Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքը փրկում ենք

Օգոստոս 06,2008 00:00

Ի պատասխան «Առավոտում» (26.07.08) տպագրված «Գոշավանքը պղծում են» հոդվածի:

Չէի ուզենա երբեւիցե գրիչ վերցնել ձեռքս եւ պարապ գործով զբաղվել: Շուրջ 30 տարի առաջ մեկնել եմ Հայաստանից Ուկրաինա՝ սովորելու: Այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուց հետո ամուսնացա ու աշխատանքի անցա Կիեւում: Երկար ժամանակ Հայաստանում չէի եղել: Երբ մի քանի տարի առաջ ժամանեցի Հայաստան՝ քրոջս ամուսնու հետ ընտանիքներով շրջագայություններ կատարեցինք Հայաստանի պատմամշակութային վայրերով: Հատկապես տպավորիչ էր «Ոսկե շղթա» (Դիլիջան-Վանաձոր-Օձուն-Հաղպատ-Սանահին-Մակարավանք-Իջեւան) կոչվող երթուղին: Ուղղակի տպավորված էինք Սեւանվանք-Հայրիվանք-Նորադուս-Սելիմ-Խնձորեսկ-Տաթեւ-Նորավանք-Քարահունջ երթուղուց: Իսկ իմ հարազատ քաղաքը՝ Դիլիջանը, իր շրջակայքով, ուղղակի հիասքանչ է: Չես կարող չտպավորվել Հաղարծին եւ Գոշավանք այցելություններից: Երբ տարիների բացակայությունից հետո այցելեցի իմ հայրենիք, հատկապես՝ Գոշավանք, հասկացա, որ հայրենիքը միայն հեռվից չեն սիրում ու հիանում: Շատ ենք սիրում կենացներ խմել ու պարծենալ, թե հազարամյակների ազգ ենք: Իսկ որեւէ մեկս ինչ-որ բան անո՞ւմ ենք հայրենիքի զարգացմանը մեր ներդրումը ունենալու համար: Գոշավանքի կողքին տեսա մի քայքայված տուն, որը ամեն րոպե կարող էր քանդվել՝ վնաս պատճառելով այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին: Գյուղապետի հետ հանդիպման ժամանակ նա էլ նշեց, որ թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ զբոսաշրջիկները, թե՛ զբոսավարները բազմիցս հարցրել են, թե ինչու այդ շենքը չի վերանորոգվում: Ես ասացի, որ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ այդ շենքի վերանորոգման հարցում, իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որ պատմաճարտարապետական հրաշք կառույց Գոշավանքը իր շրջակայքով ըստ արժանվույն ներկայանա աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերին: Իմ ոգեւորությունը ուղղակի սահման չուներ: Հատկապես մեծ էր գյուղապետի ոգեւորությունը: Սեփականատիրոջից գնելով շինությունը՝ իմ առաջին քայլը եղավ այն, որ այցելեցի Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն՝ խորհրդատվություն ստանալու, թե ինչի՞ց է անհրաժեշտ սկսել, ի՞նչ կարելի է եւ ի՞նչ չի կարելի անել այդ տարածքում: Այնտեղ մեզ շատ սիրալիր ընդունեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը: Մանրամասն քննարկեցինք բոլոր խնդիրները, եւ որոշվեց, որ ապագա նախագիծը պետք է քննարկվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում: Եվ քննարկվեց: Նիստը կայացել է 2008թ. հուլիսի 8-ին: Նիստը նախագահել է ՀՀ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանը: Ներկա են եղել նախագծող ճարտարապետը եւ իմ լիազորված անձը:

Հնագետ Գագիկ Սարգսյանը եւ ճարտարապետ Էդուարդ Գրիգորյանը, որոնք տպագրել են «Գոշավանքը պղծում են» հոդվածը, հավանաբար այս տեղեկատվությանը չէին տիրապետում, այլապես որպես մշակույթը ներկայացնող անձինք՝ իրենց թույլ չէին տա նմանատիպ հոդված տպագրելու: Եվ եթե նրանք մտահոգված էին պատմաճարտարապետական կառույցի ճակատագրով, ինչո՞ւ չէին հանդիպել կառուցապատողին, նրա լիազորված անձին կամ գոնե ճարտարապետին:

Հարգելիներս, ես հասկանում եմ ձեր մտահոգությունը: Եթե այն արտահայտվում է ընդամենը հոդված գրելով, իմ մտահոգությունը ես արտահայտում եմ կոնկրետ գործով եւ ներդրումներով: Նշեմ նաեւ, որ շինարարության ավարտից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, այստեղ կտեղափոխվի ՀՀ մշակույթի նախարարությանը պատկանող՝ ներկայումս փայտե խղճուկ տնակում տեղակայված թանգարանը, այստեղ գործելու է հայ մեծ մտածող Մխիթար Գոշի կյանքն ու գործունեությունը լուսաբանող թանգարանը: Արդեն հիմնադրել ենք «Միջնադարյան արհեստի կենտրոն» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել միջնադարյան արհեստագործության եւ զբոսաշրջության զարգացմանը: Իրականացնելու ենք տնտեսական եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր: Հնագետ Գագիկ Սարգսյան, ճարտարապետ Էդուարդ Գրիգորյան, եթե ունեք առաջարկություններ՝ կապված շինության ապագա տեսքի հետ, ես պատրաստ եմ լսել եւ հաշվի առնել, ինչու ոչ, նաեւ ձեր կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել