Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ

Օգոստոս 06,2008 00:00

Եվ ցանկանում են այն հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց եղբայրներին:

Շուրջ 7 ամիս Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնն անորոշ խաղերի մեջ ներքաշելուց, այստեղ ապօրինություններ գործելուց, մշակույթի նախարարությունն իբր այստեղ հարցերը լուծել-ավարտելուց հետո՝ «վերջապես» իր ավերիչ ու ապազգային ծրագրերը նաեւ Սունդուկյանի անվան թատրոն տարավ՝ առիթ գտնելով թափելու որոշ ապաթատրոնական չինովնիկների հոգիներում կուտակված մաղձն ու թույնը, տգիտությունն ու վրեժի ծարավը: Այն, ինչ կատարվեց Սունդուկյանի անվան թատրոնում՝ չափազանց սխալ կլիներ միայն ու միայն անձնավորված պայքար համարել Վահե Շահվերդյանի դեմ, չնայած ե՛ւ անձնավորումն է առկա, եւ՛ քաղաքական հետապնդումը, ե՛ւ անհատականությանը ոչնչացնելու մոլուցքը… 1977-ին մի խումբ սունդուկյանցիների գործիք դարձնելով՝ բոլշեւիկյան իշխանությունները սպանեցին Վարդան Աճեմյանին, հետո արդեն մեր օրերում մահվան դատապարտեցին Տիգրան Լեւոնյանին, Օհան Դուրյանին դուրս մղեցին մեր երաժշտական կյանքից, հիմա էլ հերթը Վահե Շահվերդյանինն էր, որովհետեւ հատկապես մշակույթը կառավարողները չեն սիրում սեփական դիմագիծ ու կարծիք ունեցողներին, նրանք ամբոխավարության ու միջակության ջատագովներ են, որոնց հեշտ է իշխել, հպատակեցնել, նրանց ձեռքերով ապազգային ծրագրեր իրականացնել…

Վահե Շահվերդյանի խնդրին մենք, իհարկե, կանդրադառնանք, սակայն առավել կարեւոր հարց կա, որն այս օրերին վարպետորեն սքողվում է, շատերն անգիտաբար սեւեռվում են միայն մի խնդրի՝ չհասկանալով, որ տեղի է ունեցել ազգային դրամատիկական թատրոնը ոչնչացնելու առաջին եւ գլխավոր փորձը… Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ իշխանության կուլիսներում վաղուց ի վեր քննարկվում էր պետական դրամատիկական թատրոնները ապապետականացնելու, թատրոնների փոխարեն նախախորհրդային շրջանի «անգաժեմենտային» ծրագրերն առաջ մղելու, պետությանը թատրոնի հանդեպ պարտականությունից ազատելու մոդելը, որն իր հովանավորներն ու նախանձախնդիրներն ունի՝ ի դեմս հայաստանյան շոու-բազարի մի շարք առաջադեմ «գործիչների», ի դեմս նախկին վարչապետ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատում հայտնված որոշ «խորհրդականների», որոնք ցանկանում են հայաստանյան նշանավոր դահլիճները հանձնել իրենց շարմական ընկերներին ու մոսկվաներում բալագանային հումոր տարածող իրենց հարազատ եղբայրներին… Դեռեւս անցած տարի Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկումների ժամանակ իշխանությունները ցանկանում էին հող նախապատրաստել թատրոնների լուծարման համար՝ իբրեւ ծխածածկույթ ներկայացնելով գեղարվեստական ղեկավարների խնդիրը: Արդեն տեւական ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի են գործում Կամերային երաժշտական եւ Երիտասարդական փորձարարական թատրոնները. մենք կորցրել ենք ժանրային եւ ստեղծագործական առանձնահատկություններ ունեցող թատրոններ, մենք կորցրել ենք այնպիսի բեմեր, որոնք հենց երիտասարդ արվեստագետների համար հրաշալի փորձարաններ պիտի դառնային, պիտի նպաստեին ազգային երաժշտական թատրոնի նոր տեսակի ձեւավորմանը, ժանրային նորարարությանը: Իշխանությունների նպատակն էր ցույց տալ, որ կարելի է աշխատել առանց գեղարվեստական առաջնորդի եւ գեղարվեստական ծրագրի, ուրեմն՝ կարելի է ապրել նաեւ առանց թատրոնի:

Սեփական շենք չունեցող Երիտասարդական փորձարարական եւ խղճուկ շենքային պայմաններում շվարած Կամերային երաժշտական թատրոնները, բնականաբար, «շոու բազարի» գործիչների քիմքով չէին, դրանք չեն կարող ապահովել անհրաժեշտ եկամուտները, դրանք չեն կարող գայթակղել ազգային երգարվեստի՝ ֆոնոգրամայի տակ անգամ «ֆալցետներով» երգող աստղերին ու արտասահմանյան կատարողներին, հետեւաբար նրանց թիրախը Սունդուկյանի եւ Պարոնյանի անվան թատրոններն են: Հատկապես՝ Սունդուկյանի անվան, որն ունի հրաշալի բեմային եւ դահլիճային պայմաններ, փորձասենյակներ, գիշերային բար-սրճարանների ստեղծման լայն հնարավորություններ, որի ամեն մի հարկը կարելի է վարձակալության տալ ինչպես պրոդյուսերական կազմակերպությունների եւ անգամ կոմերցիոն գրասենյակների եւ ահռելի եկամուտներ ստանալ: Առաջին ու գլխավոր պատճառներից մեկը՝ Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցածի, հենց սա է: Եվ «ազատ բեմ» գավառային ֆրազը, որ շրջանառության մեջ են դրել իշխանությունները, հենց սա է նշանակում, ինչը մատնեց իր ասուլիսում մշակույթի նախարարը՝ մերթ խոսելով «ազատ բեմի», մերթ էլ՝ նոր գեղարվեստական ղեկավարի ընտրության մասին… Եթե ազատ բեմ է՝ ստեղծագործական ազատության ու փորձարարության հանգրվան՝ ի՞նչ մրցակցություն եւ ի՞նչ նոր ընտրություն, երբ ընդամենը այստեղ անհրաժեշտ պիտի լինի ունենալ քիչ թե շատ գրագետ ու կազմակերպչական ընդունակություններ ունեցող տնօրեն՝ թեկուզ նախկին ոստիկան եւ թվերն իրար գումարող մի հաշվապահ… «Ազատ բեմի» բլեֆը բոլորիս համար էլ հասկանալի եւ ընկալելի է, չէ՞ որ «ազատ բեմում» նաեւ կարելի է համերգային շոուներ բեմադրել, կրկեսային ներկայացումներ ցուցադրել, պոդիում եւ կասկածելի մրցույթներ կազմակերպել՝ համեմված երգերով, պարերով, անգամ բալագանային հումորով, որը մեզանում շատ հաճախ դրամատիկական արվեստի չափորոշիչ է համարվում… Կարծում եմ, «ազատ բեմում» պիտի գործեն առաջին հերթին այն տաղանդավոր մարդիկ, ովքեր արդեն լուրջ հայտեր են ներկայացրել, ովքեր հետաքրքիր գեղագիտական հայտնություններով են ճանաչելի դարձել, ովքեր մասնավորաբար ակադեմիզմի մեջ հասել են նոր դրսեւորումների, քանի որ գործ ունենք ակադեմիական թատրոնի հետ, իսկ ակադեմիականը միայն կոչում չէ, այլ նաեւ գեղարվեստական-գեղագիտական սկզբունք, արտահայտչաձեւ, մեկնաբանությունների ուրույն մեթոդաբանություն… Աշխարհի ոչ մի երկրում ազգային թատրոնները, որոնք ժողովրդի մեծագույն հարստությունն են, չեն ոչնչացվում, չեն ավերվում. մի՞թե կարելի է պատկերացնել, որ «Կոմեդի ֆրանսեզը», Մոսկվայի Գեղարվեստականը, իտալական «Պիկկոլոն» կամ Ստրադֆորդ օն Էյվոնի Մեմորիալ թատրոնը մի օր կարող են «ազատ բեմ» հռչակվել: Դրանք ժողովուրդների սեփականությունն են, թատերական արվեստի բարձր ըմբռնումների հանգրվաններն են, այն դպրոցներն են, որոնք պահպանում են ակադեմիականության սկզբունքները՝ ուշագրավ համադրություն ստեղծելով փորձարարական, կոնցեպտուալ, ավանգարդիստական թատրոնների հետ, որոնք իրենց գեղագիտությունն ունեն, որոնք իրենց հարմար շենքերն ունեն, որոնց ճարտարապետությունն անգամ բխում է թատրոնի ձեւից ու մտածողությունից: Այսօր այս ամենը չիմացող-չհասկացող մի խումբ տգետ իշխանավորներ հայտարարություններ են անում, արդարացնում իրենց՝ հավանաբար կարծելով, թե անգամ թատերական աշխարհում մեծ թիվ են կազմում այն անգրագետները, ովքեր այս տարրական ճշմարտությունները չգիտեն:

Գալով Վահե Շահվերդյանին՝ պետք է ասել, որ Սունդուկյանի անվան թատրոնում մի խումբ դերասան-դերասանուհիների կողմից արհեստականորեն հրահրված դժգոհությունը չի բխում հենց Շահվերդյանի գործոնից, քանզի, բացառությամբ մեկ-երկու հոգու, մյուս «ընդդիմադիրները» հենց Շահվերդյանի ստեղծագործական համախոհներն են, նրա գրեթե բոլոր բեմադրությունների գլխավոր դերակատարները, Շահվերդյանի ջանքերով պետական պարգեւների եւ ճանաչման արժանացած մարդիկ: Հետեւաբար, սուտը եւ կազմակերպվածությունը չափազանց նկատելի են… Եվ այն մեղադրանքները, որոնք այսօր ներկայացվել են Շահվերդյանին, ժամանակին ներկայացվել են Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Հրաչյա Ղափլանյանին, Խորեն Աբրահամյանին: Բոլորը՝ Սունդուկյանի անվան թատրոնում: Հետեւաբար, արդեն մաշված են մեղադրանքներն ու քննադատությունները: Սունդուկյանի անվան թատրոնը, որպես ազգային ակադեմիական թատրոն, երբեք իրավունք չունի դիմելու ծայրահեղ փորձարարությանը, քանզի սա նաեւ թատրոն-դպրոց է, այստեղ պիտի ներկայանա արդեն բյուրեղացածը, բոլորի համար ուսանելին եւ ընդունելին… Մայր թատրոնը չի կարող եւ իրավունք չունի կտրվելու իր արմատներից եւ բոլորովին նոր թատրոն դառնալու, որովհետեւ կտրուկ շրջադարձերը միշտ էլ վտանգավոր ու աղետալի են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել