Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼ ՕՂԱԿԸ ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ

Օգոստոս 07,2008 00:00

Դատավոր Գագիկ Ավետիսյանը լրագրողներին լռեցնելու փիս «խասյաթ» ունի

Արդեն երկու օր է, ինչ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը լուսաբանող լրագրողներն աշխատում են արտակարգ պայմաններում: Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Ավետիսյանի հրահանգով դատական կարգադրիչները դուրս էին բերել եւ մեկուսացրել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին, որն ավելի ուշ տեղափոխվել էր ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ երեկ նույն դատավորի հրահանգով կարգադրիչները, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով, նիստերի դահլիճից դուրս բերեցին «ՉԻ»-ի թղթակից Գոհար Վեզիրյանին: Նախկինում դատախազ, իսկ այս տարվա սկզբներից նորաթուխ այս դատավորի հրահանգով պարբերաբար ապօրինի խոչընդոտներ են հարուցվում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների նկատմամբ՝ վերջիններիս արգելելով ձայնագրություններ, տեսագրություններ եւ լուսանկարահանումներ անել: Այդ հրահանգները դատավորը երեկ կատարեց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց համապատասխան որոշումներ ընդունելու եւ հրապարակելու, վկայակոչելով միայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը եւ շրջանցելով ՀՀ Քրդատօրի համապատասխան դրույթները, որոնք պարտադրում են, որ դատավորը նման որոշումներ կայացնի միայն հիմնավոր պատճառաբանությամբ:

Գ. Վեզիրյանին դատարանի դահլիճից դուրս բերեցին այն բանից հետո, երբ լրագրողը փորձեց ճշտել, թե դատավորը ո՞ր իրավունքով է արգելում լուսանկարել, թեեւ դատավորի կարգադրության պահին նա չէր էլ լուսանկարում: Նույն դատավորի հրահանգով Գ. Վեզիրյանին դատարանի շենքում «կալանավորել» եւ մեկուսացրել էին քրեական հանցագործ մի քանի տղամարդկանց հետ՝ միեւնույն ճաղավանդակների ետեւում, ինչն առաջ էր բերել անգամ քրեականների տարակուսանքը՝ «վերջը կին ա, էս ի՞նչ եք անում»: «Կարգադրիչները շարունակում էին իրենց ագրեսիվ վարքագիծը՝ փորձելով պայուսակս քաշքշելով տանել: Ես թույլ չտվեցի, ասելով՝ եթե ուզում եք զննություն անել, եկեք՝ էստեղ արեք: Իրենք ստիպված էին իմ ներկայությամբ զննություն անել, որից հետո, առանց արձանագրություն կազմելու, վերցրին պայուսակումս եղած իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսս, ու տարան»,- պատմեց Գ. Վեզիրյանը, հավելելով, որ իր նկատմամբ ոտնձգությունը որեւէ իրավական փաստաթղթով չի արձանագրվել: Նրան շուրջ 1,5 ժամ ճաղերի ետեւում պահելուց հետո տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ էլ ավելի ուշ նրա իրերը վերադարձվել էին: Գ. Վեզիրյանին այստեղ պահել են ավելի քան 2 ժամ, թեեւ լրագրողը հրաժարվել է բացատրություններ տալ կատարվածի առնչությամբ՝ պահանջելով միայն դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տալ, որովհետեւ կարգադրիչների բռնի գործողությունների արդյունքում նրա թեւերին տեսանելի կապտուկներ կային:

Ոստիկանությունում ասում են, որ Գ. Վեզիրյանը, որից նաեւ մատնահետքեր են վերցվել, կասկածվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ: Կատարվածի առնչությամբ Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մենք՝ մի քանի լրագրողներով, նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի բակում սպասում էինք մեր գործընկերոջը, երբ լրագրողի հետ կատարվածի մասին տեղեկություններ ստանալու համար բաժին եկան նաեւ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ Սամվել Նիկոյանն ու Արծվիկ Մինասյանը: Նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե դատավորի գործողությունները ոչ իրավաչափ են, ոչ էլ օրենքի սահմաններում: «Կարծում եմ, դատարաններն ու ոստիկանությունը պարզապես պայմաններ են ստեղծում, որպեսզի դատավարությունը բաց չլինի, չլուսաբանվի: Ես օգոստոսի 5-ին տեսա, թե ինչպես է դատավորը դատապաշտպանների դեմ որոշումներ կայացնում, նույնիսկ գոռում ամբաստանյալ Սմբատ Այվազյանի վրա, հասկացա, որ դատավորն անհավասար պայմաններ է ստեղծում պաշտպանական եւ մեղադրող կողմերի համար: Դրանով ակնհայտ է դառնում դատավորի՝ մեղադրական վճիռ կայացնելու մտադրությունը: Այս դատավորի մասին տվյալ պարագայում անկողմնակալ եւ օբյեկտիվ բնորոշումները կիրառելի չեն»,- եզրակացրեց պատգամավորը:

Ս. Այվազյանի գործով երեկվա դատաքննությունը հերթական անգամ հետաձգվեց: Դա տեղի ունեցավ Ս. Այվազյանի գործողության արդյունքում «տուժող» ներկայացած ոստիկան Կարեն Հովսեփյանի ցուցմունքների ժամանակ, երբ հայտնվեց դատախազ Կորյուն Փիլոյանը: Պարզվեց, որ նա գլխավոր դատախազի կողմից լիազորվել է որպես երկրորդ մեղադրող ներգրավվել այս գործի դատաքննությանը: Բայց քանի որ Փիլոյանը համապատասխան գրությամբ չէր ներկայացել, դատավորը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, իսկ նիստը հետաձգեց մինչեւ օգոստոսի 12-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել