Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏՈՒՆԸ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ ՉԷ

Օգոստոս 07,2008 00:00

Երեխաները խոստովանում են, որ մանկատանը շատ լավ են զգում, բայց երազում են իրենց «մամա-պապաների» հետ ապրել:

\"\"Ռոզա եւ Քրիստինե քույրերի եղբայրը
նույնպես այս մանկատանն է:

 

 

 

\"\"Մելանյան արդեն երեք տարի է՝ ապրում է մանկատանը:

 

 

 

 

\"\"Լենան թեեւ ծնողներ ունի,
սակայն մանկատանն է ապրում:

 

 

 

 

\"\"Անին (ձախից) երազում է խոհարարուհի դառնալ, իսկ Մարիաննան՝ բժշկուհի:

 

«Ուզում եմ իմ տունն ունենալ ու միշտ իմ տանն ապրել»,- երազում է 13-ամյա Մելանյա Հարությունյանը: Նա երկկողմանի ծնողազուրկ է, ինչի հետեւանքով արդեն քանի տարի է՝ ապրում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Զատիկ» մանկատանը: «Առավոտի» հետ զրույցում Մելանյան պատմեց, որ 3 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է: Մի քանի տարի առաջ էլ զրկվել է հորից: Չնայած այս մանկատան դաստիարակները Մելանյային լավ են վերաբերվում եւ ժամանակ առ ժամանակ նրան տեսակցելու են գալիս հորեղբայրն ու նրա կինը, բայց նա ընտանիքի կարիք շատ է զգում: Մելանյան արդեն ընտրել է իր մասնագիտությունը, քանի որ երգել շատ է սիրում՝ «Հասմիկ Կարապետյանի ու Էմմիի նման երգչուհի եմ դառնալու»:

Նշենք, որ «Զատիկ» մանկատուն այցելել էինք «bmi» ավիաընկերության նախաձեռնությամբ, որը երեխաների համար բարեգործական ակցիա էր կազմակերպել:

Այս մանկատանն ապրում է 6-18 տարեկան 85 երեխա: Մանկատունն այս տարի 3 առաջին դասարանցի ունի: Տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքերով, սեպտեմբերի հետ մանկատան հոգսերն ավելանում են. «Մանկատունը գրենական պիտույքների, դպրոցական համազգեստի, գրքերի կարիք ունի»:

6-ամյա Ազատն այս տարի առաջին դասարան է գնալու: Նրան ծնողների փոխարեն առաջին անգամ դպրոց են ճանապարհելու մանկատան դաստիարակները: Ազատը այնքան էլ ուրախ չէ, որ այսուհետեւ իր խաղաժամերը փոխարինվելու են դպրոցի դասաժամերով, այդուհանդերձ, դպրոցական պիտույքներ ու կոշիկ նվեր ստանալուց հետո նա ոգեւորվել էր ու անհամբեր սեպտեմբերի 1-ին էր սպասում:

Մանկատանն ապրող Անին այցելուներ չու նի: Նա էլ, մանկատան մյուս երեխաների

նման, գերադասում է թեկուզ սոված-ծարավ, բայց իր հարազատների մոտ ապրել: Անին որոշել է խոհարարուհի դառնալ ու արդեն մանկատան խոհանոցում աշխատողներին օգնում է աղցաններ ու ճաշեր պատրաստելիս: Մարիաննան, որը նույնպես ապրում է «Զատիկ» մանկատանը, Անիի մտերիմ ընկերուհին է ու համադասարանցին:

Լենան թեեւ ծնողազուրկ չէ, բայց վատ սոցիալական պայմանների պատճառով մեծ քրոջ հետ 7 տարի առաջ հայտնվել է մանկատանը: Լենայի ընտանիքը մեծ է՝ 8 երեխաներից միայն 6 ամսական քույրիկն է մոր հետ ապրում, մնացածն այլ մանկատներում են, իսկ ավագ եղբայրը զինծառայող է: Լենայի պատմելով՝ մայրը պարբերաբար իրեն տուն է տանում. «Որ գնում եմ տուն՝ մամայիս օգնում եմ, քույրիկիս լողացնում եմ, քնացնում եմ»:

Լենայի խոսքերով, հորն ընդամենը մեկ անգամ է տեսել. «Եկել էր մեր տուն իմ հետ ծանոթանալու: Չգիտեի, որ պապաս է, իրա համար կոֆե եփեցի, հետո որ գնաց՝ նոր իմացա, որ պապաս է: Էդ մի անգամն էր, պապաս էլ չի գալիս»:

Անկախ այն բանից, որ Լենան մանկատանն էր մեծանում, նա իր ընտանիքի մասին մեծ սիրով ու հպարտությամբ էր խոսում: Մեկ առ մեկ ցույց էր տալիս տատիկի, քույրիկ-եղբայրների լուսանկարները՝ հույս փայփայելով, որ մի օր իրենց վիճակը բարելավվելու է եւ բոլորն իրար հետ են ապրելու:

Այս մանկատանն են ապրում նաեւ 2 քույրեր՝ Ռոզան ու Քրիստինեն: Նրանց այցելում են մայրիկն ու տատիկը: Դաստիարակների ներկայացմամբ, քույրերը խելացի են ու շնորհալի: Ռոզան նկարում է: Նրա նկարներն արդեն ցուցադրվում են: Դաստիարակների պատմելով՝ ցուցահանդեսին Ռոզայի նկարներից մեկը նույնիսկ մրցանակ է շահել:

Չնայած «Զատիկը» նախատեսված է անչափահաս երեխաների համար, բայց այս մանկատանն ապրում են նաեւ չափահաս երեխաներ: Մինչ պետությունը այդ երեխաներին կապահովի բնակարաններով, նրանք գնալու տեղ չունեն եւ ապրում են մանկատանը: Առհասարակ մեր երկրում մանկատան երեխաներին բնակարաններով ապահովելու խնդիրը շատ լուրջ է: 18 տարին լրանալուց հետո շատ երեխաներ ստիպված են լինում մի քանի տարի սպասել սեփական տանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել