացույց, որում երեւա, որ հնչել է զգուշացում: Այս մասին Հ. Թամամյանին չէին զեկուցել, ինքը չգիտեր՝ «հատկապես այդ հատվածը նկարահանվե՞լ է, թե՞ ոչ»:
Օպերացիայի ժամի մասին
Թամամյանը պնդում էր, որ օպերացիան իրականացվել է ժամը 7-ին, թեեւ ըստ այլ տեղեկությունների՝ դա եղել է ժամը 6-ից 7-ի սահմաններում: «Միջոցառումը պայմանավորվել, պլանավորվել, հաստատվել է նախարարի (նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի- Մ. Ե.) կողմից՝ ժամը 7-00-ին, իսկ ինչ վերաբերում է, թե քանիսին ենք եկել դեպքի վայր՝ կարող է 7-ին 5 պակաս, 7 պակաս մոտեցանք Ազատության հրապարակին»:
ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի հարցին՝ ինչո՞ւ հրապարակի տեղազննությունը կատարվել է դեպքերի ավարտից մոտ 50 րոպե հետո, օպերատիվ խմբի ղեկավարն ասաց. «Եթե մենք ասում ենք, որ մեր օպերատիվ տվյալներով Ազատության հրապարակում պետք է լիներ 300 ցուցարար, եկանք տեսանք՝ ավելի շատ են, ո՞նց եք պատկերացնում, եթե ես 7-ից սկսել եմ, մե՞կ մարդ էր, միանգամից ազատեի եւ տեղազննությունը սկսեի»:
Հատուկ չէին զինված
Օպերատիվ խմբի ղեկավարն ասաց, որ ցուցարարները հատուկ զինված չէին. «Հատուկ մշակված սարքեր չկային, սովորական արմատուրի ձող է՝ 1,50, 1,20-ի վրա կտրած դուբինկաներ, նույն տիպի փայտե դուբինկաներ եւ սարքած, մեր լեզվով ասած, ոզնիներ, եւ դրանցով հարվածում էին մեզ»:
Մատնահետք չի հայտնաբերվել
Հարցին՝ ցուցադրվող տեսաերիզներում ոստիկանության աշխատակիցները ազատ վերցնում էին հրապարակում «հայտնաբերված» ձողերը, զենքը եւ այլն եւ ցուցադրում էին տեսախցիկի առաջ, մի՞թե դրանց վրայի մատնահետքերը կարեւոր չէին, պարոն գնդապետը պատասխանեց. «Ազատության հրապարակում հայտնաբերված իրերի վրա ոչ մի մատնահետք չի եղել, ուստի կարող էին ազատ ձեռք տալ, զննումից հետո, եթե սահուն մակերես չի, այսինքն՝ փշոտ է, մատնահետք չի մնա: Իսկ փորձագետի զննումից հետո հայտնաբերված ոչ մի իր մատնահետք չի ունեցել»:
Ինչո՞ւ փակված մնաց Ազատության հրապարակը
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ուզեց պարզել, թե Հովիկ Թամամյանի գխավորած օպերացիայից հետո ինչո՞ւ փակված մնաց Ազատության հրապարակը: Ի պատասխան՝ ասաց. «Իսկ ի՞նչ եք կարծում, նման զինանոց հայտնաբերելուց հետո մայրաքաղաքի Ազատության հրապարակում, օպերայի եւ բալետի նման տեսարժան վայրում, արդյոք կարելի՞ էր թողնել, ես չեմ կարծում: Իմ կարծիքով, իմաստ չուներ թողնել նրանց, որպեսզի տարվա էս եղանակին վառարաններ վառեն եւ, շատ կոպիտ չհնչի, մեկը չկա՝ հարց տա, թե էդ քանակի ժողովուրդը որտե՞ղ էր «դուրս գալիս»: Հետո փորձեց բացատրել՝ «բնական պահանջ»: Խուսափեց Արծվիկ Մինասյանի հարցից՝ եթե գնացել էին տեղազննության, ինչո՞ւ էին մարդկանց հետապնդում նաեւ հրապարակից դուրս:
Հ. Գ. Քանի որ շատ հարցեր մնացին չպարզաբանված, չի բացառվում, որ պարոն Թամամյանը կրկին կհրավիրվի հանձնաժողով: