Լրահոս
Օրվա լրահոսը

Համակիրները դարձան կոնգրեսականներ

Օգոստոս 07,2008 00:00

Գյումրեցի երկրապահները խոսեցին ինչպես նորաստեղծ կոնգրեսից, այնպես էլ Գյումրիի կենտրոնական շուկայի ծեծուջարդից:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրիի ԵԿՄ անդամները, անդրադառնալով նորաստեղծ Հայ ազգային կոնգրեսին, տեղեկացրին, որ վերջինիս անդամագրվելու ցանկություն են հայտնել անգամ «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների որոշ անդամներ: Ու թեեւ չշտապեցին իշխանական կուսակցություններից նեղացածների անունները հրապարակել, սակայն խոստացան նրանց՝ անդամատոմսերը դեն նետելու արարողությանը մասնակից դարձնել նաեւ լրագրողներին: Ըստ ազատամարտիկների, Կոնգրեսի ստեղծվելուն պես Գյումրիի բոլոր երկրապահներն իրենց համակիրներով դարձան կոնգրեսականներ: Պատճառն այն է, որ վերջիններս սեփական աչքերով տեսան դատարաններում բեմադրված շոուները, մասնավորապես՝ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի մասով, որոնց հանցագործ լինելը դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել, սակայն նրանց 2,5-3 տարվա ազատազրկման դատապարտեց: Ու թեեւ այսօր Մակեյանն ու Զաքարյանը բանտախցերում են, սակայն նրանք, ըստ երկրապահների, ճնշվողներից չեն: Որպես փաստ՝ երկրապահները ներկայացրին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց հրամանատարի՝ ԵԿՄ Շիրակի մարզի նախագահ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը Ազգային կոնգրեսի ստեղծման մասին, ուր մասնավորապես ասված է. «Ինչպես իմ քաղբանտարկյալ ընկերները, այնպես էլ ես ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի հռչակումը: Այն որակապես նոր փուլ է նախանշում՝ ազգային պայքարն առավել կազմակերպված ու հստակ ծրագրերով, նպատակային գործողություններով տխրահռչակ ռեժիմի կազմաքանդման գործում: Բարձր եմ գնահատում պատմական այդ փաստաթղթի ստորագրումը՝ 16 կուսակցությունների կողմից քաղաքական կամքի ու պատասխանատվության դրսեւորումը, քանզի նրանք բարձր դասեցին ազգային շահը նեղ անձնական կուսակցական շահից եւ հավուր պատշաճի գնահատեցին Հայ ազգային կոնգրեսի դերը հայ ժողովրդի ճակատագրի համար վճռորոշ ու պատասխանատու այս պահին: Կոչ եմ անում ձեզ հայ մարդու բարձր կոչումով, ձեր գիտակցական բարձր մակարդակով ու արժանապատիվ ապագա ստեղծելու գիտակցումով՝ մեր երեխաների վաղվա օրը լուսավոր դարձնելու նպատակով ձեր փխրուն ու ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու համար անդամագրվեք Հայ ազգային կոնգրեսին, քանզի այն դառնալու է անօրինական իշխանություններին այլընտրանք՝ հասարակության ինքնակառավարման համակարգ: Դա երկրի սահմանադրական կարգերի վերահաստատման հուսալի երաշխավոր է: Ժողովրդի միությունն է հանուն մեր պետականության ամրապնդման, զարգացման ու առաջընթացի»:

Ի դեպ, երկրապահները անդրադարձան նաեւ վերջերս Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում Ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ ոստիկանության կազմակերպած ծեծուջարդին:

Ըստ նրանց, ուժայիններն ավելի շատ նպատակ ունեին Գյումրիում վախի մթնոլորտ ստեղծել, քան հանցագործության դեմ պայքարել: Հիշեցնենք, որ վերջիններիս իրականացրած գործողությունների արդյունքում շուկայում կանգնողներից կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էին շուկան վերհսկող գյումրեցի մի քանի ոստիկաններ, որոնցից մեկի՝ Գրիգոր Հայրապետյանի առողջական վիճակը խիստ վատացել էր, նա ընկել էր կոմայի մեջ: «Էդ մարդիկ տասը տարի շուկայում գործ են արել, ինչո՞ւ հիմա որոշեցին նրանց դեմ պայքարել: Սա Սահմանադրության խախտում է: Եվ ինչո՞ւ խոշոր «ակուլաներին» թողած, մանր ձկների հետեւից են ընկել: Երկրապահը երբեք դեմ չէ հանցագործության դեմ պայքարին, բայց եթե՝ դա կատարվում է նորմալ, քաղաքակիրթ ձեւով»,- ասացին երկրապահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել