Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂԱՎԱՂՎԱԾ

Օգոստոս 07,2008 00:00

\"\"Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը՝ XVIII դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում» գրքույկը վիրավորում է արցախցիներին:

Վերջերս ձեռքս է ընկել մի գրքույկ (Դավիթ Բաբայան. «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը՝ XVIII դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում»), որը հեղինակի կողմից հորջորջվել է «մենագրություն»: Այդ գրքույկի հետեւում, ինչպես երեւում է, կանգնած են լուրջ հիմնարկություններ. այն տպագրվել է ԼՂՀ Արտգործնախարարության եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանի հավանությանն արժանանալուց հետո: Կարելի է ենթադրել, որ նրանք էլ են իրենց պատասխանատու զգում նշված գրքույկում առաջ քաշված ենթադրությունների համար: Երբեք միտում չունեմ գրախոսական գրել, սակայն այդ գրքույկում առաջ քաշված մի խնդիր ինձ հանգիստ չի տալիս: Հեղինակը մի քանի տարի առաջ Արեւելագիտության ինստիտուտում ատենախոսություն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ջրային պաշարների մասին եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եվ ահա նա անսպասելիորեն շրջվել է դեպի Արցախ-Ղարաբաղի 18-րդ դարի պատմությունը ու զարգացրել այն տեսակետը, թե իբր Արցախի մելիքներն են ստեղծել Ղարաբաղի խանությունը եւ խան հրավիրել սարջալու վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ խանին: Եվ դա համարելով Ղարաբաղի «դիվանագիտության հաղթանակ»՝ Դ. Բաբայանը հայտարարում է, թե արցախցիների այդ քայլը արժանի է «ամենայն գովասանքի»: Ընթերցողին տեղյակ պահենք, որ պարոն Դավիթ Բաբայանը մինչ այդ «Ազատ Արցախ» թերթի 2006թ. հունիսի 20-ի, 22-ի, 27-ի եւ հուլիսի 4-ի համարներում տպագրել է «Փանահ խանի իշխանությունը Ղարաբաղում. Ազգային ողբերգությո՞ւն, թե՞ արցախյան դիվանագիտության խոշոր, բայց մինչ այսօր անհայտ հաղթանակ» վերտառությամբ ծավալուն հոդված, որը խիստ դժգոհություն էր առաջ բերել Լեռնային Ղարաբաղում: Որպես դրա ապացույց, նույն թերթի սեպտեմբերի 9-ի համարում էլ տպագրվել էր 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Միքայել Բեգլարյանի «Վարկածնե՞ր, կարծիքնե՞ր, ենթադրություննե՞ր, թե՞ պատմական ճշմարտություններ» վերնագրով հոդվածը, որը վերջանում է հետեւյալ տողերով. «Պարոն Բաբայանը իր այդ հոդվածաշարը գրելիս ինչո՞ւ ղարաբաղցիներին անգիտակ զանգվածի տեղ դրեց, չէ՞ որ ով՝ ով, ղարաբաղցին լավ գիտի իր պատմությունն ու նրա ստվերոտ կողմերը եւ ցավում է դրա համար…»: Ես լիովին պաշտպանում եմ հոդվածագրի տեսակետը: Իրոք՝ վերցնել պատմությունը շուռ տալ, ինչ-որ «դիվանագիտություն» հորինել՝ դատապարտելի է: Հարեւան հանրապետությունում չե՞ն ասի՝ այդ ինչո՞ւ դուք՝ ղարաբաղցիներդ, 18-րդ դարում խանություն ստեղծեցիք, խան հրավիրեցիք մեր ազգակցին, խաների իշխանության տակ 60-70 տարի ապրեցիք, իսկ հիմա չեք ցանկանում ընդունել մեր իշխանությունը եւ ապրել մեզ հետ: Ի՞նչ կպատասխանեն պարոն Դավիթ Բաբայանը եւ գրքի տպագրության երաշխավորները: Որ Դավիթ Բաբայանի հորինած վարկածը ամբողջովին կեղծ է եւ դատապարտելի, դրանում ոչ մի կասկած չկա… Վարանդայի Մելիք-Շահնազար Բ-ն, Լեոյի արտահայտությամբ՝ այդ «գյոռբագյոռը», որը դավությամբ նստեց մելիքության աթոռին, փեսա ընտրեց Փանահի որդի Իբրահիմին, այսինքն՝ մուսուլմանական օրենքներ մտցրեց հայ ավանդական մի ընտանիքի մեջ: Նա ժամանակին Շուշի հրավիրելով Փանահին՝ սեպ խրեց մելիքությունների միջեւ: 18-րդ դարի Արցախի մելիքական բոլոր ընտանիքների անդամները հայտնի են: Նրանցից շատերը եւ նույնիսկ կաթողիկոսը զոհ գնացին խանական բարբարոսությանը կամ էլ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Բացի Մելիք-Շահնազարից, ովքե՞ր էին այն «դիվանագետները», որոնք խանություն մոգոնեցին եւ խան հռչակեցին թափառական քոչվորին: Հեղինակն անկարող լինելով պատասխանել այդ հարցին՝ հույսը թողնում է ապագայի վրա եւ պնդում, թե «այդ գաղտնիությունը պահպանելու համար… ամեն ինչ կատարվել է բարեխղճորեն», որոշումն ընդունվել է կոլեկտիվ կերպով, «ըստ որում՝ դրանում մասնակցել են հայրենիքի գաղափարներով տոգորված մի խումբ նվիրյալ մելիքներ եւ հոգեւորականներ», որոնցից Մելիք-Շահնազարի վրա դրված է եղել «անմիջական հսկողություն ունենալ Ղարաբաղի խաների նկատմամբ»: Հեղինակը ավելի հեռուն գնալով՝ հայտարարում է, թե Փանահ խանը «եղել է հայերին անձամբ նվիրված եւ պարտական»:

Գրքի վերջում բերված ցանկի համաձայն, Դ. Բաբայանն օգտագործել է 77 աղբյուր: Դրանցից ո՞ր հեղինակի մոտ է ասված, որ Ղարաբաղի խանությունը ստեղծել են ինչ-որ արցախցի «դիվանագետ մելիքներ», որոնք մնացել են անհայտ:

Հեղինակը նույնիսկ գովում է խանական կարգերը: Մինչդեռ ակնհայտ է, որ դրանց հատուկ են եղել դավադրությունը, դավաճանությունը, կաշառքը, ահաբեկչությունը, զավթումներն ու թալանը, մարդկանց բարբարոսաբար տանջելը, հարեմական կյանքը եւ այլ անբարո հատկանիշներ, որոնցից զերծ չի եղել նաեւ Ղարաբաղի խանությունը: Մի՞թե դրան են ձգտել Արցախի «դիվանագետ մելիքները»: Եվ եթե նրանք պայքարել են թագավորություն, պետական իշխանություն ստեղծելու համար, էլ ինչո՞ւ են խանական ձեւն ընդունել, մանավանդ՝ հայ ժողովուրդն ունեցել է հազարամյակների պետական փորձ, թող ընդունեին այն:

Դավիթ Բաբայանը, մեր կարծիքով, չի հասկացել, որ իր այդ «մենագրությամբ» վիրավորել է մի ամբողջ ժողովրդի, որը դարեր շարունակ մարտնչել է օտար նվաճողների, առանձնապես՝ պանթյուրքիզմ եւ պանիսլամիզմ տարածողների դեմ: Չէ՞ որ խանություն ստեղծելու եւ խան նշանակելու իրավունքը գտնվում էր պարսկական թագավորի ձեռքին: Այդ նա էր խանի պաշտոնը վաճառում, ինչպես դա արեց Փանահին: Այդքանը Դ. Բաբայանը շատ լավ է հասկանում: Սակայն ինչո՞ւ է նա ընկել մոլորության մեջ, ո՞վ է նրան հրել դեպի նման անպատվության… Ըստ հեղինակի՝ ի դեմս խանության, հայ մելիքները ստեղծել են անկախ պետականություն, սակայն իշխանության գլուխ պահել են հայ մելիքներին եւ հայ կաթողիկոսին տանջամահ անող քոչվոր մուսուլմանական ցեղի առաջնորդին, քանի որ իբրեւ իրենց ձեռքին է գտնվել «իրական իշխանությունը», Փանահը եղել է «ժողովրդավարական խան», նրա եւ հայ մելիքների միջեւ պայքար չի եղել, այդ ժամանակ տեղի ունեցած ընդհարումները եղել են «ազգային շահերից բխած»: Բաբայանի ասածներից հետեւում է, որ Փանահի մահից հետո Իբրահիմը եւս խանական աթոռին նստել է «հայ իշխող շրջանների օգնությամբ»: Բայց ովքե՞ր էին այդ «հայ իշխող շրջանները»: Հեղինակը եթե նկատի ունի Իբրահիմի աներ Մելիք-Շահնազարին, ապա նա չէր կարող լինել «իշխող տարր»: Ակնհայտ է, որ հիմնականում Իբրահիմի օրոք է Արցախ-Ղարաբաղը լցվել քոչվոր քրդերով եւ մուսուլման այլ ցեղերով: Կարո՞ղ է դա էլ է տեղի ունեցել «դիվանագետ մելիքների» համաձայնությամբ ու պահանջով:

Ո՛չ, պարոն Բաբայան, Ղարաբաղի խանությունը ստեղծվել է Պարսկաստանի իշխանությունների կողմից, խան է նշանակել պարսկական շահը, եւ արցախցի մելիքները, բացի Մելիք-Շահնազարից, ոչ մի կապ չեն ունեցել այդ հանցավոր իշխանության հետ, իշխանություն, որը խլել է հազարավոր արցախցիների կյանք եւ երկրամասը դարձրել արյունահեղությունների թատերաբեմ: Ձեր հորինվածքներով լեզու եք դնում թշնամու բերանում եւ նսեմացնում արցախահայության դարավոր հերոսական պայքարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել