Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզածը մի պարկ ալյուր է

Օգոստոս 06,2008 00:00

\"\"Այն էլ՝ գյուղապետը չի տալիս

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ասյա Ասրյանն ընդամենը մեկ պարկ ալյուրի համար արդեն քանի ամիս է՝ մարզպետարանի ու գյուղապետարանի դռներն է ընկած: Կնոջ պատմելով, գյուղապետն ուղարկում է մարզպետի մոտ, մարզպետարանից էլ խորհուրդ են տալիս գյուղապետին դիմել: Ու մինչ մարզի բնակիչների համար պատասխանատու մարզպետն ու գյուղապետը Ա. Ասրյանին օգնելու հարցը միմյանց վրա են գցում, կինը երեխաների օրվա հացը մուրացկանությամբ է վաստակում:

«Երեք անչափահաս երեխա ունեմ: Մեզ մոտ աշխատանք չկա, որ գոնե աշխատեմ՝ երեխաներիս պահեմ: Ամուսինս Սեւանի հոգեբուժարանում է, ես էլ ոչ մի օգնող ձեռք չունեմ: Պետությունից ընդամենը 26 հազար դրամ նպաստ եմ ստանում, դրանով ինչպե՞ս ծայրը ծայրին հասցնեմ, ինչպե՞ս 3 երեխա պահեմ: Ինչքան ժամանակ է՝ գյուղապետին խնդրում եմ գոնե մի պարկ ալյուրով օգնի, որ մի 20-25 օր հաց թխեմ, ընտանիքս յոլա գնա՝ մերժում է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ա. Ասրյանը: Վերջերս էլ, կնոջ դիմումներին ի պատասխան, Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ իրենք զգուշացրել են Բաղրամյանի գյուղապետ Մասիս Կիրակոսյանին, որպեսզի զբաղվի կնոջ խնդրով. «Ինձ ասում են գնա՝ գյուղապետը քեզ կօգնի, սակայն երբ դիմում եմ մեր գյուղապետ Մասիս Կիրակոսյանին, հրաժարվում է՝ սպառնալով, որ եթե մի անգամ էլ դիմեմ մարզպետարան՝ ինձ համար շատ վատ կլինի: Էս ամենից արդեն հոգնել եմ, էլ բան չի մնացել անելու, երեխաներիս հավաքելու եմ՝ գնամ կառավարության շենքի առաջ հացադուլի նստեմ»: Ա. Ասրյանի խոսքերով, Բաղրամյանի ներկայիս գյուղապետը դեռեւս ընտրությունների ժամանակ է խոստացել, որ եթե իրեն ընտրեմ՝ ինձ աշխատանք կտա. «Ընտրվեց ու խոստումների մասին մոռացավ: Ոչ միայն աշխատանք, այլեւ օգնություն չի տալիս»:

Մեր հարցին, թե գյուղապետարանի բյուջեն բնակիչներին օգնություն տրամադրելու որեւէ գումար չի՞ նախատեսում, Բաղրամյանի գյուղապետ Մասիս Կիրակոսյանը պարզաբանեց. «Ես այդ ընտանիքին շատ եմ օգնել: Անգամ ինձ շնորհակալագրեր է գրել: Բայց հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ վերջապես սովորեն աշխատել: Էդուարդո Էռնեկյանը մեզ մոտ մեծ հող է առել, բոլորն այնտեղ աշխատում են, ինչո՞ւ նա չի գնում աշխատի, իմ տղան էլ է այդ հողում աշխատում: Նրանք սովոր են մուրացկանությամբ ապրուստ վաստակել, գալիս են Երեւանի մետրոներում փող են հավաքում:

Ինչ վերաբերում է մեկ պարկ ալյուրին, ասեմ, որ նա իմ բակում դրված, իմ սեփական ալյուրից է ուզում: Նա կարծում է, թե դա պետությունն է ինձ տվել, բայց դա իմ բերքն է, ես եմ ցանել, ես էլ հնձել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել