Ասում է ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանը, որը ե՛ւ ՀՌԱԿ-ի հետ համախմբվելու գործընթացում է, ե՛ւ մասնակցում է
«հայրենասիրական ընդդիմության» հավաքներին:
– ՀՌԱԿ-ի հետ ձեր կուսակցության միավորման հարցը դեռ չի հասել վերջնական փուլին: Ո՞րն է ձգձգման պատճառը:
– Պնդում եմ, որ ՀՌԱԿ-ի հետ համախմբվելու հարցում տարաձայնություններ չունենք, եւ ակնհայտ է երկկողմանի պատրաստակամությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ համախմբումը տեղի է ունենալու գաղափարական ընդհանրության հիման վրա. միացման կամ միաձուլման ճանապարհով վերակազմակերպումը ենթադրում է ապագա կուսակցությունում կողմերի հավասարազոր մասնակցություն, անկախ նրանից, թե այն կլինի կողմերից մեկի անունը կրո՞ղ, թե՞ կունենա նոր անուն: Այնպես որ, քանի դեռ ապագա կուսակցության ծրագրի համաձայնեցված տարբերակը չի ընդունվել՝ դեռ վաղ է խոսել վերջնական որոշում կայացնելու մասին:
– Չեն դադարում խոսակցությունները, որ ՀՌԱԿ-ի հզորացմամբ եւ հետագայում նաեւ այլ կուսակցությունների միացմամբ ստեղծվում է մի ուժ, որը կառավարությունում ու ԱԺ-ում երկրորդ նախագահի համախոհների ու նաեւ Սերժ Սարգսյանի բարեփոխումներից դժգոհների հետ միասին իշխանության է բերելու Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես բացարձակապես որեւէ տեղեկություն չունեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի մասին: Բայց քանի որ նման խոսակցություններ իմ ականջին էլ են հասել, ուստի համախմբման բանակցություններում մեր կողմից քննարկվում են ոչ միայն ծրագրային հարցեր, այլ ձեր մատնանշածի կարգի եւս: Հիմք չունեմ կասկածելու մեր գործընկերների ազնվությանը՝ նրանց հավաստիացումների հարցում, որ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ միջնորդավորված կերպով Ռոբերտ Քոչարյանը կապ չունի այդ նորաստեղծ կուսակցության հետ, եւ բացառվում է, որ այդ ուժի նպատակը լինի բարենպաստ պայմաններ ստեղծելը՝ նրան իշխանության վերադարձնելու համար: Եթե դույզն-ինչ կասկած ունենամ, ապա կարող եք համոզված լինել, որ ՀԱԱԿ-ը չի մասնակցի մի ձեռնարկի, որի նպատակը Քոչարյանին իշխանության բերելն է:
– Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ վերջին շրջանում Դուք ոչ միայն չեք քննադատում Քոչարյանին, այլեւ քննադատում եք նրան քննադատողներին:
– Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին ժամանակին հանդես եմ եկել բազմաթիվ քննադատական հրապարակումներով: Այսօր էլ պատրաստ եմ ստորագրել դրանց ներքո՝ առանց մի բառ անգամ փոխելու: Ես ասում եմ, որ իշխանության դեմ պայքարը չպետք է վերածվի նախկին նախագահի դեմ պայքարի: Այսօր նա զգալի ազդեցություն ունի իշխանական տարբեր մակարդակներում, ուստի այդ պարագայում արմատական ընդդիմադիրները, եթե իշխանափոխություն են ուզում, ապա իրենց հարվածի ալիքը չպետք է ուղղեն Քոչարյանի դեմ, քանի որ դա ձեռնտու է հենց ներկա իշխանություններին: Քոչարյանի արածն ու չարածը պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում՝ լրագրողական հետաքննությունների, փորձագիտական վերլուծությունների, ինչու չէ՝ նաեւ իրավական ու քաղաքական գնահատականների տեսքով, այլ ոչ թե դառնա արմատական ընդդիմադիրների օրակարգի հիմնական հարց: Ինչպես տեսաք՝ իրենք էլ հասկացան, որ այդ մարտավարությունն իրեն չարդարացրեց, ու հարվածի սլաքն ուղղեցին գործող իշխանությունների դեմ: Ինչպիսի կարեւոր հարց էլ լինի՝ անգամ իրենց գործընկերների ազատ արձակումը, չի կարելի փորձել դրան հասնել իշխանություններին սիրաշահելու գնով, ասել՝ եթե դա անես, ապա մենք քո հրաժարականը չենք պահանջի, ավելին՝ կպայքարենք հակառակորդներիդ դեմ: Հիմա ցանկացածը կարող է ասել, որ ինքն էլ ուրիշ պահանջ է դրել իշխանությունների առաջ. եթե կատարեն՝ ինքն էլ չի պահանջի նրանց հրաժարականը: Իսկ դա կարող է մեկի համար լինել իր երեխայի բուհ ընդունվելը, մյուսի համար՝ առանց կաշառքի ինչ-որ հարց լուծելը եւ այլն:
– Իսկ Ձեզ համար ընդունելի՞ են «հայրենասիրական ընդդիմության»՝ «Թերջանի» ձեւաչափի անդամների հայտարարությունները, որոնցից հետեւում է, թե հիմնականում պայքարելու են ՀՀ առաջին նախագահի դեմ:
– Ինչպես նախաձեռնողների կողմից ինձ հասցեագրված նամակ-հրավերում, այնպես էլ հետագայում՝ այդ միավորի անունից արված մամլո հաղորդագրություններում չեմ հանդիպել մտքի, ըստ որի՝ այս հանդիպումների նպատակը մեկ խոշոր կուսակցություն ստեղծելն է կամ էլ ընդդեմ ինչ-որ մեկի պայքարելը, մասնավորապես՝ առաջին ու երկրորդ նախագահների: Որքան ես եմ հասկացել՝ այս միավորը «հանունի» տրամաբանությամբ է ստեղծված, ոչ թե «ընդդեմի»: Եվ մասնակից յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր քաղաքական համակրանքն ու հակակրանքն արտահայտելու հարցում, ու պարտադիր չէ, որ բոլորը համակարծիք լինեն: Մեր ժողովրդին մտահոգող տարաբնույթ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն տեղի է ունենում ամեն օր ու ամենատարբեր մակարդակներում, եւ կարծում եմ, կարիք չկա «թերջանյան» խորհրդակցությունները դիտարկել որպես արդեն կայացած ձեւաչափ, հետո էլ պարզել, թե ով է նախաձեռնության «պատվիրատուն» կամ ում դեմ է այն ուղղված: Իսկ եթե, բացի վերը նշվածից, նաեւ այլ նպատակային հավակնություններ հանդես կբերեն խորհրդակցության մասնակից կուսակցությունները, ապա դրան համարժեք կլինի նաեւ մեր կուսակցության վերաբերմունքը՝ նպատակահարմա՞ր ենք համարում շարունակել մեր մասնակցությունը, թե՞ դադարեցնել այն: