Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ

Օգոստոս 06,2008 00:00

\"\"Գյումրեցիներին այդպես էլ անհայտ մնացին իրավապահների կողմից շաբաթ օրը Գյումրիի կենտրոնական շուկայում կազմակերպված ծեծուջարդի իրական պատճառները:

Արդեն չորրորդ օրն է՝ Գյումրիում շրջանառության դրված միակ թեման «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի հատվածում տեղի ունեցած դեպքն է: Գյումրիի պատմության մեջ առաջին անգամ է, երբ օրը ցերեկով «քացու» տակ են գցում շուկայում կանգնած «բիրժեւիկներին» ու նրանց «թասիբին» կանգնողներին, ընդ որում, ըստ ականատեսների, 10 ոստիկանով խփում էին մեկին: Շուկայում այդ պահին գտնվողների ներկայացմամբ, մայրաքաղաքի ոստիկանները առավոտյան ժամը 10-ին սկսել են «կանդալել» տարադրամի առեւտրով զբաղվողներին, իսկ նրանց, ովքեր փորձել են բացատրություն պահանջել՝ ջարդուփշուր են արել: Մենք դեպքի վայրում եղանք այն պահին, երբ առեւտրականները հավաքում էին կրպակներից մեկի կոտրված ապակիները: Ականատեսների վկայմամբ, «բիրժեւիկներից» մեկը դիմադրել է ոստիկաններին, վերջիններս էլ ոչ ավել, ոչ պակաս՝ նրա գլուխը խփել են ապակուն: «Ով ոստիկաններին ռաստ եկավ՝ դրին ծեծին, իսկական գենոցիդ, սիմիշկա ծախողին անգամ չխնային, օրենքի մա՞րդն էլ ծեծով հարց լուծի, եթե տղամարդը ապրելու հնար ունենա՝ բիրժա կկանգնի՞»,- հուզված հարցնում էին գյումրեցիները: Ոստիկանները շատերին լցրել են մեքենաներն ու տարել մայրաքաղաք: Աղմկոտ այս դեպքից երեք-չորս ժամ հետո Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նոր միայն հարկ համարեցին բացատրություն տալ գյումրեցիներին: Շուկայում կանգնողներին պարզ դարձավ, որ շրջապատին ահաբեկելով, աջ ու ձախ «քացի տալով»՝ մայրաքաղաքի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու իրավապահները Գյումրիի շուկայում փնտրել են իրենց տեղացի գործընկերներին՝ շուկան «վերահսկող» ոստիկաններին ու Գյումրիի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի մասնագետ Գեւորգ Հակոբյանին, ովքեր վաղուց ի վեր զբաղվել են դրամաշորթությամբ՝ անօրինական «հախեր» հավաքելով շուկայի ժողովրդից: Ըստ պաշտոնական տեղեկատվության. «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայաքարի գլխավոր վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստի մեջ մերկացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջինս ոստիկանության նույն բաժնի պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, պարեկապահակային ծառայության բաժնի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող եւ տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք: Նախապատրաստված նյութերով Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրգործ է հարուցվել Քրօրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասով: Ոստիկանության աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանը, Սարգիս Պարսամյանը եւ Հովհաննես Գրիգորյանը ձերբակալված են»: Միջոցառումն իրականացնողները շուկայի տարածքում տեղակայված այս անձանց հենակետ-տնակում զննությամբ հայտնաբերել են նաեւ տարբեր անձանց վերաբերյալ գրառումներ, օրինակ՝ երեք տետր, որոնցում 2007թ. ի վեր մուտքագրվել են ապրանք վաճառողների տվյալները, որտեղ, ըստ օրերի, նրանց անվան դիմաց դրվել են «պլուս» կամ «մինուս» ու պայմանականորեն երեւացել են գումար տվողները կամ չտվողները: Իրավապահներն այդ նույն տարածքում հայտնաբերել են նաեւ տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվող Գյումրիի մի խումբ բնակիչների՝ Աշոտ Անտոնյանին, Նորայր Սահակյանին, Ռուբիկ Խաչատրյանին, Ռոբերտ Փոլադյանին, Արա Գրիգորյանին, Վարդան Յաղուբյանին եւ Աշոտ Խուրշուդյանին, որոնք օպերատիվնիկների պահանջով ներկայացրել են փոխանակման համար իրենց մոտ գտնվող գումարները՝ 3.967.000 դրամ, 3807 ԱՄՆ դոլար, 1.995 եվրո եւ 183.050 ՌԴ ռուբլի: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ «բիրժեւիկները» վախենում են շուկայի տարածքում հայտնվել: Ինչպես պատմում են շուկայում կանգնողները, նրանք «շահով» փող էին վերցնում՝ գումար «ֆռռացնելու», համար, մինչդեռ մայրաքաղաքի ոստիկանները «բիրժեւիկներին» բերման ենթարկելով ու Երեւան տանելով՝ բռնագրավել են նրանց մոտ եղած գումարը՝ Գյումրի վերադառնալու համար անգամ դրամ չթողնելով: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ մայրաքաղաքի ոստիկանները բռնի մեթոդներով դարձյալ առգրավեցին գյումրեցի «բիրժեւիկների» մոտ եղած փողերը՝ վերջնականապես սնանկացնելով շատերին: «Բիրժեւիկներն» այդ ժամանակ մեղադրում էին ՀՀ կենտրոնական բանկին՝ վստահեցնելով, որ այս քայլով բանկը նպատակ ունի արհեստականորեն արժեւորել դրամը, եւ քանի որ արտասահմանից դոլար կամ եվրո ստացող ՀՀ քաղաքացիներն այլեւս այլընտրանք չեն ունենա, չեն կարողանա դոլարը կամ եվրոն ավելի թանկ գնով արտարժութային շուկայում փոխանակել, ուստիեւ ստիպված կլինեն էժան գնով այն փոխանակել հենց բանկերում: Այնպես որ, Գյումրիում իրականացրած միջոցառումը նպատակ ուներ ցրել նաեւ Գյումրիի կենտրոնական բիրժան: Նույն այդ ժամանակ «հախ» հավաքողները՝ մասնավորապես քաղաքապետարանի, իրենց գործը շարունակում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել