Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հիվանդանոցն ավելո՞րդ է

Օգոստոս 07,2008 00:00

Վրաստանի կառավարության որոշմամբ, շուտով Ջավախքի 24 պետական հիվանդանոցներ կփոխարինվեն մասնավոր բուժհիմնարկներով:

Վրաստանի Ախալքալաք քաղաքն ու հարակից գյուղերը սպասարկող միակ պետական բուժհաստատությունը, որն ունի ավելի քան 350 աշխատակից, շուտով կդադարի գործել: Տեղի կառավարության որոշմամբ, ի թիվս 23 այլ հիվանդանոցների, Ախալքալաքի բուժհաստատությունը եւս պետք է փոխարինվի նոր, մասնավոր հիվանդանոցով: Սա նշանակում է, որ սոցիալապես անապահով բնակիչները կզրկվեն անվճար եւ զեղչով բուժօգնություն ստանալու հնարավորությունից, իսկ մյուսներն էլ բուժման համար մի քանի անգամ ավելի շատ գումար կծախսեն, քանի որ մասնավոր հիվանդանոցում գներն անհամեմատ թանկ են: Բացի այդ, մասնավոր բուժհիմնարկի տերն ինքն է իր հայեցողությամբ որոշում, թե իրեն պատկանող հիվանդանոցում ինչ բաժանմունքներ պետք է գործեն: Օրինակ, եթե հիվանդանոցի սեփականատերը գտնի, որ, ասենք, վիրահատական բաժանմունքի սարքավորումների համար պետք է մեծ ներդրումներ անի ու քիչ եկամուտ ստանա, հնարավոր է, որ հիվանդանոցը մնա առանց վիրահատարանի: Կառավարության այս որոշումը հարուցել է հիվանդանոցում աշխատող բժիշկների դժգոհությունը, քանի որ նրանցից շատերը կզրկվեն աշխատանքից: Բժիշկների կարծիքով, իրենց հիվանդանոցը ունի բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումները եւ ի վիճակի է սպասարկելու շրջանի շուրջ 64 հազար բնակիչներին: Հիվանդանոցի թերապեւտ Վեներա Մահտեսյանի ներկայացմամբ. «Այս քայլն ամենաքիչը հանցագործություն է: Սա Վրաստանի միակ հայերով բնակեցված մարզն է, իսկ մեր հիվանդանոցը՝ միակ պետական բուժհիմնարկը: Վրացերենին չտիրապետող եւ անապահով բնակիչները անվճար բուժօգնության հնարավորությունից միանգամից կզրկվեն, ամեն բանի համար հո Թիֆլիս չե՞ն հասնելու: Չեմ կարծում, որ սա կոնկրետ հայաթափությանն է ուղղված, բայց եթե կառուցվի մասնավոր հիվանդանոցը, այն միանշանակ կնպաստի հայաթափությանը»: Մինչ տեղի բնակիչներն ու հիվանդանոցի բուժանձնակազմը դժգոհում են ստեղծված իրավիճակից, որոշ գործարարներ արդեն հաշվարկում են, թե որքան եկամուտներ կունենան, եթե մասնավոր հիվանդանոց կառուցելու համար ներդրումներ անեն: «Նոր ոճ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գեորգի Բագատուրիան, որն արդեն ծրագրել է մասնավոր հիվանդանոցի կառուցման համար ներդրումներ անել, մեզ հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, այս բիզնեսը եկամտաբեր է. «Պետություն-բժիշկ, բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է դարձնել այնպիսին, որ հիվանդը դժգոհ չմնա: Բայց ես հովանավորն եմ եւ ուզում եմ կայուն եկամուտ բերող բիզնես անել»:

Նշենք, որ պետական հիվանդանոցի 90 մահճակալի փոխարեն՝ նախատեսվում է, որ մասնավորը կունենա Ախալքալաքում՝ 50, իսկ հարեւան Ախալցիխեում՝ 100 մահճակալ: Բժիշկների հավաստմամբ. «Բոլոր 90 տեղերն էլ օգտագործվում են, դեռ ավելին, եղել են տասնյակ դեպքեր, երբ հիվանդների մեծ քանակության պատճառով հավելյալ մահճակալներ ենք բերել»: Ի դեպ, նոր մասնավոր հիվանդանոցում ինֆեկցիոն բաժանմունք նախատեսված չէ, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Գ. Բագատուրիան: Ըստ նրա. «Այդ բաժանմունքն այնքան էլ եկամտաբեր չէ»: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնի վարիչ Գրետա Դարբինյանի համոզմամբ՝ ինֆեկցիոն բաժանմունք ունենալը խիստ անհրաժեշտ է. «Ինֆեկցիոն բոլոր հիվանդություններն էլ ցանկացած պահի կարող են բռնկվել: Ասենք թե գրիպը տան պայմաններում բուժեն, բա մնացա՞ծը: Մենք ամսական միջին թվով 15-20 հիվանդի ենք սպասարկում: Բացի այդ, մենք մի շարք զեղչեր ու անվճար բուժման հնարավորություն ունենք երեխաների ու թոշակառուների համար: Մարդիկ այնքան անապահով են, որ դեղատոմսը գրելիս հարցնում են՝ հո շատ թա՞նկ չեն ձեր նշանակած դեղերը»: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանը պատրաստվում է նամակով դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն՝ շրջանի միակ պետական բուժհաստատությունը մասնավորով չփոխարինելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել