Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է

Օգոստոս 09,2008 00:00

\"\"Այսպես է գնահատում 1992-98թթ.-երին Վանո Սիրադեղյանի թիկնազորի ղեկավար Սուրեն Սիրունյանը իր եղբոր՝ Արմեն Սիրունյանի կալանավորումը:

«Մարտի 1»-ի գործով կալանավորվածներից մեկը, ով դեռեւս գտնվում է նախնական կալանքի տակ, քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հարազատ եղբայրն է՝ Արմեն Սիրունյանը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308 հոդվածի հատկանիշներով, ասել է թե՝ հանցակցություն պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Ըստ գործի նյութերի, ընդդիմության հանրահավաքների շրջանում ՀՀ ԱԱԾ ինչ-որ աշխատակից այդ գերատեսչությունից տեղեկատվության արտահոսք է արել, որը Ա. Սիրունյանը, իբր, փոխանցել է հանրահավաքի ղեկավարներին: Ընդ որում, Ա. Սիրունյանը, ով երբեւէ որեւէ ուժային կառույցի աշխատակից չի եղել, մեղադրվում է այդ արտահոսքի շղթայի օղակներից մեկը լինելու մեջ:

Ա. Սիրունյանը վերջերս «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ինքն իսկապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն է ու մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, բայց չի մասնակցել փետրվարի 29-ի եւ մարտի 1-ի հանրահավաքներին, քանի որ «հիվանդ է եղել, թեեւ մարտի 1-ին մի պահ եկել է հրապարակ»:

Ա. Սիրունյանը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռեւս ս.թ. փետրվարի 26-ից: Այդ օրը վաղ առավոտյան խուզարկվել էր նրա կնոջ բնակարանը, իսկ մարտի 4-ին նրան հրավիրել էին ԱԱԾ՝ որոշ հարցեր պարզաբանելու համար, բայց ինքը չէր ներկայացել: Մայիսի 6-ի կեսօրին քաղաքացիական հագուստներով մի խումբ զինված ոստիկաններ, առանց համապատասխան թույլտվության, դուռը կոտրելով ներխուժել էին Ա. Սիրունյանի մորաքրոջ տուն եւ ձերբակալել ինչպես Ա. Սիրունյանին, այնպես էլ նրա մորաքրոջ տղային՝ Նորայր Մուրադյանին: Ա. Սիրունյանը մինչ օրս էլ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ ինքը չէ այդ հանցանքը կատարողը: Նա ձերբակալության օրվանից ի վեր հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

«Առավոտի» տեղեկություններով, որպես Ա. Սիրունյանին ներկայացված մեղադրանքի հիմք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) մատնանշում են մի հեռախոսային գաղտնալսում, որից ՀՔԾ-ն հանգել է այն եզրակացության, որ Ա. Սիրունյանը, իբր, գիտակցել է, որ ընդդիմության առաջնորդներին փոխանցած եւ ԱԱԾ-ից եղած արտահոսքի արդյունքում ստացած տեղեկությունը գաղտնիք պարունակող նյութ է: Միաժամանակ ՀՔԾ-ում մերժել էին Ա. Սիրունյանի պաշտպան Մ. Թովմասյանի երկու միջնորդությունները՝ մասնակցել որպես Ա. Սիրունյանի մեղավորության ապացույց հանդիսացող այդ գաղտնալսման ձայնագրության՝ արդեն նշանակված փորձաքննությանը: ՀՔԾ-ն նման որոշում կայացրել էր հուլիսի 25-ին: Քննչական ծառայությունը միջնորդությունը մերժել էր, որովհետեւ նպատակահարմար չէր գտել պաշտպանական կողմի մասնակցությունն այդ փորձաքննությանը, նաեւ նշել էր, թե պաշտպանը դրա անհրաժեշտության բավարար հիմքեր չի մատնանշել: Երկրորդ միջնորդությամբ Մ. Թովմասյանը նշել էր նաեւ իր նախորդ միջնորդության հիմքը՝ պարզաբանելով, որ պաշտպանական կողմը ուզում է իմանալ, թե ինչ մեթոդներով, սարքավորումներով եւ ընթացակարգով է ընթանում այդ փորձաքննությունը: Պաշտպանի ասելով, իրենք կասկածում են, թե այդ ձայնագրառման «հերոսը» Ա. Սիրունյանն է: «Իրենց ունեցած փաստաթղթերից կարելի է հետեւություն անել, որ այդ ձայնագրությունը, եթե անգամ գաղտնալսում արվել է, ՀՔԾ-ն ձեռք է բերել օրենքի խախտմամբ, որը նշանակում է, որ այն, որպես ապացույց, առ ոչինչ է»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Մ. Թովմասյանը:

Ա. Սիրունյանի գործով, նրա պաշտպանի մատուցմամբ, տեղի են ունեցել նաեւ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք խախտումներ, որոնցից մեկն այս է. պաշտպանը դեռ հուլիսի 6-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ քննիչին՝ Ա. Սիրունյանի քրգործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչն առանց հիմնավորման մերժվել է: Սույն որոշումը պաշտպանը բողոքարկել էր վերահսկող դատախազին՝ հիմնավորելով իր պահանջը: Բայց ՀՀ գլխավոր դատախազը Մ. Թովմասյանին ընդամենը մի գրություն էր ուղարկել, որով տեղեկացրել էր, որ նրա միջնորդությունը մերժվում է: «Բացի այդ գրությունից, մինչ օրս մերժման հիմքերը չեմ ստացել, որպեսզի կարողանամ ծանոթանալ դրանց»,- փոխանցեց պաշտպանը: Վերջինս դատախազի գործողությունները բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանում եւ օգոստոսի 1-ին մերժում էր ստացել: Ընդ որում, մինչեւ որոշում ընդունելու պահը՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ, դատարանը նշել է, որ ինքը չի ստացել դատախազության մերժման նյութերը, բայց խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հրապարակած որոշման հիմքում դրել էր հե՛նց դատախազության ներկայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ Ա. Սիրունյանի եղբայրը՝ Սուրեն Սիրունյանը, հայտարարել էր, թե եղբորը պատանդ են պահում իր պատճառով: Ըստ Ս. Սիրունյանի, իր եղբորը ձերբակալել են այն բանից հետո, երբ մայիսի 3-ին դատախազությունում իրեն գործարք են առաջարկել՝ ասելով, որ կարող է տուն գնալ, եթե իրենց ուզածն անի ու ասի: Մերժում ստանալուց հետո Արմեն Սիրունյանը ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել