Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ

Օգոստոս 07,2008 00:00

\"\"Այդ կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել նորաստեղծ նախարարության 100 օրական նախարար Մհեր Շահգելդյանը:

Երեկ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Ասուլիսի սկզբում նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը որդեգրել է «Ամեն ինչ մարդու անվտանգության համար» եւ «Ոչինչ չի կարող լինել ավելի կարեւոր, քան մարդու անվտանգությունը» կարգախոսները: Ապա լրագրողներին հայտնեց, որ արդեն մշակվել է պատերազմի հետեւանքներից եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ռազմավարությունը, ինչպես նաեւ շրջանառության մեջ է դրվել փրկարար ծառայության կանոնագրքի նախագիծը, աշխատանքներ են տարվում «1-12» ծառայության ստեղծման ուղղությամբ: Նշվեց նաեւ, որ նախարարության ներքին ռեսուրսների հաշվին բարձրացվել են փրկարարների դրույքաչափերը, որը հիմք է ստեղծում 2009-ի պետբյուջեով հրշեջ փրկարարների աշխատավարձները բարձրացնելու համար, ինչը եւ նախատեսվում է:

Մ. Շահգելդյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ հակակարկտային կայանների ընդլնայման եւ վերազինման ուղղությամբ: Ըստ նրա, ներկայումս հանրապետությունում գործում է նման 30 կայան, մինչդեռ դրանց պահանջարկն ավելին է՝ հարկավոր է մոտ 1000-ը: Փաստենք, որ թեեւ Արագածոտնի մարզում տեղակայված են նմանատիպ մի քանի կայաններ, սակայն այդ շրջանի գյուղացիները բազմիցս «Առավոտին» դժգոհում են, որ դրանք ժամանակին չեն գործածվում. «Ամպերը ցրում են միայն այն ժամանակ, երբ կարկուտը թափվում է եւ ոչինչ փրկել չի լինում»:

Անդրադառնալով միջազգային համագործակցության ոլորտին, նախարարը լրագրողների ուշադրությունը հրավիրեց մի քանի երկրների եւ միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցության վրա: Օրինակ, Ճապոնիայի զարգացման գործակալության հետ կնքվել է նախնական համաձայնագիր, ըստ որի՝ դրամաշնորհ կհատկացվի Երեւանի հրշեջ վարչության մեքենասարքավորումները վերազինելու եւ արդիականացնելու համար: Բացի այդ, ակտիվ համագործակցություն է ծավալվում գերմանական GTZ կազմակերպության հետ: Նրանց հետ կնքված պայմանագրով նախատեսվում է Տավուշի եւ Լոռու մարզերում ստեղծել արագ արձագանքման եւ իրազեկման կենտրոններ:

Ճիշտ է, նախարարը մեկառմեկ առանձնացրեց կատարված աշխատանքներն ու ծրագրերը, սակայն իրականում դեռ վաղ է դրանց «հաջողվածների» ցուցակում ընդգրկելը, քանի որ արտակարգ պատահարներից խուսափել ու ժամանակին դրանք կանխարգելել՝ այնքան էլ չի հաջողվում: Անդրադառնալով վիճակագրական տվյալներին, փաստենք, որ տարեսկզբից Հայաստանում արձանագրվել է ջրահեղձման 14 դեպք, որի հետեւանքով զոհվել է 13 եւ տուժել 3 մարդ: Թեեւ Մ. Շահգելդյանը ասուլիսում հայտնեց, որ ջրահեղձման դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ չի աճել, սակայն այս թիվն էլ մտահոգիչ է եւ հավանական է, որ այն կաճի՝ «լողալու սեզոնը» նոր է բացվել: Պարոն Շահգելդյանը նշեց, որ Հայաստանի մոտ 100 ջրամբարներում փրկարար գործողություններ իրականացնել դեռ չի հաջողվում: Ապա ասածը մեղմելով՝ ավելացրեց. «բոլոր ջրափրկարարները այս ժամանակահատվածում գտնվում են մշտական պատրաստության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել