Լրահոս
Օրվա լրահոսը

Գերատեսչական մրցույթները մաքուր չեն

Օգոստոս 06,2008 00:00

Հակակոռուպցիոն խորհրդակցության օրը ձերբակալվեցին

Վայոց ձորում ընթացած «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով շրջիկ խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ ձերբակալվել են եւս 5-ը, մասնավորապես՝ մեկը քաղաքապետարանի աշխատակից, ոստիկաններ եւ տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներ: Պարզվել էր, որ ոստիկանության մայոր Պետրոսյանը պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, վաշտի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող ու տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք:

Խորհրդակցությանը հրավեր էին ստացել, սակայն չմասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը: Իր զեկույցում ԱԱԾ տնտեսական անվտանգության բաժնի պետ Սուրեն Բաղդասարյանը մասնավորապես անդրադարձավ բյուջետային միջոցների հավաքագրման գործընթացին եւ ասաց. «Չարաշահումներն իրականացվում են պետբյուջեի եկամտային մասն ապահովող ՀՀ հարկային պետական ծառայության, ՀՀ մաքսային պետական կոմիտեի եւ ստուգումների իրավասություններով օժտված մարմինների՝ ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտի գնահատման եւ վերահսկողության վարչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ որակի տեսչության, ՀՀ բնապահպանության պետական տեսչության, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչության, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության կողմից»: Ասել է թե՝ հստակ էին կոռուպցիոն դրսեւորումների հասցեատերերը, որի համար ԱԱԾ ներկայացուցիչն առաջարկեց միջոցների նկատմամբ վերահսկողություն, մասնավորապես՝ թե ինչպես են այս կամ այն գործարքներին մասնակցում, ԱԱԾ ձեւակերպմամբ՝ «դնովի կազմակերպությունները»:

Սուրեն Բաղդասարյանի տեղեկացմամբ, ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների վերլուծությունից հետեւում է, որ մաքուր չեն նաեւ գերատեսչություններում իրականացվող մրցույթները. «Նմանատիպ իրավիճակ է նաեւ միջազգային վարկային միջոցների բաշխման գործընթացում, որտեղ պետգնումների գործակալության գործառույթները իրականացնում են ԾԻԳ-երը՝ ծրագրերի իրականացման գրասենյակները»: Ի դեպ, ըստ Ս. Բաղդասարյանի, անմխիթար է նաեւ վիճակը պետբյուջե գումարների մուտքագրման հետ կապված. «Չմուտքագրման գերակշռող մասը կրում է կազմակերպված բնույթ եւ փոխշահավետ է սուբյեկտ-մաքսավոր փոխհարաբերություններում: Ապրանքները ձեւակերպվում են ոչ ճիշտ անվամբ կամ ծագման երկրի փոփոխմամբ, ինչը հնարավորություն է ստեղծում մաքսազերծումն իրականացնել ցածր գներով»: Անմասն չմնացին նաեւ Հարկային պետական ծառայության աշխատակիցները, որոնց ձեւական ստուգայցերը ավարտվում են նրանով, որ թաքցնում են սուբյեկտի իրական շրջանառությունը, ինչի հետեւանքով պետբյուջե գանձվում են ոչ իրատեսական գումարներ: Հետաքրքիր ինֆորմացիա էր պարունակում նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետի տեղակալ, ԳՐԵԿՈ-ում (Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանի զեկույցը:

Ըստ զեկուցողի, ԳՐԵԿՈ-ի վերջին՝ 38-րդ լիագումար նիստում Հայաստանին ուղղված 12 առաջարկությունները համարվել են կատարված, ինը՝ մասնակի կատարված, երեքը՝ չկատարված: Առաջարկվել էին սահմանել իրավական դրույթներ, որոնք թույլ կտան իրականացնել երրորդ անձի տիրապետման տակ գտնվող գույքի արդյունավետ բռնագրավում, պարզեցնել եւ արագացնել խուզարկության թույլտվության ընթացակարգը անմիջական անհետաձգելիության դեպքերում, ընդունել ոստիկանության ծառայողների, դատախազների ու դատավորների կոռուպցիայի եւ փողերի լվացման հարցերին նվիրված վերապատրաստման մոդել, նվազեցնել քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կատեգորիաները, վերացնել հատկապես պատգամավորության թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, մարզային համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի անձեռնմխելիությունը: ԳՐԵԿՈ-ն նշել էր, որ այդ առաջարկներում «քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կատեգորիաները չեն նվազել»: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ մարզերի դատախազներ, ԱԱԾ եւ ոստիկանության պաշտոնյաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել