Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԲՐԱՅԶԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴՈՒՐՍ ՏԱԼԻՍ»

Օգոստոս 06,2008 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը մի քանի օր առաջ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ լրատվամիջոցներին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք պետք է որոշեն մարզի կարգավիճակը: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբաղցիները կարտահայտեն իրենց կամքը, իհարկե՝ բոլոր փախստականների վերադարձից հետո»,- մանրամասնել էր Բրայզան:

«Որեւէ հանրաքվեի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այդ քայլը կհանգեցնի Ղարաբաղի կորստին»,- ըստ PanARMENIAN.Net տեղեկատվական կայքի, այս մասին նախօրեին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Բրայզայի վերոհիշյալ արձանագրումը: Քաղաքագետի խոսքերով, չարժե ուշադրություն դարձնել Մեթյու Բրայզայի հայտարարությունների վրա: «Նա երբեմն այնպիսի հիմարություններ է դուրս տալիս, որ սկսում ես կասկածել՝ արդյո՞ք բարձրագույն կրթություն է ստացել, թե՞ նրան պարզապես նստեցրել են Պետդեպարտամենտում ինչ-որ բանի մասին խոսելու համար,- պատկերավորել է Գուլուզադեն՝ շարունակելով:- ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է Ադրբեջանի ղեկավարությանը ճանաչել տարածքների կորստի փաստն ու գնալ բացահայտ զիջումների, որոնցից մեկը հանդիսանում է համաձայնագրի ստորագրումը՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին: Այդպիսով, նրանք բոլորը ցանկանում են մի բան. անջատել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից հենց Ադրբեջանի ձեռքերով, քանի որ չկա այլ տարբերակ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու համար»: Գուլուզադեի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնարք է մշակվել: Ըստ այդմ, առաջարկվում է հանրաքվեի անցկացում ոչ թե Լեռնային Ղարաբաղին կից «օկուպացված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո, այլ, ասենք, մի 10-15 տարի անց: «Ցավոք, մեր կառավարության ներկայացուցիչներն էլ են խոսում 15 տարի անց կայանալիք հանրաքվեի մասին: Բայց դա կնշանակի Ադրբեջանի մի մասի ավտոմատ անջատումը, ինչն անընդունելի է: Սահմանադրությամբ՝ Ադրբեջանն ունիտար է, իսկ հիմնական օրենքի փոփոխությունը հնարավոր է երկրում հանրաքվե անցկացնելու միջոցով: Այս ամենը խաբեություն է ադրբեջանական հանրության նկատմամբ, իսկ ԼՂ-ի կարգավիճակը կարող է միայն մեկը լինել՝ Ադրբեջանի անբաժան մաս»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել