Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդությունը բեւեռացված չէ»

Օգոստոս 06,2008 00:00

Կարծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը

«Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքում երիտասարդության դերին: Ա. Զաքարյանի ձեւակերպմամբ, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում երիտասարդությունը քաղաքական դաշտում միշտ ունեցել եւ պահպանել է իր ուրույն դերակատարությունը, հանդես գալով իբրեւ հասարակական-քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժ: Ըստ Ա. Զաքարյանի, թե ինչպիսի գաղափարական հոսանքների են հարում երիտասարդները՝ ամբողջական պատասխան տալ հնարավոր չէ. «Ցավոք, մեզանում քաղաքական կուսակցությունները գաղափարական ուղենիշների առումով տարբեր վարքաբանություն են դրսեւորում ու շատ դժվար է տարանջատել կուսակցությունների այս կամ այն քաղաքական հոսքում լինելը: Առաջին՝ կուսակցությունները փորձում են երիտասարդական դաշտում իրականացնել գաղափարական քարոզչական աշխատանքներ, երիտասարդներին ներգրավել կուսակցական գործընթացներում եւ դրանով հանդերձ ապահովել երիտասարդության այս կամ այն խմբի հետաքրքրությունները, շահերը, գաղափարներն ու նորամուծությունները: Երկրորդ ուղին էլ երիտասարդներին հասարակական-քաղաքական գործընթացներին ներգրավելու համար՝ երիտասարդական հասարակական կազմակերպություններն են, որոնց թիվը ՀՀ-ում 1000-ից ավելի է, որոնք էլ ոլորտային առումով զբաղեցնում են ամենալայն հատվածը, այսինքն՝ զբաղվում են սոցիալական, կրթական, իրավունքների պաշտպանության եւ այլ խնդիրներով: Երրորդն էլ ուսանողական ինքնակառավարման մարմիններն են, որոնք Հայաստանում բավականին կայացած են»:

Ըստ Ա. Զաքարյանի, այսօր կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ ընդդիմության հետընտրական ակտիվացումներում երիտասարդության դաշտում բեւեռացումներ են կատարվում. «Դա, ըստ էության, մակերեսային դիտարկումների արդյունքում է այդպես, որովհետեւ երիտասարդության հետաքրքրությունները կարող են լինել բազմազան, եւ դա չի նշանակում, որ երիտասարդությունը իր ուղիղ հայացքով կամ ինքնորոշման ճանապարհով կարող է հարել այս կամ այն քաղաքական հոսանքին»: Նրա ձեւակերպմամբ, որպեսզի կարողանանք գնահատել կուսակցությունների կողմից երիտասարդության դաշտում կատարած աշխատանքներն ու հաջողությունները, բնականաբար, պետք է կարողանանք նաեւ չափել ու համեմատելի դարձնել տարբեր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ակտիվությունն ու դրանց մասնակցության աստիճանը քաղաքական գործընթացներում: Ա. Զաքարյանի խոսքերով, երիտասարդության քաղաքականացված լինելը չափից շատ ու ամենեւին էլ վտանգավոր չէ. «Ընդհանրապես, ցանկացած հասարակության մեջ առավելագույն քաղաքականացվածության չափը, որպես կանոն, մինչեւ 10 տոկոս է կազմում: Դրա մեջ մտնում են նաեւ երիտասարդները: Կան տարբեր քաղաքական գործընթացներ, որտեղ մասնակցություն կամ դերակատարություն ունենալը դեռ չի նշանակում քաղաքականացված լինել: Ես չեմ կարծում, թե մեզ մոտ երիտասարդության աննախադեպ քաղաքականացվածության աճ է արձանագրվում»: Նա անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ մեր երկրում քաղաքական ճգնաժամ չկա, որովհետեւ քաղաքական համակարգի բոլոր ինստիտուտները իրականացնում են բնականոն գործունեություն, իսկ երիտասարդությունն էլ, որպես ամենաակտիվ ու ամենակազմակերպված հատված, պետք է կարողանա վերահսկողություն իրականացնել պետական, ոչ պետական եւ քաղաքական կազմակերպությունների գործունեությունների նկատմամբ: Խոսելով Համաժողովրդական շարժման գործունեության մասին, Ա. Զաքարյանը նշեց. «Այդ շարժումը փորձելով իր համակիրների կամ համախոհների շրջանակն ընդլայնել, բնական է, որ պետք է առաջին հերթին փորձեր երիտասարդության հետ կապել իր ակտիվության ապահովման խնդիրները, բայց չեմ կարծում, թե այսօր երիտասարդությունը տարված է այդ շարժմամբ կամ նրանց գաղափարներով: Պարզապես, կա երիտասարդության մի հատված, որ հեշտությամբ տրվում է տարբեր տեխնոլոգիական, քարոզչական հնարքների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել